Խմբագրական

14.07.2014 12:25


Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Ֆուտբոլային խոշոր մրցաշարերին սկսել եմ հետևել 10 տարեկանից։ Դա 1984–ին էր, երբ տեղի էր ունենում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը (ինքս ութից մինչև տասնվեց տարեկան, փոքրիկ դադարներով, զբաղվել եմ ֆուտբոլով և միայն հանգամանքների բերումով մարզական կարիերա չարեցի)։

1984–ինը Ֆրանսիայի հավաքականի ավագ Միշել Պլատինիի առաջնությունն էր։

Հետո եղավ 1986–ը՝ Մեքսիկայում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անջնջելի հետք թողեց հիշողությանս մեջ՝ ստիպելով ֆուտբոլային անվերապահ լիդեր ճանաչել Դիեգո Մարադոնային, ինչպես նաև ստիպելով հասկանալ (համենայնդեպս, իմ տարեկիցներին, քանի որ մենք Ֆրանց Բեկենբաուեր և Հերտ Մյուլեր օբյեկտիվորեն չէինք տեսել), որ Գերմանիան, անկախ ամեն ինչից, միշտ «պինդ ընկույզ» է լինելու բոլորի համար, և որ պետք է երկրպագել առանձին անհատների խաղն ու Գերմանիայի հավաքականին։

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Բրազիլիայում կայացած աշխարհի այս առաջնությունն ամենադիտարժաններից էր 1986ից հետո տեղի ունեցած աշխարհի առաջնություններից։ Ճիշտ է, նախորդներում տեսել ենք փայլուն խաղեր ու փայլուն հավաքականներ, բայց այս առաջնությունը հետաքրքիր էր ընդհանուր առմամբ և դիտարժան էր իր հոլիվուդյան ֆիլմեր հիշեցնող սյուժեներով, անսպասելի զարգացումներով ու անկանխատեսելի արդյունքներով (եթե որևէ մեկը մեկ ամիս առաջ կկարողանար կանխատեսել, որ, օրինակ, Իտալիան ու Անգլիան դուրս չեն գա 1/8 փուլ, և այդ խմբից կշարունակեն մրցելույթները Կոստա Ռիկան և Ուրուգվայը, ապա այդ մարդուն կարելի է որպես ութոտնուկ պահել և ըստ նրա ասածների՝ խաղադրույքներ կատարել, կամ ո՞ւմ մտքով կանցներ, որ Իսպանիան առաջին իսկ խաղում այդպես ոչնչացվելու է, իսկ Բրազիլիան՝ կիսաեզրափակչում «փչացվելու»)։

Այս առաջնությունը բացահայտեց շատ հետաքրքիր մի բան. այն կարծրատիպը, թե միայն իտալացիները կարող են «Կատենաչո»՝ իդեալական պաշտպանական սխեմա կիրառել, ջարդվեց մինչև վերջ։ Կոստա Ռիկան, Արգենտինան, Հոլանդիան, Չիլին և Ուրուգվայը ցույց տվեցին, որ կարելի է այնպիսի փակ դուռ դնել սեփական դարպասի առաջ, որ, պատկերավոր ասած, հավքն իր թևով և օձն իր պորտով չանցնի։ Մասնավորապես, Արգենտինան ու Հոլանդիան աշխարհի առաջ հանդես եկան նոր իմիջով։ Այդ թիմերը, որ հայտնի են իրենց հարձակողական ֆուտբոլով, ներկայացան նաև որպես կազմակերպված պաշտպանություն ունեցող կոլեկտիվներ։ Սա յուրօրինակ կարծրատիպի ջարդ էր։

Ջարդվեց նաև բրազիլացիների շուրջ ստեղծված այն կարծրատիպը, թե մյուս թիմերը Բրազիլիային կարող են խփել՝ որքան կարող են, իսկ Բրազիլիան կխփի՝ որքան ուզում է։ Գերմանացիները ստիպեցին այլևս մոռանալ այդ կարծրատիպի մասին, քանզի իրենք Բրազիլիային խփեցին՝ որքան ուզեցան, իսկ բրազիլացիները կարողացան միայն Օսկարի անիմաստ գոլով պատասխանել։

Հաջորդ կարծրատիպն այն էր, որ եվրոպական թիմերը չեն կարող հաղթել Լատինական Ամերիկայում։ Գերմանացիները հակառակն ապացուցեին։

Միակ կարծրատիպը, որի մասին ժամանակին արտահայտվել է անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Հարի Լինեկերը, և որը վերաբերում է գերմանացիներին, մնաց անփոփոխ, այն է՝ ֆուտբոլ խաղում են բոլորը, բայց հաղթում են գերմանացիները (Լինեկերը բառացի չէր այսպես ասել, բայց միտքը սա էր)։

Այս առաջնությունը նաև «էպոխալ» կարելի է համարել։ Քանզի տեղի ունեցավ մոնստրների կոտորած. Իսպանիայի գերիշխանության ժամանակաշրջանն այլևս պատմություն է։

Իսպանիայի հավաքականն՝ իր բարսելոնյան «տիկի–տակա»–ով, 2008–ից սկսած՝ բոլորին տեռորի էր ենթարկում։ Խավի–Ինեստա կիսապաշտպանական դուետը քանդում էր բոլոր պատնեշները, ոչնչացնում բոլոր տիպի դիմադրությունները։ Եվ ով, եթե ոչ ֆուտբոլային նորարարության օրենսդիր հոլանդացիները պետք է մոնստրների կոտորած կազմակերպեին։

Խավի–Ինեստա վիրտուոզ զույգի «դարաշրջանն» ավարտվեց։ Այժմ եկել է Շվայնշտայգեր–Կրոս–Խեդիրա կարգապահ ու մարտական եռյակի ժամանակը։ Դաշտի կենտրոնն այլևս այլ տերեր ունի։

Թե որքան այս եռյակը կգերիշխի համաշխարհային ֆուտբոլում, դժվար է ասել։ Մեկ բան ակնհայտ է՝ մինչև նոր բան չմտածեն մյուս պետությունների հավաքականները, գերմանացիները կարգապահության և թիմային որակների հաշվին կպահպանեն իրենց դոմինանտ դերը։

Ինչպես Անգլիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդն է գրել իր միկրոբլոգում. «Բրազիլիան ունի Նեյմար, Պորտուգալիան՝ Ռոնալդու, Արգենտինան՝ Մեսսի, բայց Գերմանիան ունի թիմ»։

Այո՛, հեղինակությունների «մորթ» կազմակերպվեց թիմային խաղի շնորհիվ։ Գերմանիայի հավաքականը նման է բարձրորակ ռոք խմբի, որը ցնցում ու գլորում է բոլորին։

Գերմանիան Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում մյուս թիմերի հետ արեց այն, ինչ Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում անում էր Մյունխենի «Բավարիան» մյուս ակումբների հետ։ Պատահական չէ, որ «Բավարիան» ներկայացնող ֆուտբոլիստները տարբեր հավաքականների կազմում փայլեցին աշխարհի առաջնությունում։ Բացի Գերմանիայի հավաքականի անդամներից՝ որակյալ խաղ ցուցադրեցին նաև «մյունխենցիներ» Արիեն Ռոբենը Հոլանդիայի կազմում (ով, ըստ իս, այս առաջնության լավագույն խաղացողն է), Մանդժուկիչը՝ խորվաթների թիմում, ինչպես նաև Շաքիրին՝ Շվեյցարիայի հավաքականում։ Բացառություն էր միայն «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դանթեն, ով իր բրազիլացի թիմակիցների հետ միասին չդիմացավ գերմանական «դռայվին»։

Ի դեպ, Գերմանիան մարտավարական նոր բան, մեծ հաշվով, չառաջարկեց (թերևս միայն Շուրլեի աջից ու ձախից կազմակերպվող «մահացու» անցումներն ու փոխանցումները, ինչպես նաև կիսապաշտպանական գծի մոբիլ կապը պաշտպանական ու հարձակման օղակների հետ, բայց սրանք նորամուծություններ չէին, այլ կատարելության հասցված ֆուտբոլային հայտնի սխեմաներ)։

Գերմանիայի հաղթանակը համառության, աշխատասիրության, թիմային ոգու և կամային հատկությունների արդյունք է։ Տաղանդավոր մարզիչ Լյովը ցույց տվեց, որ եթե մարդն իր առջև նպատակ է դնում և հետևողականորեն գնում է այդ նպատակի հետևից, ապա հնարավոր է լինում հասնել հաղթանակի։ Սա այն դեպքն է, երբ հանգիստ կարելի է հաղթանակի թիվ մեկ կերտող նշել մարզչին։

Գերմանիայի այս հավաքականը, Լյովի գլխավորությամբ, 2006–ից սկսած՝ գնում էր հաղթանակի հետևից։ Գնում էր առանց հիասթափության և առանց հետ նայելու։ Թիմի խաղը վերջին ութ տարիների ընթացքում այնքան հղկվեց, որ հասցվեց բարձր մակարդակի։ Ու այնպիսի խաղային մոդել էր ընտրվել, որ ինչպիսի դետալ էլ փոխեիր այդ մոդելում, միևնույն է, կաշխատեր։ Այս առումով ուշագրավ են Գերմանիայի կիսապաշտպանական գծի որակները։ Հենակետային կիսապաշտպանների մի քանի տարբերակ էր կիրառում Լյովը, բայց սխեման նույն ձևով աշխատում էր։

Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի թիմակից Մարկո Ռոյսը մերոնց հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով դուրս մնաց տոնախմբությունից։ Սա կարող էր լինել նրա առաջնությունը, քանզի Գերմանիայի հավաքականում միայն Ռոյսին էր թույլատրված ու վերապահված «ազատ նկարչի» ֆունկցիան։

Եվ այսպես, Գերմանիայի հաղթանակով համաշխարհային ֆուտբոլն անցումային փուլ մտավ։ Անցումային, քանզի այնպես չէ, որ այս Գերմանիան, ինչպես Արգենտինան 1986–ին, Բրազիլիան 2002–ին կամ Իսպանիան 2010–ին, մի գլուխ բարձր է իր հիմնական մրցակիցներից ու համարվում է անվերապահ առաջատար։ Գերմանիան հաղթեց վերը նշված որակների շնորհիվ, որոնցից ուներ նաև Հոլանդիան։ Այսինքն, նույն հաջողությամբ կարող էր Հոլանդիան դուրս գալ եզրափակիչ և դառնալ աշխարհի չեմպիոն, եթե լավ իրացներ տասնմեկմետրանոցները արգենտինացիների հետ մրցամարտում։

Հիմա անցումային փուլ է նաև այն պատճառով, որ հեղինակությունները «մորթված» են, կարծրատիպերը՝ ջարդված, մոնստրները՝ կոտորված։ Ստեղծվում են նոր հեղինակություններ, առաջանում են նոր կարծրատիպեր, և ի հայտ են գալիս նոր մոնստրներ։ Կեցցե՛ ֆուտբոլը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը