Կարծիք

01.07.2014 14:51


Մերի Մովսիսյան. «Եվ նորից վերադարձ Գեղամյանի հայտարարությանը և Սարգսյանի հանձնողական քաղաքականությանը»

Մերի Մովսիսյան. «Եվ նորից վերադարձ Գեղամյանի հայտարարությանը և Սարգսյանի հանձնողական քաղաքականությանը»

Գեղամյանի հայտարարություններն առ այն, որ ողջունվում է Ադրբեջանի մուտքը ԵՏՄ Հայաստանի կողմից, և որ դրա հետևանքով կլուծվի Արցախի հարցը, կարելի է ասել, հաստատում են այն փաստը, որ Սարգսյանն ինչ–որ կասկածելի գործարքի մեջ է մտել ռուսների հետ, կամ էլ այն աստիճան «տշած» վիճակում է հայտնվել, որ ռուսները մեզ հետ հաշվի նստելու ոչ մի կարիք չունեն, և տեսնելով, որ այստեղ պետական մակարդակով ծպտուն հանող չկա, մեր անվտանգության ու Արցախի հաշվին արագ տեմպերով գնում են մերձեցման Ադրբեջանի հետ։ Բացի դրանից, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հարցազրույցներից մեկում նշել է, որ հավաստի տվյալներ ունի, որոնց համաձայն՝ Բաքվի և Մոսկվայի միջև ընթանում են գաղտնի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ» շրջաններից երեքը՝ Աղդամը, Ֆիզուլին և Ջաբրայիլը, Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

Իհարկե, ադրբեջանցի փորձագետի հայտարարությունները չպետք է միանշանակ ընդունվեն, սակայն մեր երկրի՝ վերին մակարդակով հանձնողների հայտարարություններից դատելով՝ նման բան ավելի քան հնարավոր է։ Եթե առաջ ԵՏՄ հիմնադիր երեք պետություններից միայն Ղազախստանն էր ցանկություն հայտնում Ադրբեջանին այնտեղ տեսնել, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը չեզոք դիրքում էին, ապա այսօր Ռուսաստանն էլ, որն, ի դեպ, բավականին մեծ կշիռ ունի երեք հիմնադիր պետությունների մեջ, ամենաբարձր մակարդակներով նման հայտարարություններ է անում։ Օրինակ՝ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին կարևոր է, և որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կլավացներ ռուս–ադրբեջանական հարաբերությունները։
Ինչպես տեսնում ենք, ռուսական դիսկուրսը փոխվել է, և ոչ հօգուտ մեզ։ Դրա մեղավորն էլ միմիայն իրեն երկրի նախագահ հռչակած Սերժ Սարգսյանն է։
Հիմա անդրադարձ Արցախին։ Առաջին հերթին Արցախը պետք է անհապաղ բանակցային կողմ դառնա, քանի դեռ բանը բանից չի անցել։ Երկրորդ՝ Արցախը պետք է քաղաքական նոտա հղի պաշտոնական Երևանին, որ վերջինն իր գործողություններով չփորձի շարունակել վտանգի տակ դնել հայ ժողովրդի անվտանգությունը։

Քանի Սարգսյանը սեփական աթոռը պահելու «կռիվ է» տալիս՝ ստորանալով ռուսների մոտ ու ստորացնելով սեփական ժողովրդին, Արցախում անմիջապես զգում են դրա պտուղները սեփական մաշկի վրա։ Ի դեպ, հիմա էլ՝ արդեն Հայաստանը։ Քանի դեռ պետական իշխանությունը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, այդքան սպառնալիքներով լի է լինելու հայության ամեն մի օրը։ Եթե հանկարծ լարվածությունը վերաճի ռազմական գործողությունների, ապա տուժելու է ողջ հայությունը։ Առաջին հերթին արտագաղթն ավելի կմեծանա, իսկ դա բավականին լուրջ խնդիրներ է ստեղծելու Սփյուռքի համար։ Հետևապես, պետք է օր առաջ ձեռնամուխ լինել երկրում արմատական համակարգային փոփոխությունների, որը նաև ենթադրում է կառավարող էլիտայի փոփոխություն։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը