Հարցազրույց

31.08.2009 18:17


Անահիտ Բախշյան.

Անահիտ Բախշյան.

Հարցազրույց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի հետ

-Հանրակրթական ոլորտի նշանակության մասին ամեն ինչ ասվել, գրվել ու քննարկվել է։ Սակայն այս բնագավառում, չնայած տարբեր պետական և միջազգային ծրագրերի իրականացմանը,  խնդիրները լուծվելու փոխարեն կարծես տարեցտարի ավելանում են։ Ին՞չն է պատճառը։

-Նախ՝ շնորհակալ եմ այն հնարավորության համար, որ ձեր միջոցով կարող եմ շնորհավորել մեր երկրի բոլոր դպրոցականներին, ուսանողներին նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ։ Ինչ է վերաբերում է խնդիրներին, որոնք մասնավորապես ծառացած են հանրակրթության առջև, ապա պետք է ասել, որ դրանք շատ-շատ բազմապիսի և տարատեսակ են։

-Հատկապես ո՞ր խնդիրները կառանձնացնեիք։

-Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիր։ Դա այն հզոր ռազմավարական ծրագիրը պետք է լիներ, որը կնախանշեր կրթության զարգացման տեսլականը։ Այսօր մենք արդեն ունենք հանրկրթության մասին օրենք, որտեղ հղում է կատարվում այդ զարգացման ծրագրին, և որտեղ ասվում է, որ հանրակրթությունը պետք է զարգացվի այդ հանրակրթության հիման վրա։ Սակայն այդ ծրագիրը չկա։ Դա շատ մեծ բաց է։ Ցանկացած ոլորտի տեսլական պետության կողմից պետք է ամրագրվի։ Ունենք օրենք, սակայն այդ օրենքում եղած կարգերը, որոնք պետք է ընդունվեն կառավարության կողմից, չեն կարող լինել առանց պետական ծրագրի։ Երկրորդ՝ որքան էլ որ «Հանրակրթության մասին» օրենքն իր մեջ սկզբունքային լուրջ կետեր է ամրագրում և սահմանում, այնուամենայնիվ, ես ունեմ մտավախություն, որ այդ սկզբունքներն իրականացնելու համար քաղաքական կամք դեռևս դրսևորված չէ։ Իսկ քաղաքական այդ կամքի ամենամեծ դրսևորումը ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրն է։ Մեր երկրում կրթության արդյունավետության գնահատումը լուրջ բացթողում է։ Կրթության պատվիրողը՝ ի դեմս կրթության նախարարության, կա, սակայն կրթության արդյունավետությունը գնահատող անկախ մարմին չունենք։

-Որպես կանոն՝ մենք մեր մրցակցային առավելություններից մեկը համարում ենք ազգի կրթվածության բարձր մակարդակը։ Միգուցե խորհրդային տարիներին դա այդպես էր։ Այսօր այդ հանգամանքով կարո՞ղ ենք հպարտանալ։

-Ցավոք սրտի, ոչ միայն չենք կարող հպարտանալ, այլև ամրագրում ենք, որ մեր կրթական համակարգն ու կրթական ներուժն անկում  է ապրում։ Դա փաստ է։ Ի տարբերություն խորհրդային տարիների, որի փակ համակարգն ու պետական քաղաքականության հիմքում դրված կրթական մեխանիզմները միմյանց փոխլրացնում էին, այսօր՝ նոր հասարակարգում, կրթությունը զարգացնող մեխանիզմներ կարծես ներդնում ենք, բայց արդյունավետության առումով մենք տանուլ ենք տալիս։

-Բոլոնյան համաձայնագրին և միջազգային հեղինակավոր այլ ծրագրերին մասնակցություն, խոշոր վարկերի ստացում և այլն։ Այս ամենն ինչո՞ւ ցանկալի արդյունք չի տալիս։

-Որովհետև կրթության արդյունավետությունը գնահատելու կամ դրան հասնելու համար պետք է պետության մեջ լինի մի անկախ մարմին՝ կրթության աուդիտոր, որը պարբերաբար պետք է հետևի կրթության որակին, գնահատի այն և հրապարակի արդյունքները։ Հանրությունը պետք է իմանա, թե որ դպրոցն ինչ վարկանիշ ունի։ Այս բացը կարելի է լրացնել, եթե Գիտելիքների թեստավորման կենտրոնին տրվի անկախ կարգավիճակ։ Այսինքն, կրթության քաղաքականությունը կազմակերպի նախարարությունը, իսկ դրա արդյունավետությունը գնահատի Գիտելիքների թեստավորման կենտրոնը։

-Մեկ այլ խնդիր, որը կարծես պատուհաս է դարձել ծնողների համար, դպրոցներում ցանկացած պատրվակով փող հավաքելու երևույթն է։ Նախարարությունն ասում է, որ կոնկրետ ահազանգերի դեպքում կարող է ինչ-որ բան ձեռնարկել, իսկ ծնողները վախենում են բողոքել՝ վախենալով դպրոցի տնօրենի կամ ուսուցիչների վրեժից։ Ինչո՞ւ այս հարցը լուծում չի ստանում։

-Հանրակրթության մասին օրենքը, որն արդեն ուժի մեջ է դպրոցից, պահանջում է յուրաքանչյուր ծնողի հետ ունենալ պայմանագիր։ Այդ պայմանագրում հստակ պետք է նշվեն դպրոցի և ծնողի պարտականություններն ու իրավունքները։ Կարծում եմ՝ այդտեղ առանձին տողով նախարարությունը պետք է նշի, թե որոնք են վճարովի ծառայությունները։ Ըստ օրենքի՝ դպրոցը պարտավոր է վճարովի ծառայություններ մատուցել որոշակի գումարների դիմաց։ Եվ եթե դա պայմանագրով է, և ծնողը համաձայն է վճարովի ծառայությունների դիմելու, ուրեմն դրանից շեղում չի կարող լինել։ Այդտեղ չի գրվի, թե վերջին զանգի համար ինչեր են անելու և այլն, և այլն...

-Հայաստանում հանրակրթական ուսումն անվճար չէ՞...

-Հայաստանում ուսումն անվճար է։ Ուսումը հանրակրթական դպրոցներում երկու բաժին ունի։ Առաջին՝ մեկը դասացուցակի բաժինն է, որը պետությունն անվճար է մատուցում, մյուսը դասացուցակից դուրս գտնվող մասն է, որը դպրոցը պարտավոր է մատուցել, եթե ծնողի և դպրոցի միջև կա պայմանագիր։ Պետությունը վճարում է միայն ուսումնական պլանի համար։

-Ի՞նչ կմաղթեիք մեր ուսուցիչներին։

-Թող մեր ուսուցիչները նախ առողջ լինեն։ Երկրորդ՝ թող նրանք իրենց հոգիներում, ուղեղներում փոփոխություններ կատարեն։ Եվ մաղթում եմ, որ այդ փոփոխությունները բերեն հոգևոր բավարարվածության այն աստիճանին, որին ձգտում է յուրաքանչյուր ուսուցիչ։ Ամեն ուսուցիչ ուզում է այդ օրը բավարարված զգալ իրեն, որ հաջողվեց երեխաների հոգիները թափանցել, նրանց տալ իրենց ուզածը։ Այդ բավարարվածությունն ուսուցչի համար շատ կարևոր է։ Թող մեր բոլոր ուսուցիչներն այդ զգացողությունն ունենան։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը 

Այս խորագրի վերջին նյութերը