Հարցազրույց

27.08.2009 18:22


Ստեփան Մարգարյան

Ստեփան Մարգարյան

Հարցազրույց «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ

- Հավանաբար տեղյակ եք, որ հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը: Ի՞նչ է այս ամենը նշանակում։

-Ճիշտն ասած, սա ինձ համար նոր բան չէ։ 90-ականների կեսերին մասնավոր զրույցներում Վրաստանի պաշտոնյաների կողմից լսել եմ նման բան։ Այն ժամանակ ես աշխատում էի Հատուկ ծրագրերի վարչությունում, և ինձ վրացի պաշտոնյաները կոնկրետ ասել էին, թե իբր խորհրդային տարիներին Հայաստանը 2 կմ սահմանը հետ է տարել դեպի Վրաստան։ Երբ ես հարցնում էի՝ կոնկրետ ե՞րբ, որևէ մեկը չէր կարողանում ինչ-որ բան ասել։ Այնուհետև ես այս հարցով սկսեցի հետաքրքրվել տեղում՝ գյուղերում։ Հայաստանի կողմից Բավրա գյուղն է, Վրաստանի կողմից՝ Ժդանովականը։ Գյուղացիներից որևէ մեկը (համենայնդեպս, ում հետ որ ես կարողացա զրուցել) չէր հիշում այնպիսի բան, որ ենթադրենք՝ այս մի գյուղի տարածքը տված կամ տրամադրած լինեն մյուս գյուղին։ Եթե խորհրդային տարիներին նման բան եղել է, ապա այդ սերունդը պետք է հիշեր։ Իսկ եթե չէր հիշում, նշանակում է, որ եթե նույնիսկ նման բան եղել է, ապա դա շատ վաղուց է տեղի ունեցել։ Այսինքն, մեծահասակներից ոչ մեկը նման բան չէր հիշում։ Ուզում եմ ասել, որ խոսակցությունը նոր չէ։

-Վրացական կողմը խոսում է 1947թ. հայ-վրացական ինչ-որ պայմանագրի մասին՝ համաձայն որի նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: Դուք նման պայմանգրից տեղյա՞կ եք։

-Ճիշտն ասած, նման պայմանգրի մասին ես չեմ լսել։ Սակայն երբ ես նախկինում այս խնդրի շուրջ զրուցել եմ վրացի պաշտոնյաների հետ, նրանք ոչ մի հղում չեն կատարել, որևէ աղբյուր չեն նշել։ Նրանք ուղղակի ասել են, որ Հայաստանը հենց այնպես վերցրել ու սահմանը տարել է։ Թե ո՞նց տարավ, ո՞նց դա իրականացրեց, ոչ ոք ոչինչ չէր կարողանում ասել։ Ի վերջո, սահմանի ամեն մի հատվածում այն ժամանակ կոլխոզներ ու սովխոզներ էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հողն ու անգիր գիտեր սահմանի ամեն հատվածն ու անգամ հողակտորների անվանումները։

-Ինչո՞ւ այս հարցը, կրկին Վրաստանի կողմից, հատկապես հիմա  բարձրացվեց։

-Անկեղծ ասած, ես չէի ցանկանա այստեղ որևէ դիտավորություն տեսնել։ Իսկ դիտավորությունը կարող է լինել հետևյալում. սահմանի երկու կողմում էլ հայաբնակ գյուղեր են։ Բացի այդ, սահմանագծման հանձնաժողովը դեռևս իր աշխատանքները չի վերջացրել։ Այսինքն, վրացական կողմը կարող էր սպասել, թե, ի վերջո, երբ սահմանագծման հանձնաժողովը կվերջացներ իր աշխատանքները և կտար իր եզրակացությունը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ խորհրդային տարիների ինչ-որ մի հատվածում նման բան է տեղի ունեցել, ապա այն այսքան տարիներ մնացել է այս ձևով։ Է՜, թող այս կամ հաջորդ տարի էլ նույն ձևով իրավիճակը մնար, քանի որ այս խնդիրը մոտ ապագայում, իմ կարծիքով, իր լուծումը կստանա։ Սահմանների մեծ մասն արդեն սահմանազատված է. մնացել են փոքր հատվածներ։ Ինչո՞ւ է Վրաստանը հիմա բարձացնում այս հարցը։

-Փորձենք հենց այդ «ինչո՞ւ»-ին պատասխանել։

-Արդեն հետխորհրդային շրջանում՝ 90-ական թթ., մեր սահմանի վերաբերյալ խոսակցություններն ավելի ակտիվ էին Ջիլիզայի հատվածի մասով։ Գյուղացիներից յուրաքանչյուրն անտառի եզրն իր  սահմանն էր համարել։ Եվ եթե անտառը շատ էին կտրում, մեկի տարածքն էր մեծանում, եթե անտառը շատ էր աճում, մյուսինը քչանում էր։ Այսինքն, գյուղացիների շրջանում անորոշությունը Ջիլիզայի հատվածում կար։ Ջավախքի պարագայում նման անորոշություն երբևէ չի եղել։ Դրա համար էլ ինձ անհանգստացնում է այն, որ հիմա հանկարծ ինչ-որ վրացի սահմանապահներ՝ ինքնագլուխ կամ ավելի բարձր մակարդակների իմացությամբ, գալիս և բարձրացնում են հայ-վրացական սահմանի հարցը։

-Տեղի ունեցած միջադեպը կարո՞ղ ենք դիտարկել  Ջավախքի խնդիրների համատեքստում։

-Անկեղծ ասած, չեմ կարողանում հասկանալ... Իսկ հարցը, կրկնում եմ, անհանգստացնող է նրա համար, որ երկու կողմում էլ հայեր են։ Իսկ հողը և՛ Բավրայի բնակչության, գյուղացիների համար, և՛ Ժդանովականի ժողովրդի համար եկամտի միակ և, ցավոք սրտի, չնչին աղբյուրն է։ Եվ չնայած սահմանի երկու կողմում էլ հայեր են, սակայն հնարավոր է, չէ՞, որ հանկարծ ու միմյանց նկատմամբ դժգոհություններ առաջանան։ Կարծում եմ, որ սա շատ նուրբ հարց է, և դրա համար եմ ուզում հուսալ, որ վրացական կողմի այս քայլի մեջ ոչ մի դիտավորություն չկա։

-Արդեն կարծես նման իրավիճակների համար հռետորական հարց. ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները։

-Մեր իշխանություններն առաջին հերթին պետք է տարակուսանք ու զարմանք հայտնեն, որ վրացի սահմանապահների նախաձեռնությամբ նման միջադեպ է տեղի ունեցել։ Ի՞նչ է նշանակում գալ կանգնել գյուղացիների գլխին, արգելել մշակել հողը՝ ասելով, թե դա իրենց տարածքը չէ, այն դեպքում, երբ, նորից եմ կրկնում, սահմանագծման հանձնաժողովը լուծարված չէ և իր աշխատանքները շարունակում է։ Իսկ այս հարցը կարող էր լուծվել հանձնաժողովի մակարդակով։ Ունեին սահմանների վերաբերյալ կասկածներ, թող դիմեին հանձնաժողովին, այլ ոչ թե ինչ-որ բան ձեռնարկեին սահմանապահների մակարդակով։ Այս առումով Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է տարակուսանք հայտնեն։ Մյուս կողմից, շատ նրբորեն պետք է ակտիվացնել աշխատանքները։ Այս հատվածում հարցը շատ լուրջ է. սահմանի երկու կողմում էլ հայեր են։

-Այսինքն, լռելը, չարձագանքելը, հայտարարելը, թե ոչ մի լուրջ բան չկա և ամեն ինչ շուտով կհարթվի, հղի է լուրջ հետևանքներո՞վ։

-Չեմ կարծում, որ պետք է լռել։ Հարցը պետք է բարձրացվի։ Գոնե դեսպանատունը պետք է ինչ-որ ձևով իր տարակուսանքը հայտնի։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը