Հարցազրույց

19.08.2009 18:54


Արա Նռանյան.

Արա Նռանյան.

 Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հետ

-Որքանո՞վ են հիմնավորված Հայաստանի տնտեսության ներկա վիճակին տրվող կառավարության անդամների, պետական պաշտոնյաների գնահատականները։ Մասնավորապես վարչապետը արձանագրվող անկումը բացառապես կապում է միջազգային ճգնաժամի հետ։

-Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ունի կառուցվածքային և համակարգային լուրջ պրոբլեմներ: Եթե 1990-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին իրականացվող քաղաքականությունն ուներ որոշակի հիմնավորվածություն, քանի որ կրում էր վերականգնողական բնույթ, ապա հետագայում այդ քաղաքականությունը կարիք ուներ լուրջ վերանայման: 1990-ականների առաջին կեսին մենք ունեցանք տնտեսության աննախադեպ անկում, որն ուներ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Այնուհետև բնական էր, որ նախ և առաջ վերականգնման պետք է ենթարկվեին ենթակառուցվածքները՝ ճանապարհները, տրանսորտային համակարգը, կապը և այլն, ոտքի կանգնեց գյուղատնտեսությունը, երկրում վերականգնվեց սննդի արդյունաբերությունը և այլն: Սակայն դեռևս 2004-2005թթ. արդեն պարզ էր, որ տնտեսական աճի առկա ռեսուրսները սպառվում են, և մի քանի տարի հետո մենք կունենանք լուրջ տնտեսական հիմնախնդիրներ: Այդ մասին ՀՅԴ-ն նշել էր իր կողմից առաջարկվող և դեռևս 2005-ին հրապարակված Արտահանման խրախուսման ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգում: Մեր տնտեսական լուրջ  հիմնախնդիրների շարքում կարելի է նշել թե՛ տնտեսական աճի որակը, երբ այդ երկնիշ աճին մենք հասնում էինք բացառապես մեկ-երկու ճյուղերի աշխատանքի հաշվին (շինարարություն և ադամանդագործություն, որին վերջին տարիներին փոխարինեց հանքարդյունաբերությունը), թե՛ առևտրային ահռելի բացասական հաշվեկշիռը, երբ ներմուծումը գերազանցում է արտահանումը ավելի քան 4 անգամ, թե՛ փաստացի բացակայող արտահանումը, մենաշնորհների գործունեությունը և տնտեսական մրցակցության ցածր մակարդակը, տեղական արտադրանքի ցածր մրցունակությունը, ուժեղ տարադրամի պարագայում ներմուծման պրեսսինգը, կոռուպցիան և հովանավորչությունը, աշխատանքային արտագաղթը և այլն: Հայաստանում ձևավորվել էր տնտեսություն, որը մեծապես կախված էր մասնավոր տրանսֆերտներից, իսկ տնտեսական աճը ապահովվում էր շինարարության հաշվին: Այս դեֆորմացված պատկերն իրականություն է, որն այլևս ոչ ոք չի ժխտում: Նույնիսկ վարչապետը վերջերս հայտարարեց, որ մեր առջև կանգնած լրջագույն մարտահրավերներից է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը:

Եվ այս ամբողջ պատկերին եկավ ու գումարվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն ապացուցեց, թե որքան խոցելի է մեր երկրի տնտեսությունը: Եվ մենք փաստացի ամենամեծ անկումը ունեցանք այն ոլորտներում, որոնց վրա դրել էինք մեր տնտեսության շարժիչ ուժի ֆունկցիան՝ շինարարությունն ու հանքարդյունաբերությունը: Ամբողջությամբ ձևավորելով ներմուծումից կախված տնտեսություն՝ մենք նույնիսկ ի վիճակի չեղանք ապահովել այս համակարգի գործունեությունը և մասնավոր տրանսֆերտների նվազման պայմաններում ունեցանք արտարժույթի պակասուրդ, որը ստիպեց մարտի 3-ին իրականացնել «լողացող կուրս» գրոհային օպերացիան: Իսկ այսօր այդ պակասուրդը փաստացի դադարած արտահանման պայմաններում հնարավոր եղավ լրացնել բացառապես արտաքին ներարկումների շնորհիվ:

Հետևաբար, մեր տնտեսական խնդիրներն ավելի խորքային են, և տնտեսական ճգնաժամն ուղղակի սրեց այն բոլոր պրոբլեմները, որոնք ունեինք։ Ճգնաժամն օգնեց բացահայտել իրականացվող քաղաքականության սնանկությունը:

Իսկ այն, որ պաշտոնյաները մեր բոլոր պրոբլեմները կապում են բացառապես տնտեսական ճգնաժամի հետ, ունի մի պարզ բացատրություն, որի մասին մեկ այլ առիթով արդեն ասել ենք. ցավոք սրտի, մեր հասարակությունում և պետական համակարգում ընդունված չէ ընդունել սեփական սխալները, սեփական բացթողումները, ձևավորվել է մեղքը ուրիշի մեջ փնտրելու սովորություն: Այս սովորույթը լուրջ խոչընդոտ է թե՛ մեր պետության, թե՛ ամբողջ հասարակության զարգացման համար: Միայն սխալներն ընդունելու և բացթողումները գիտակցելու պարագայում կարելի է ակնկալել դրանց լուծումը:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է երկրի տնտեսության իրական պատկերը. մինչև տարեվերջ ՀՆԱ-ի ինչպիսի՞ ցուցանիշ կունենանք։

-Տարիներ շարունակ հպարտանալով ռեկորդային երկնիշ տնտեսական աճով՝ մենք այսօր ունենք ամենամեծ անկումներից: Սա մեր տնտեսական աճի ճյուղային կառուցվածքի և անարդյունավետ տնտեսական համակարգի լավագույն վկայությունն է: Եվ այս պարագայում այնքան էլ էական չէ՝ մենք կունենանք 10% անկո՞ւմ, թե՞ այն կգերազանցի 16%-ը՝ հասնելով 20-ի: Ինձ համար ավելի կարևոր է, թե ինչ ենք մենք անում տնտեսական քաղաքականության բարեփոխման և ազգային տնտեսություն կառուցելու ուղղությամբ: Չէ՞ որ ներկա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լավագույն առիթն է ձերբազատվել նեոլիբերալ դոգմաներից և կառուցել իրական ազգային տնտեսություն:

-Կառավարությանը որևէ կերպ հաջողվու՞մ է զսպել տնտեսական անկման խորացումը։

-Այս պահին աշխարհի մի շարք խոշոր տնտեսություններում արձանագրվում է անկման տեմպերի դանդաղում, իսկ որոշ երկրներում նույնիսկ արձանագրվում է տնտեսական աճ: Ես հեռու եմ այս երևույթը տնտեսական վերելքի փուլ անվանելուց, քանի որ այս երևույթն ունի հստակ պատճառ՝ կառավարությունները լուրջ ներարկումներ են կատարել տնտեսությունում՝ խթանելով համախառն պահանջարկը: Մեր կառավարությունն արտաքին աղբյուրներից ստանալով համապատասխան ռեսուրսներ՝ նույնպես փորձում է մեղմել ճգնաժամի բացասական հետևանքը մեր տնտեսության վրա: Սակայն թե՛ մեզ մոտ, թե՛ այլ երկրներում այս ամենը ժամանակավոր երևույթներ են: Ճգնաժամը հարց բարձրացրեց առկա համաշխարհային ֆինանսական և տնտեսական համակարգի բարեփոխման վերաբերյալ: Բոլորովին պատահական չէ, որ ձայներ են լսվում միջազգային ֆինանսական հաստատությունների բարեփոխման վերաբերյալ: Բուռն քննարկումներ են ընթանում միջազգային ազատ առևտուրը կանոնակարգող նոր փաստաթղթի ստորագրման շուրջ, որը լավատեսական սցենարով կստորագրվի 2010թ.: Այս ամենը շանս է նաև մեզ՝ վերաիմաստավորելու թե՛ մեր անցած ուղին, թե՛ այսօր իշխող տնտեսական գաղափարախոսությունը, թե՛, իհարկե, ընթացիկ տնտեսական քաղաքականությունը: Եթե մենք այս ամենն արեցինք, ապա կարելի է ասել, որ ճգնաժամից մենք դուրս կգանք հաղթանակած:

-2009թ. բյուջեն հաստատվեց նախորդ տարվա նոյեմբերի վերջին, երբ արդեն հստակ խոսվում էր միջազգային ճգնաժամի անխուսափելի հետևանքների մասին։ Բյուջեով կանխատեսված էր ՀՆԱ 9% աճ. այն որակվեց հավակնոտ։ 2009թ. առաջին 6 ամիսների կտրվածքով արձանագրվել է 16.3% անկում։ Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ ոչ միայն կառավարությունն էր անհեռատես, այլև ԱԺ-ն, որը և հաստատեց 2009թ. «հավակնոտ» բյուջեն։ Եվ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը 2009թ. բյուջեի հաստատման ժամանակ ինչպե՞ս էր քվեարկել։

-Այն ժամանակ որևէ մեկն աշխարհում, այդ թվում' Հայաստանում, ի վիճակի չէր կանխատեսել 2009թ. զարգացումները և համաշխարհային տնտեսության անկման տեմպերը: Նույնիսկ այսօր աշխարհում չկա հստակ կարծիք այս ամենի ավարտի վերաբերյալ: Հատկապես եթե նկատի ունենանք, որ երևույթը տարբերվում է նախկինում կապիտալիստական աշխարհին բնորոշ ճգնաժամերից և ունի համակարգային բնույթ: Մենք քվեարկեցինք պետական բյուջեին, սակայն միաժամանակ ներկայացրեցինք մեր կանխատեսումները, ինչպես նաև այն ռիսկերը, որոնք տեսնում էին նման պայմաններում:

ՀՀ վարչապետին ներկայացված մեր գրավոր դիտողությունները վերաբերում էին աճի 9.2% ռիսկային ցուցանիշին, բյուջեի՝ նախորդ տարիների իներցիայով ձևավորված լինելու հանգամանքին, եկամուտների հավաքագրման բարձր աստիճանին, բյուջետային դեֆիցիտի ցածր աստիճանին, բնակչության իրական եկամուտների բարձրացման, տնտեսական աճի դիվերսիֆիկացիային, կենսապահովման նվազագույն զամբյուղի հիման վրա աղքատության շեմի սահմանմանը, ազգային արտադրողին աջակցությանը, իրականացվող դրամավարկային քաղաքականության և դրամի բարձր փոխարժեքին, տնտեսական մրցակցության ապահովման քաղաքականությունից դեպի հակամենաշնորհային քաղաքականության անցմանը և այլն:

Կառավարությունն ընդունեց մեր կողմից առաջարկվող մի շարք զարգացման առաջարկներ, սակայն զերծ մնաց համակարգային բնույթի առաջարկությունների գործադրումից: Մենք ներկայացրեցինք նաև մի շարք առաջարկություններ ՀՀ նախագահի կողմից հրավիրված քաղաքական քննարկումների ժամանակ, մասնավորապես' վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսության աջակցության, ներմուծումը փոխարինող հայրենական արտադրության խթանման և տարադրամի պակասուրդի նվազեցման վերաբերյալ և այլն:

Մեր առաջարկությունների իրացման անհրաժեշտությունն ու հրատապությունը ակնհայտ դարձավ, երբ հաջորդող ամիսներին արդեն ավելի հստակեցվեցին 2009թ. զարգացումները: Սակայն կառավարությունը մերժեց այդ քայլերի իրագործումը, ինչը մեզ թույլ տվեց ենթադրել, որ կառավարությունը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ցանկություն չունի լրջագույն կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Այս ամենը հաստատում է նաև կառավարության հրապարակած հաշվետվությունը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման վերաբերյալ: Այդ հաշվետվությունը բաղկացած է հիմնականում նախկինում ծրագրված միջոցառումներից, իսկ մի շարք կարևորագույն ոլորտներում տեղաշարժ այդպես էլ չկա: Ըստ էության կառավարությունն այսօր չունի հակաճգնաժամային առանձին քաղաքականություն: Ամբողջ գործունեությունն ուղղված է արտաքին միջոցներով դեֆիցիտի համալրմանը և 2009թ. պետական բյուջեի ծախսային մասի կատարմանը, ինչը, անշուշտ, շատ կարևոր է և ողջունելի, սակայն ոչ բավարար. արմատական փոփոխություններ մեր տնտեսական քաղաքականության և տնտեսության կառուցվածքում ակնկալել նման դեպքում հնարավոր չէ: Համոզված եմ, որ կառավարությունը ոչ միայն բոլոր մեղքերը բարդում է ճգնաժամի և այլ երկրներում անկումի վրա, այլ նաև իր հույսն է ամբողջությամբ դրել զարգացած երկրներում անկման հաղթահարման և աճի սկզբի վրա: Պարզ է, որ դրական միտումները ամբողջ աշխարհում կազդեն նաև մեր երկրի վրա, սակայն դրանից հետո կառավարությունը կվերադառնա իր նախընտրած ուղուն՝ մենաշնորհներ և ներմուծման խրախուսում, մասնավոր տրանսֆերտների վրա հիմնված սպառում և շինարարության խրախուսում՝ որպես տնտեսական աճի ցուցանիշի հիմնական «դիզայներ»: Այսինքն, մենք չենք օգտվի ճգնաժամի և անցումային փուլի հնարավորությունից և կվերադառնանք մեր նույն իրավիճակին:

-Կոալիցիայից դուրս գալուց հետո տնտեսական քաղաքականության, կառավարության գործունեության առումով  ՀՅԴ դիրքորոշման մեջ վերանայումներ կլինե՞ն, թե՞ ոչ։

-Մեր դիրքորոշումները տնտեսական քաղաքականության վերաբերյալ մենք ներկայացրել ենք նաև նախկին տարիներին՝ հանդիսանալով կոալիցիայի անդամ: Մեր քննադատությունը ներկայիս տնտեսական համակարգի հասցեին հնչել է բազմիցս: Սակայն այսօր մենք այլևս կաշկանդված չենք մեր՝ կոալիցիայի անդամ լինելու հանգամանքով և շարունակելու ենք մեր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական քաղաքականության կյանքում: Հատկապես եթե նկատի ունենանք մեր խորին համոզումը, որ առանց տնտեսական քաղաքականության արմատական փոփոխության, առանց իրական ազգային տնտեսություն կառուցելու մենք չենք կարող լուծել նաև մեր պետության առջև կանգնած կարևորագույն քաղաքական խնդիրները:

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը