Հարցազրույց

18.08.2009 18:58


Մարիամ Դավթյան.

Մարիամ Դավթյան.

Հարցազրույց դերասանուհի Մարիամ Դավթյանի հետ

-Ըստ Ձեզ՝ Հայաստանում կյանքի, աշխատանքի, ստեղծագործելու առանձնահատկությունները որո՞նք են։

-Ընդհանրապես ցանկացած երկիր ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները՝ սկսած հագուստից, վերջացրած հասարակության մտածելակերպով։ Դա իր արտացոլումն է գտնում ամեն տեղ՝ ինչպես ես դու շնչում, ինչպես ես մտածում, բոլոր բնագավառներում, հատկապես՝ արվեստում։ Այս հարցի շուրջ կարելի է շատ տարածվել, ցանկալի կլիներ ավելի կոնկրետ խնդիրների շուրջ խոսել։

-Որպես յուրաքանչյուր պետությանը բնորոշ առանձնահատկություն՝ նշեցիք նաև  հասարակության մտածելակերպը, ինչը և արտացոլվում է արվեստում։ Մեզանում այդ գործոնը որքանո՞վ է նպաստում կամ խանգարում ստեղծագործելուն։

-Նախ ասեմ, որ ստեղծագործելու համար ամեն տեղ պայմաններ կան։ Եթե մարդը ցանկանում է նորը ստեղծել, եթե նա ասելիք ունի, որտեղ էլ որ նա լինի, կստեղծագործի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա շատ են այն արվեստի գործիչները, ովքեր ասում են, որ մեկնելով այլ երկիր՝ նրանք կորցնում են ստեղծագործական ջիղը։ Երևի տրիվիալ կհնչի, բայց մարդը, որը զգում է իր արմատները, ավելի հանգիստ է։ Իսկ ներքին ներդաշնակությունը ստեղծագործող մարդուն կարող է լուրջ ազդակներ հաղորդել։ Միաժամանակ պակաս կարևոր գործոն չէ նաև քաղաքականությունը։

-Ի՞նչ եք կարծում՝ մեր հասարակությունը հարմարվո՞ղ է։

-Իհա՛րկե հարմարվող է։

-Դա լա՞վ է։

-Լավ է, թե վատ, հարցը ավելի շատ փիլիսոփայության ոլորտից է։ Ընդհանրապես հասարակություններն էլ ունեն միայն իրենց բնորոշ առանձնահատկությունները։ Իսկ մեծ հաշվով մարդիկ չեն ցանկանում բացասական լիցքեր կամ էմոցիաներ ստանալ։ Եվ երբ ինչ-որ մի պահ է գալիս, երբ առաջանում է կողմնորոշվելու հարց, նրանք ընտրում են առավել հարմար ճանապարհը, քանի որ այդ դեպքում ավելի հանգիստ կլինի։

-Ի՞նչ եք կարծում՝ նման հասարակություններն ավելի հեշտ չե՞ն ենթարկվում մանիպուլյացիաների։

-Նայած, թե ինչ վարպետությամբ են այդ մանիպուլյացիաները իրականցվում։ Եթե դա շատ հմտորեն է իրականացվում, ապա, իհարկե, մասսաները ենթարկվում են ազդեցության։ Ամեն դեպքում, ես կցանկանայի փոխել մեր զրույցի ուղղությունը և ավելի շատ խոսել արվեստի մասին, որը կարող է փոխել մարդկանց։ Դա ինձ ավելի շատ է հետաքրքրում։

-Այդ թեմային անպայման կանդրադառնանք։ Արվեստի մարդը պարտադիր չէ, որ լինի քաղաքականության մեջ կամ դրանով հետաքրքրվի, սակայն նա քաղաքացիական կեցվածք, դիրքորոշում պե՞տք է ունենա, թե՞ ոչ։

-Իհարկե պետք է ունենա։ Արվեստագետը կարող է չլինել քաղաքականության մեջ կամ շատ չխորանալ նման հարցերում, բայց պետությանը, հասարակությանը վերաբերող հարցերում նա իր դիրքորոշումը հստակ պետք է ունենա։ Յուրաքանչյուրը պետք է անի իր գործը, բայց յուրաքանչյուրս էլ ապրում ենք այս  երկրում։ Ի վերջո, դու քո դիրքորոշումը փոխանցում ես, ասենք, դահլիճում գտվող հանդիսատեսին։

-Արցախի  հարցում Ձեր դիրքորոշումը ո՞րն է։

-Չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Դա ինձ համար բավականին լուրջ հարց է։ Ես կարող եմ իմ դիրքորոշումը բարձրաձայնել, բայց դա խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ կլինի։ Կարող եմ ասել, որ ես ցանկանում եմ, որպեսզի այն մարդկանց համար, ովքեր ապրում են այս երկրում (նկատի ունեմ նաև Արցախը), ամեն ինչ լավ լինի։ Հնարավոր է, որ այս հարցը տասնյակ տարիներ մնա չլուծված, հնարավոր է, որ այն լուծվի այն ժամանակ, երբ մենք այլևս այս աշխարհում չլինենք...

-Դուք ասացիք, որ մեր հասարակությունը հարմարվող է։ Սակայն մենք ունեցանք մարտի 1-ի ողբերգական դեպքերը։ Արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ հասարակության գոնե մի հատված այս բնորոշման տակ չի ընկնում։

-Տվյալ դեպքում մարդիկ ընդվզեցին, որովհետև չհարմարվեցին կամ չընդունեցին իրավիճակը։ Եվ շատ նորմալ է, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն հարմարվում պարտադրվող իրավիճակներին։ Դա եղել է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեզանում նման մարդիկ կան։ Հակառակ դեպքում բոլորը, ներողություն արտահայտությանս համար, էշերի պես կհարմարվեին երկրում տեղի ունեցող ամեն ինչին։ Մարդիկ ապրում են այս երկրում, նրանք ընտրում են կամ չեն ընտրում։ Սակայն չի կարելի անվերջ ենթարկվել։ Եվ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա արտահայտվելու իր տեղը։ Եվ երբ փակվում են դիրքորոշում արտահայտելու  տեղերը, մարդիկ ոտքի են կանգնում։ Ես կողմնակից եմ այլ միջոցներով արտահայտվելուն։ Սակայն ես ունեմ այդ հնարավորությունը։ Ամեն դեպքում, շատ ծանր է ունենալ նման ողբերգական դեպքեր...

-Եթե հնարավորություն ընձեռվեր Հայաստանում ինչ-որ բան փոխել, Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեին։

-Ավելի ճիշտ կլինի խոսել այն բանի մասին, թե ինչը ես կարող եմ փոխել...

-Չէ՛, ի՞նչը կցանկանայիք փոխել։

-Պետք է մտածել։ Ուրեմն, ինչը ես կփոխեի (մի փոքր դադարից հետո-խմբ.)։ Առաջին՝ սերմանել գեղիցիկի ընկալումը։ Գեղեցիկը պետք է քարոզվի։ Ես կգտնեի ազդեցության այն միջոցները, որոնք կնպաստեին մարդկանց գլխուղեղի աջ կիսագունդը աշխատելուն, զարգանալուն։ Դա առաջին հերթին՝ արվեստագետի տեսանկյունից։ Երկրորդ՝ այնպես կանեի, որ մեր քաղաքական գործիչները մեծ դպրոց անցնեին։ Այսինքն, եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, քաղաքական գործիչ ես, ապա պետք է լինես գործիդ մասնագետը։ Եվ պատահական մարդ չպետք է հայտնվի այդ ասպարեզում, այնպես, ինչպես, ասենք, բժիշկը։ Եվ երրորդը՝ կփոխեի նոր սերնդի դաստիարակությունը։ Մեր այսօրվա օրը տարբեր երևույթների և գործընթացների հետևանքն է, որոնք տեղի են ունեցել երեկ։ Եվ այսօր պետք է անենք այն, ինչը ուզում ենք վաղը ունենալ։ Իսկ այսօր մեր երեխաներն այնպիսին չեն, ինչպիսին որ մենք ուզում ենք տեսնել մեր վաղվա երիտասարդներին։

-Վերևից՝ իշխանություններից եկող ազդակներն, ըստ Ձեզ, ինչպե՞ս են անդրադառնում հասարակական մտածողության, հասարակական հարաբերությունների վրա։ Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ եթե մեր քաղաքական էլիտան հետաքրքրվեր, ասենք, Սարտրի պիեսներով, սերիալներն այդքան պահանջված չէին լինի։

-Իհարկե, իշխանությունը մեծ ազդեցություն ունի տարբեր ոլորտների վրա՝ արվեստ, հեռուստատեսություն և այլն։ Այո՛, վերևից եկող ազդակներն ունեն որոշակի նշանակություն։ Բայց Սարտրը չէ գլխավորը։ Միգուցե մեր հասարակությանը Սարտր պետք չէ։ Կա մեկ բան։ Մարդը պետք է սիրի իր երկիրը։ Նրանք, ովքեր կառավարում են երկիրը, պետք է սիրեն այն։ Այսինքն, երկիրը քո երեխան է, և այն, ինչը որ դու քո երեխային փոխանցում ես, այն էլ ստանում ես։ Ամեն դեպքում, շատ քաղաքականացրեցինք։ Այս ամենը չի նշանակում, որ արվեստագետները պետք է սպասեն, թե երբ կառավարությունը կասի՝ «ահա և դուք»։ Արվեստագետը, եթե  սիրում է իր գործը, եթե հասկանում է, թե ինչի համար է նա ստեղծագործում, նա պետք է ստեղծագործի։ Այսօր այդպես չէ։ Երբ պատրաստվում էր «Խաթաբալադա» ներկայացումը («Խաթաբալադա» ներկայացման մեջ Մարիամ Դավթյանը հանդես է եկել ծաղկավաճառուհու դերում-խմբ.), կարծիքներ էին հնչում, որ այն կարգելեն։ Սակայն այն ներկայացվեց։ Ուզում եմ ասել, որ պետք չէ սպասել կամ քննադատել կառավարությանը։ Պետք է գտնել ոսկե միջինը։ Հասկանում եմ, որ հեռուստաընկերություններն ընկած են վարկանիշի հետևից։ Սակայն պետք է այլ ձևեր գտնել։ Այդ պատճառով էլ բերեցի «Խաթաբալադայի» օրինակը։ Այն շատ մատչելի էր. մարդիկ հեշտությամբ այն ընկալում էին, բայց միաժամանակ «Խաթաբալադան»  ուներ խորը փիլիսոփայություն և ասելիք։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը