Մեկնաբանություն

03.04.2014 11:50


Գագիկ Հարությունյանի պարտադիր «շոուն» և Սերժ Սարգսյանի կուտակային «իրավունքը»

Գագիկ Հարությունյանի պարտադիր «շոուն» և Սերժ Սարգսյանի կուտակային «իրավունքը»

Սերժ Սարգսյանը հո ախմա՞խ չի, որ հրաժարվի աշխատող քաղաքացիներից գանձվող պարտադիր կուտակայինից, այն է՝ էժան ու «երկար» փողից։

Նա, իրոք, ախմախ չի, և դա է պատճառը, որ հանձնարարեց ՍԴ–ին «Ե՛վ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ ողջ» տարբերակով որոշում կայացնել։ Գագիկ Հարությունյանն էլ իրեն բնորոշ ոճով ընթերցեց որոշումը, որով հակասահմանադրական ճանաչեց, այսպես կոչված, կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող օրենքի «պարտադիր» բաղադրիչը, բայց միևնույն ժամանակ հակասահմանադրական այդ դրույթը որոշեց մինչև սեպտեմբերի 30–ը թողնել ուժի մեջ, այսինքն՝ հնարավորություն տալ իշխանությանը մի քանի ամիս շարունակ պարտադիր ռեժիմով գանձել «կուտակայինները»՝ «Մինչև սեպտեմբերի 30–ը յա էշը կստակի, յա էշատերը» թեմայով։

Այն, որ ՍԴ որոշումով ոչինչ չի փոխվել, այլ հայտնի անեկդոտի համաձայն՝ միայն թղթաբանությունն է ավելացել, պարզ էր Գագիկ Հարությունյանի երկարաշունչ տեքստի արտաբերումից անմիջապես հետո։

ՍԴ–ին, փաստորեն, վերապահված էր «Արդարադատության հաղթանակ» շոուն բեմադրելու, ինչպես նաև իշխանություններին կենսաթոշակային պարտադիր գանձումներն այլ ճանապարհներով կորզելու հնարավորություն տալու ֆունկցիան։

Սերժը ՍԴ–ի միջոցով հայտարարեց, որ չի հրաժարվելու պարտադիրից, այլ միայն դրա անունն է փոխելու (ասենք՝ «պարտադիր կուտակայինը» հարկատեսակ է դառնալու, իսկ մինչև դառնալն էլ գանձվելու է հակասահմանադրական հռչակված «պարտադիր» հոդվածով)։

Սերժը ՍԴ–ի միջոցով նաև հայտարարեց, որ «կուտակայինի» հետ կապված հասարակության և իշխանությունների միջև եղած կոնֆլիկտը մտադիր է տեղափոխել աշխատողների ու գործատուների հարաբերությունների տիրույթ։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ ՍԴ–ի որոշմամբ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվել։ Իշխանությունները վախեցան ԱԺ չորս ոչիշխանական ուժերի և «Դեմ եմ» քաղաքացիական շարժման համագործակցությունից և համատեղ պայքարից։ Վախեցան ու հրապարակավ ընդունեցին, որ մինչև հիմա հակասահմանադրական օրենք են քարոզել։ Բայց քանի որ շատ չէին վախեցել, ուստի ՍԴ–ի որոշմամբ զուգահեռաբար ամրագրեցին իրենց փող պոկելու իրավունքը։

Ինչպես հայտնի է, «կուտակայինի» թեմայով բուն շահառուների կողմից պարբերաբար հնչում են հարցը չքաղաքականացնելու կոչեր։ Իշխանություններն էլ ասեցին՝ դե որ դուք այդքան պուպուշ եք, որ քաղաքական հարցը չեք ուզում քաղաքականացնել, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում շարունակել հակասահմանադրական գանձումները՝ նպատակ հետապնդելով մինչև սեպտեմբերի 30–ը թուլացնել դիմադրությունը և անցնել տոտալ հարձակման։

Սերժ Սարգսյանը չքաղաքականացնողներին ցույց տվեց, որ եթե իրենք չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի իրենցով և դեմագոգիկ որոշումներով կշարունակի թալանը՝ անունը դնելով «երկրի իրավական անվտանգությանը չվնասելու քայլ»։

Եթե ՍԴ որոշումից հետո դեռ կան մարդիկ, ովքեր գտնում են, որ «կուտակայինի» հարցը պետք չէ քաղաքականացնել, ապա առնվազն քաղաքականապես անմեղսունակներ են։

«Կուտակայինի» և ոչ միայն «կուտակայինի» հարցը պետք է քաղաքականացնել ու հասնել ամբողջական իշխանափոխության։

Սերժ Սարգսյանը Գագիկ Հարությունյանի շուրթերով «մեսիջ» հղեց, որ կանգ չի առնելու, այլ ընդամենը փորձելու է ժամանակ շահել ու բանկրոտ կառավարության տնօրինման տակ նորանոր միջոցներ դնել՝ դրանք հետագայում «ատկատահան» անելու համար։

Այնպես որ, քաղաքական հարցերը չքաղաքականացնելու մոտեցումը բացառապես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր «կուտակային» փողերը հավաքելու իրավունքը։ Հետևաբար, չքաղաքականացում նշանակում է սերժացում։

Եվ ուրեմն, դե՛մ ենք պարտադիրին, դե՛մ ենք քաղաքականության չքաղաքականացմանը, դե՛մ ենք սերժացմանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը