Խմբագրական

14.08.2009 18:52


Ազատության և ստրկության սահմանագիծը

Ազատության և ստրկության սահմանագիծը

Մենք հիմա գտնվում ենք համակարգային անցման նախաշեմին։ Գործողն ունի արտաօրենսդրական խաղի կանոններով կարգավորվող պսևդոժողովրդավարական-ֆեոդալական-հետադիմական բնույթ։ Նման համակարգը երկար կյանք չի կարող ունենալ. կամ պետք է բարեփոխվի, կամ՝ ինքնաոչնչացման ենթարկվի։ Երկրորդ տարբերակն ի սկզբանե պետք է բացառել ոչ թե նրա համար, որ իրական կյանքում այն չի լինի, այլ այն պատճառով, որ ցանկալի չէ, քանի որ նշանակում է պետականության կորուստ։ 

 Այս տիպի պետությունները երկար չեն կարող գոյատևել, այն պարզ պատճառով, որ  դրա համար ռեսուրսներ են պահանջվում գազի և նավթի տեսքով։ Մեզ դա չի «սպառնում», իսկ մեր հիմնական ռեսուրս մարդը չի կարող զարգանալ և զարգացնել պետությունը, եթե մեզանում գործի տնտեսաքաղաքական փակ համակարգ։ Ակտիվ մարդիկ պարզապես կլքեն հայրենիքը կամ էլ կդառնան ներսում գործող մարգինալներ։ Իսկ եթե որևէ պետության մեջ մտածելու ու գործ անելու (ցանկացած բնագավառում) ընդունակ անհատները դառնան մարգինալ, ապա այդ պետությունը լուրջ հեռանկար չի կարող ունենալ։

Շատ ինդիկատորներ կան, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում հանրային դիմադրություն կա ստեղծված իրավիճակին։ Ճիշտ է, այդ դիմադրությունը դեռ ապակենտրոնացված բնույթ ունի և առայժմ արտահայտվում է «ինտելեկտուալ կրակոցների» ու «խոհանոցային դեբատների» տեսքով, սակայն դա այդպես էլ պետք է լիներ. սկզբում՝ խոսք, հետո՝ գործ։ Հարցն այն է, թե որքան կտևի խոսքից գործի անցնելու պահը։ Դա կախված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններից, որոնցից ես կկարևորեի ներքինը։ Արտաքինի ազդեցությունը տոկոսային առումով շատ փոքր է և ոչ որոշիչ։

Շատ սխալ տեսակետ կա, թե իբր դրսում՝ ինչ-որ մի տեղ, խելոք և ամենակարող «ձյաձյաները» կամ «ծյոծյաները» որոշում են, և մենք շարժվում ենք նրանց նախանշած ուղով՝ «Ախպե՛ր, ռուսները լրիվ սրանց են պահում, մենք ի՞նչ կարանք անենք», կամ «Ամերիկացիք ոնց որ էսսրանց վրա են «ստավկա» անում, ուրեմն լուծված ա հարցերը»  «վերլուծություններով» հանդերձ։

 «Ղարաբաղը կստիպեն, որ տանք», «Էսինչին Պուտինը «դաբրո» ա տվել, ու ինքը կդառնա նախագահ», «Մեդվեդևին ա հանդիպել, ուրեմն դրսից «պադձեռժկա» ունի, ուրեմն «վսյո», ինքը կրած ա», «Բուշի «վարսավիրին» ա հանդիպել, աչքիս ռևալյուցիայի «դաբրոն» ունի» և նմանատիպ այլ նախադասություններ, հավանաբար, շատ լսած կլինեք։ Ասեմ, որ հենց քաղաքական գործիչներն են առաջին հերթին տարածում դրանք, քանի որ գիտեն, թե ինչ մոգական ազդեցություն են գործում բազմաչարչար և լյումպենացված ընտրողների վրա այդ անհեթեթությունները։ Կարծում եք պատահակա՞ն էր, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից անմիջապես հետո մեկնեց Մոսկվա ու հեռուստաէկրանների առաջ ժամերով անհարմարության աստիճանի հասնող շնորհակալություն էր հայտնում ՌԴ թանկագին նախագահ Դմիտրի Մեդվեդևից, որ իրենք օգնեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահին, պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահին ու էլի շատ ու շատ պաշտոններ ու տիտղոսներ ունեցող Սարգսյանին նախագահ ընտրվելու հարցում։ Իրականում ոչ մի օգնություն էլ չի եղել և չէր էլ կարող լինել։ Պարզապես իշխանությունը գիտի, որ Ռուսաց թագավորին նամակ գրել սիրող մեր ժողովրդի մի ստվար հատվածի վրա՝ նման էժանագին քարոզչական հնարքներն ազդում են ու շտապում է թատրոն ցույց տալու։

Եթե Մեդվեդևի հրաշագործ ազդեցությունը լիներ, հրեն Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա Բաղրամյան 26 հասցեում պետք է աշխատեր։ Չէ՞ որ Տեր-Պետրոսյանի թիմն ու ՀՀ առաջին նախագահին աջակցող մամուլը տարածում էին, թե նախագահական ընտրությունների նախօրեին Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեդվեդևին։   Ենթադրենք՝ հանդիպել էր (չնայած այդ հանդիպման փաստը հավաստող որևէ իրական ապացույց այդպես էլ չներկայացվեց, բացի «Ապե՛, դե որ ասում են՝ ուրեմն հանդիպած կլինի էլի...» բազմանշանակ հիմնավորումից)։ Հետո՞։ Ոչ մի բան։ Տեր-Պետրոսյանն ինչպես հանրահավաք էր անում այդ հանդիպումից առաջ, նույնը շարունակում է հիմա։ Սա՛ է իրականությունը;

Դրսի մոգական ազդեցության մասին հյուսվող առասպելները համատարած մոլորություն են և ստրկամտության վառ դրսևորում, որի շրջանակներում շատերը մտածում են, թե մեզ մոտ ոչինչ չի փոխվի, քանի դեռ դրսից մի բան չեն արել։ Չե՛ն անելու։ Այդպիսի բան չկա։ Պետք է դադարել «դաբրոյով» ապրելուց ու «դաբրոներով» առաջնորդվելուց։ Մեր հարցերը լուծվում են ներսում, իսկ դրսինները փորձում են օգտվել դրանից։ Այսքան բան։

Եվ ուրեմն, որպեսզի դրական փոփոխություններ լինեն մեր կյանքում, պետք է հոգեբանորեն դրան պատրաստ լինել։ Ազատությունը հեշտ բան չէ։ Երբ ժամանակին ստրուկներին ազատություն շնորհեցին, նրանցից ոմանք, քիչ անց, վերադարձան իրենց նախկին տիրոջ մոտ ու ասացին, թե չեն ուզում ազատ լինել, քանի որ չեն կարողանում իրենց գլխի ճարը տեսնել։ Ժամանակ էր պետք, որպեսզի այդ ստրուկները համակերպվեին իրենց ազատ կարգավիճակի հետ։

Եթե մենք՝ հասարակ քաղաքացուց մինչև քաղաքական գործիչ կոչվածը, առաջնորդվենք «Մեկ ա մենք բան չենք կարա փոխենք, քանի դեռ դրսի «պապաները» մի բան չեն արել» սկզբունքով, ապա երբեք էլ հաջողության չենք հասնի։ Հաղթանակի և պարտության բանալիները ներսում են. մե՛ր զինվորն ու հրամանատարն են հաղթել Արցախի պատերազմում,  մե՛ր քաղաքացիներն ու ուժայիններն են համատեղ կեղծել գրեթե բոլոր մակարդակների ընտրությունները հետանկախական փուլում, մե՛ր շախմատիստներն են չեմպիոն դարձել, մե՛ր դատավորներն են կաշառք վերցնում և այլն։ Բոլորը մենք ենք։ Կոնդոլիզա Ռայսն ու Սարկոզիի կինն այստեղ կապ չունեն։ Ոչ մեկը մեզանից չի կարող խլել Արցախը, եթե մենք այն կամովին չհանձնենք։ Ոչ մեկը չի կարող ստիպել մեզ ընտրակեղծիքներ անել, եթե մենք դա չանենք։ Դրսից կազմակերպված «դավադրությունների տեսությանը»  պետք չէ լուրջ վերաբերվել։  

Հետևաբար, ներսից մեր Տունը մաքրելով, պետք է այնպես անենք, որ դուրսն իր ձեռքերը չշփի՝ օգտվելով հարմար առիթից։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը