Մեկնաբանություն

13.02.2014 00:50


Աղի բլիթն ու կուտակայինը

Աղի բլիթն ու կուտակայինը

Մի քանի օրից Սուրբ Սարգսի տոնն է, եւ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ տոնախմբությունը անցկացվելու է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Դե, գիտեք, Ս. Սարգիսն, իր որդին եւ 14 քաջ մարտիկները նահատակվել են հանուն քրիտոնեական հավատքի: Ու երբ խոսվում է տոնը բարձր հովանու ներքո անցկացվելու մասին, կարելի է կարծել, թե Ս. Սարգիսը Սերժ Սարգսյանն է, որդին՝ Տիգրան Սարգսյանը, իսկ 14 քաջ մարտիկներեն էլ կատավարության անդամներն են:

Ինչեւէ, երիտասարդության եւ սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը Հայաստանում նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում ավանդություն է: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Հայտնի է, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ են կապում իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը:

Այն, որ այսօր մեր երիտասարդների, մասնավորապես 1974 թվականից հետո ծնվածների գլխավոր երազանքը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը ի չիք դարձնելն է, կարծում եմ, դրանում ոչ ոք չի կասկածում:

Աշխատավարձերից պահումներ անելու «գործընթացը» ակտիվորեն շարունակվում է, նույնքան ակտիվորեն այդ ամենի դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր հիմնակ-ձեռնարկությունների, ընկերությունների, մշակութային հաստատությունների երիտասարդ աշխատակիցները:

Ուրեմն՝ ցածր աշխատավարձերի պայմաններում, աղքատության բարձր ցուցանիշներ արձանագրած, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում գտնվող երկրում երիտասարդությանն այսօր հուզող միակ խնդիրը պարտադիր կուտակայինը կանխելն է:

Թվում է, թե այս հարցի վերաբերյալ իշխանության համառությունը երիտասարդ աշխատակիցներին ստիպելու է այդ օրը աղի բլիթ ուտել մի երազանքով, որ արագահաս «Ս. Սարգիսը» եւ նրա «որդի» Սերժ եւ Տիգրան Սարգսյանները հասնեն ու փրկեն իրենց այդ պարտադիր կուտակայինից: Քանզի նրանց նկատմամբ կողոպուտը հազիվ թե տեղ թողնի «հարսնացուի եւ փեսացուի երազահայտնության» համար:

Մարդիկ հիմա աղոթում են առ Աստված մի նպատակով, ինչպե՞ս հասկացնեն Ս. Սարգսի տոնին բարձր հովանի կանգնած Սերժ Սերգսյանին, որ իրենք անգամ աշխատելով չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, ուր մնաց թե կարողանան ապրել աշխատավարձերից պահումներ կատարելու դեպքում: Ո՞վ կարող է արագահաս բարեխոս լինել 1974 թավականից հետո ծնվածների եւ կառավարության միջեւ:

Ի դեպ, եկեղեցական ծեսի մասով էլ մի տեսակ արդեն հավատ չկա. Կճոյանը «Բենթլին» ծախեց եւ ի՞նչ … մի՞թե այդ գումարը նվիրեց հազար ու մի երազանք ունեցող երիտասարդների թեկուզ մի փոքրիկ խմբի: Իհարկե, ոչ:

Այնպես, որ մնում է աղի բլիթ ուտել եւ քնել մի երազանքով, որ պարտադիր կուտակայինը հօդս ցնդի:

Կամ էլ պետք է գնել «Լոտո աշխատավարձ» եւ շահել ու մեկ տարի 30-500 հազար դրամ աշխատավարձ ստանալ: Մանավանդ, որ այս «Լոտո աշխատավարձի» վրա դեռեւս պարտադիր կուտակայինը չի տարածվում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը