Մեկնաբանություն

11.02.2014 00:35


Ումից և ինչից է վախենում Սերժ Սարգսյանը

Ումից և ինչից է վախենում Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը ղեկավարի թույլ տեսակ է։ Նախ և առաջ՝ հոգեբանական առումով։ Դրանում համոզվել են բոլորը, հատկապես թիմակից կոչվածները։ Այլ հարց է, որ ոչ բոլորն են հրապարակավ արտահայտվում այդ մասին։

Սերժ Սարգսյանի թուլությունն է պատճառը, որ նա իրեն հիմնականում շրջապատում է զրոներով, ոչնչություններով ու քաղաքական դիակներով։

Թուլության հետևանքով նա խիստ ագրեսիվ է և չափից դուրս անհանդուրժող, թեև արտաքուստ կարող է թվալ, թե նա հանգիստ է և հանդուրժող։

Սարգսյանը հանգիստ ու հանդուրժող է այն դեպքերում, երբ ուզում է այդպիսին խաղալ, կամ էլ՝ երբ ձեռքը ճար չկա, ու ստիպված է այդպիսին լինել։

Սերժ Սարգսյանի համար անընդունելի և անհանդուրժելի են գործընկերային հարաբերությունները, քանզի նա թերարժեքության բարդույթով է տառապում և վախենում է հավասարը հավասարի հետ շփման տարբերակից։ Նրա «գործընկերը» դառնալու համար պետք է անդեմ լինել կամ վերածվել Արթուր Բաղդասարյանի։ Նայեք, թե ովքեր են նրա կողքին, և ամեն ինչ պարզ կդառնա։

Սերժ Սարգսյանը վախենում է քաղաքականությունից։ Քաղաքականության մեջ է ՀՀ անկախության առաջին օրվանից, բայց վախենում է քաղաքականությունից։ Պատճառն այն է, որ ինքը միայն օգտվել է քաղաքականությունից, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվել բառիս դասական իմաստով։ Նա միշտ եղել է ինչ–որ անհատի կամ ուժի հովանու ներքո։ Ներկայացել է որպես իդեալական ծառայող ու այդպիսին էլ եղել է բոլորի համար (դրա համար էլ բոլորին նա անվնաս ու անվտանգ է թվացել)։ Սարգսյանին ռեալ ճանաչում է մեկ մարդ, և այդ մեկ մարդու հետ նա մշտապես առկա կամ հեռակա կռվի մեջ է. վախը չի անցել ու հազիվ թե անցնի։

Սարգսյանը վախենում է քաղաքականությունից, քանզի քաղաքականության առարկան իշխանությունն է, որը նա փորձում է հավերժ պահել։ Քաղաքականության ապաքաղաքականացումն, ըստ այդմ, կենսական անհրաժեշտություն է նրա համար։ Պատահական չէ, որ բոլոր հաստիքային ու արտահաստիքային սերժամետների սիրած արտահայտությունը «Մի՛ քաղաքականացրեք»–ն է։ Չքաղաքականացնել՝ նշանակում է իշխանության կամ դրա փոփոխության հարց չդնել։ Մնացած առումներով ՀՀԿ ղեկավարը խնդիր չունի։ Միայն թե մի՛ քաղաքականացրեք ընտրությունները, տնտեսական անկումը, ձախողված «նախաձեռնողականությունը», Հայաստանի «մաքսազերծումը», համատարած կոռուպցիան, «ատկատը», «նակատը»...

Սերժ Սարգսյանը բարի է, եթե գործ ունի իր իշխանությանը և տնտեսական շահին չսպառնացող երևույթների ու անձանց հետ։ Նա վախկոտ ու նենգ է դառնում, երբ որևէ կազմակերպություն և նույնիսկ անհատ դնում է քաղաքական, այն է՝ իրերն իրենց անվանումներով կոչելու խնդիր։ Բարի Սերժն այդ պահին դառնում է չար ու կրակող։ «Դեմ եմ» շարժումն, օրինակ, նյարդայնացնում ու անհանգստացնում է նրան, քանզի կպնում է և՛ իր փողին, և՛ իր իշխանությանը։

Նա պատրաստ է հանդուրժել իրեն հայհոյողներին (պատրաստ է «զրոներով» կիսվել նրանց հետ)՝ պայմանով, որ նրանք հայհոյեն «պետպատվերի» շրջանակներում և հայհոյելուց հետո անցնեն իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարելու իրենց բուն գործին։

Բոլոր այն կառույցներն ու անհատները, ովքեր չեն գնվել Սերժ Սարգսյանի կողմից, վտանգավոր են նրա համար՝ անկախ իրենց ունեցած ազդեցության չափից։

Տեսե՛ք. ՀԱԿ ակտիվիստները փորձել են մարտի 1–ին կայանալիք հանրահավաքի իրազեկմամբ զբաղվել, նրանց անմիջապես տարել են ոստիկանական բաժանմունք։ Հարցն այն չէ, որ մի քանի կոնգրեսական երիտասարդ այդ գիշեր պետք է գրավեր Բաղրամյան 26–ն ու կարմիր խնձոր ուղարկեր համապատասխան մարդկանց, և ահա ոստիկանությունը կանխել է դա։ Պարզ է, որ իրազեկողները տվյալ պահին իշխանափոխություն չէին անելու, բայց, միևնույն է, վախի աչքերը մեծ են լինում։ Վախեցած մարդը հրահանգել է գոնե մի քանի ժամով անազատության մեջ պահել «պետպատվերից» դուրս, անկեղծորեն «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռացողներին։

Սերժ Սարգսյանը գիտի, որ չի վերահսկում ՀԱԿ–ին, ու դա է նրա անհանգստության բուն պատճառը։ Ում կարողացավ՝ առավ ու պոկեց ՀԱԿ–ից, բայց դա, մեծ հաշվով, բան չփոխեց։ Ճիշտ է, ՀԱԿ–ը որոշ չափով թուլացավ, բայց Սերժը դրանից չուժեղացավ, քանզի արամզավենիչների ու դավիթշահնազարյանների միջոցով կառավարելի փողոց չկարողացավ սարքել ու կանգնեց կոտրած տաշտակի, կամ, ավելի ճիշտ, պայթած հաճախորդների առաջ։

Կապ չունի, թե քանի անդամ ունի ՀԱԿ–ը և քանի մարդու կարող է հանել հրապարակ։ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի վերահսկում Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած կառույցը, և դա նրան հունից հանում է։

Սերժ Սարգսյանին հունից հանում է նաև իր կողմից չվերահսկվող ֆինանսական կապիտալը։ Որքան էլ «անկախ» լրատվամիջոցները «մուտիլովկաներ» տարածեն Գագիկ Ծառուկյանի դեմ, Սերժ Սարգսյանը հո լավ գիտի, որ ԲՀԿ–ն ինքնաբավ և իր ազդեցությունից դուրս կառույց է։ ԲՀԿ–ն կարող է մարտավարական նպատակներով ռադիկալ քայլերի չգնալ կամ պաուզա բռնել, բայց Սերժ Սարգսյանն էլ գիտի, որ դա մարտավարություն է, և դրա համար էլ վախենում է։

Սերժ Սարգսյանին անչափ վախեցնում է նաև ԱԺ 4 ոչիշխանական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համագործակցությունն ու կոնսոլիդացիոն պոտենցիալի առկայությունը։

Իսկ ամենաշատը Սերժ Սարգսյանը վախենում է իշխանությունը կորցնելուց: Հետևաբար, նրա վախը բռնել է պետք։ Ինչպես Լ. Տեր–Պետրոսյանն էր նշել՝ անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին հստակ երաշխիքներ տալ և հնարավորություն ստեղծել հանգիստ հեռանալու համար։ Եթե Սերժ Սարգսյանն այդ տարբերակը չընտրի, ապա իրոք որ վախենալու կլինի նրա համար։ Իսկ դա չի բխում ո՛չ իր, ո՛չ Հայաստանի շահերից։

Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանի համար ճիշտը երաշխավորված հեռացման միջոցով ապահով ծերության հասնելն է՝ թեկուզև առանց պարտադիր կուտակային բաղադրիչի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը