Մեկնաբանություն

10.02.2014 00:05


«Եթե ես եմ ձեր նախագահը, ապա ...»

«Եթե ես եմ ձեր նախագահը, ապա ...»

Օրերս Սերժ Սարգսյանը շատ անկեղծ ու շատ կարևոր «մեսիջ» է հղել հանրությանը։ Դիմելով բողոքող քաղաքացիներին՝ նա նշել է հետևյալը. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»։

Շատերին զայրացրել է կոնդեցիներին տված Ս. Սարգսյանի այս պատասխանը, սակայն զայրանալու կարիք չկա։

ՀՀԿ ղեկավարը ճիշտ է ասում, պարզապես մի փոքր այլ կերպ է ձևակերպում ասելիքն ու հիմնական ասելիքը թողնում տողատակում։

Իրականում Սերժ Սարգսյա՛նն է զարմացած բողոքող քաղաքացիների և «Ֆեյսբուքում» իր հետ կռիվ տվողների վրա։

Նա երկարատև ճանապարհորդություններից, արձակուրդներից ու շրջագայություններից հետո կարճատև այցով լինում է Հայաստանում՝ այդ ընթացքում հասցնելով նոր պարտքեր կուտակել Հայաստանի համար և նոր հարկատեսակներ մտածել հայաստանցիների համար։ Այսինքն, նա գիտի, որ ՀՀ նախագահ չէ, այլ այդ աթոռը զբաղեցնում է հանգամանքների բերումով և փորձում է առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

«Եթե ես եմ ձեր նախագահը, ապա ...» ձևակերպումն օգտագործելով՝ Սարգսյանն ուզեցել է ասել, որ եթե իրեն նախագահ են համարում, ապա պետք է չմեղադրեն իշխանություններին ու չբողոքեն խոստումների չկատարումից, քանզի իշխանությունները վեց տարի շարունակ ցույց են տվել իրենց դեմքը։ Նրանք խոստանում են մի բան, բայց անում են հակառակը։ Ու այդպես վարվում են միշտ։ Այսինքն, խաբում են անընդհատ ու ամեն առիթով։ Այդքանից հետո եթե կա մարդ, ով դրական քայլերի կամ խնդիրների լուծման ակնկալիք ունի Սերժ Սարգսյանից, ապա առնվազն անմեղսունակ է։

Կրկնակի անմեղսունակություն է մեր արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում արձանագրված ձախողումներից հետո Սերժ Սարգսյանին նախագահ համարելը։ Իսկ եթե համարում ես, ապա ինչո՞ւ ես բողոքում։ Սա՛ էր Սերժ Սարգսյանի ասելիքը, ու նրա հետ այս հարցում դժվար է չհամաձայնվելը։

Տոկոս «խփելով», «ֆուտբոլային» դիվանագիտություն վարելով, «արևմտամետություն» խաղալով, Մաքսային միության «չուլան» մտնելով, տխրահռչակ Զորի Գայկովիչի միջոցով Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալով, Տիգրան Սարգսյանի միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելով, աղքատությունը մեծացնելով, բիզնեսին պատերազմ հայտարարելով, Հայաստանը պարտքի տակ թողնելով, մեր երկիրը Ռուսաստանի գուբերնիայից էլ ցածր կարգավիճակի հասցնելով, կենսաթոշակային «բարեփոխման» միջոցով պետական ռեկետի համակարգ ներդնելով, գազի «աֆյորան» կազմակերպելով, Որոտանի կասկադն ամերիկացիների անվան տակ սեփականաշնորհելով՝ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ ինքը մի քանի հոգու նախագահ է, այն էլ՝ խիստ հարաբերականորեն ու խիստ ժամանակավոր (քանի դեռ ընդհանուր շահ կա)։

Հիմա եթե այսքանից հետո նրանից ինչ–որ խնդիրների լուծում են ակնկալում մարդիկ, ապա դա անարդյունավետ ճանապարհ է։

Թող զարմանալի չթվա, բայց Սերժ Սարգսյանը տվել է բոլոր խնդիրների լուծման բանալին, ավելի ճիշտ՝ ամեն կերպ հասկացրել է, թե ինչ պետք է անել վիճակը շտկելու համար, իսկ Տիգրան Սարգսյանն էլ անկեղծորեն բարձրաձայնել է այն սխեման, ըստ որի՝ ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես ուզում են Սարգսյանները։

Ի դեպ, Մոսկվան որոշում է կայացրել, որի արդյունքում վարչապետի հակահեղափոխական ծրագրերը կարող են տապալվել։ Մարդիկ, ի հեճուկս Տիգրան Սարգսյանի ցանկության, մնալու են Հայաստանում։ Իսկ որ մնան, ստիպված պետք է հեղափոխություն անեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը