Մեկնաբանություն

06.02.2014 13:00


Երիտհայերի հեղափոխությունը

Երիտհայերի հեղափոխությունը

Տիգրան Սարգսյանի քարոզած «Հայկական աշխարհի» շրջանակներում ոչ միայն խրախուսվում է արտագաղթը, այլ նաև՝ ներմուծող տնտեսության կառուցումը։

«Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը շատ պարզ է և հիշեցնում է երիտթուրքերի վարած հակահայկական քաղաքականությունը։ Տարբերությունն այն է, որ հայերին տեղահան են անում ոչ թե Դեյր Զորի անապատներով, այլ հայերն ինքնակամ են լքում Սերժ և Տիգրան Սարգսյանների կողմից կառավարվող Հայաստանը։ Տարատեսակ միջազգային կենտրոնների մասին ճամարտակություններն էլ ընդամենը քողածածկույթի դեր են կատարում գավառականությամբ ներծծված այս «քյարթերի» իրականացրած թալանի համար։

«Հայկական աշխարհը» չի ենթադրում ակտիվ բնակչության առկայություն (մնան, որ հեղափոխությո՞ւն անեն), չի ենթադրում տեղական արտադրություն, առավել ևս՝ չի ենթադրում արտահանման պոտենցիալ ունեցող տնտեսություն։

«Հայկական աշխարհը» ներմուծող տնտեսությամբ կառույց է։ ՀՀ քաղաքացիները պետք է դրսում աշխատող իրենց հարազատներից փող ստանան, որպեսզի կարողանան սպառել ներմուծված ապրանքները, իսկ իշխանության գործը ներմուծման ու բիզնես դաշտի փականն իր ձեռքում պահելն է, ինչպես նաև բանկային համակարգի միջոցով բոլորին վարկի տակ մտցնելը, որպեսզի վերահսկելի դառնա ամեն ինչ։

Վերջերս ԱԺ–ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն արդարացրել է այն, որ Հայաստանը, մասնավորապես, ձու արտադրող ու արտահանող երկրից վերածվել է ձու ներկրող երկրի։

«Կարևորն այն է, որ թույլ չտանք տեղական արտադրողներին ներմուծածը տեղական արտադրանքի տեղ մտցնել շուկա։ Իսկ ներմուծումն ավելացել է, քանի որ տեղական ձվերի ինքնարժեքը մեծացել է կերի պատճառով, և մենք այդտեղ խնդիր չենք տեսնում»,– հայտարարել է Շաբոյանը։

ՏՄՊՊՀ–ի ղեկավարի շուրթերով հնչեցվել է «Հայկական աշխարհի» գաղափարախոսության առանձին, բայց շատ հանգուցային կետի մասին, այն է՝ կարևորը տեղական արտադրությունը չէ, այլ այն, որ իշխանությունները վերահսկեն ապրանքների շարժը։ Այլ կերպ ասած՝ իշխանությանը հետաքրքրում է իր տարած փողը, և կապ չունի, թե այդ փողը տեղական արտադրությունի՞ց է հավաքվելու բյուջեում, թե ներմուծման արդյունքում։ Շատ ավելի լավ է ներմուծումը, քանզի այդպես ավելի հեշտ է լինում վերահսկել ֆինանսական շարժը և գանձել «ատկատները»։

«Մեկ օիլգարխի տնտեսության» կառուցման համար անհրաժեշտ է, որպեսզի բիզնեսի բոլոր շերտերը տուժեն։ Ավելի ճիշտ՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման պայմաններում տուժում են բիզնեսի բոլոր շերտերը։ Իշխանությունը միգուցե այդպես չի ուզում, բայց այդպես ստացվում է։ Սկզբում տուժեցին փոքրերը, հետո դանակի տակ ընկավ միջինը, հիմա հերթը եկել է խոշորին։

Իշխանության ախորժակն այնքան մեծ է, որ բիզնես–դաշտի հարցերը դեռ չլուծած՝ անցել են աշխատուժի շուկան ոչնչացնելուն։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը լրացուցիչ հարկատեսակ է սեփական քրտինքով փող աշխատողների վրա, ինչպես նաև պետբյուջեից փող փախցնելու «լեգալ» ճանապարհ։

Եթե այս քաղաքականության դեմը չառնենք, ապա դա մեր փոխարեն կանեն Ալիևն ու ադրբեջանական բանակը։

Եկեք, ուրեմն, թույլ չտանք Ալիևին հաջողության հասնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը