Լրահոս

05.02.2014 00:05


Սերժ Սարգսյանին վերաբերող հարցը հունից հանել է ՀՀԿ–ական պատգամավորին

Սերժ Սարգսյանին վերաբերող հարցը հունից հանել է ՀՀԿ–ական պատգամավորին

ՀՀ ԱԺ առողջության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով շտապելիս է եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, համաձայնվել է պատասխանել «7օր»–ի լրագրողի հարցերին, եթե դրանք զուտ բժշկությանն են վերաբերում։ Լրագրողը վստահեցրել է, որ հարցերը խիստ մասնագիտական են, և հետաքրքրվել է՝ ո՞ր դեպքում է ցողունային բջիջների պատվաստման անհրաժեշտություն առաջանում։

–Ցողունային բջիջներն այն սկզբնաբջիջներն են, որոնցից հետագայում օրգանիզմում ստեղծվում են բոլոր հյուսվածքները։ Դրա համար դրանով զբաղվողները հատուկ մասնագետներ են,–բարեհամբույր կերպով սկսել է պատասխանել Բաբլոյանը։

Իսկ թե ի՞նչ օգուտ է տալիս ցողունային բջիջների պատվաստումն օրգանիզմին, նա հետևյալ օրինակն է բերել.

–Կարող է պատահի՝ որոշակի հիվանդությունների դեմ պայքարի համար դա օգտագործվի, որպեսզի եթե տուժած է այս կամ այն հյուսվածքի վերարտադրողականությունը, ապա դրանով նպաստել լավացնել։

«7օր»–ի թղթակցի ճշտող հարցին՝ մասնավորապես արյան քաղցկեղի դեպքում այդպիսի պատվաստում անո՞ւմ են, Բաբլոյանը պատասխանել է.

–Արյան, այո՛։ Արյան հիվանդությունների ժամանակ օգտագործում են։

Ահա այսպիսի մասնագիտական պատասխաններ ստանալուց հետո ԱԺ–ում մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե որպես մասնագետ՝ Բաբլոյանը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դիմել ցողունային բջիջների պատվաստման եղանակին։ Այդ հարցից Արա Բաբլոյանը տեղում գունատվել է, անմիջապես հունից դուրս եկել, բորբոքվել և հարձակվել «7օր»–ի լրագրողի վրա։

–Դուք ինձ սխալ հարց եք տալիս, որովհետև ինքը ոչ մի պատվաստում չի արել,– ասել է Բաբլոյանը ու լրագրողի ձեռքից քաշելով՝ փորձել է խլել ձայնագրիչը, ինչը, սակայն, նրան չի հաջողվել։

«7օրի» լրագրողի այն դիտարկումը, որ Սերժ Սարգսյանի՝ ցողունային բջիջներ պատվաստվելու մասին գիտեն ամբողջ աշխարհում, քանզի միջազգային մամուլն է անգամ անդրադարձել դրան, Բաբլոյանին չի համոզել։ Նա գոռգոռալով պնդել է, որ չի կարդացել կորեական մամուլի հայտնի հրապարակումը և Սերժ Սարգսյանի խոսնակի պարզաբանումը, պահանջել է իրեն սխալ հարցեր չտալ ու ձեռքերն անկանոն թափահարելով՝ մտել է ԱԺ նախագահի աշխատասենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը