Խմբագրական

03.02.2011 16:29


Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը - 2

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը - 2

սկիզբը տե՛ս

Չեռնենկոյի ախտանիշը

Հայաստանյան ներիշխանական անցուդարձին և ներկլանային պայքարին հետևելիս գալիս ես այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը վերածվել է սովետական շրջանում մի կարճ ժամանակահատված ԽՄԿԿ գլխավոր քարտուղար աշխատած Չեռնենկոյի։ Վերջինս, ինչպես հայտնի է, դարձել էր միմյանց դեմ կուլիսային դաժան պայքար մղող կուսնոմենկլատուրան և ուժային կառույցները ներկայացնող տարբեր խմբավորումների ձեռքի գործիքն ու ժամանակ շահելու միջոցը։

Նախորդ դարի 80-ականներին, Բրեժնևի և Անդրոպովի մահից հետո, իշխանական ոհմակի անդամներն առողջական բազում խնդիրներ ունեցող զառամյալ ծերունուն պետության գլուխ (իրականում՝ տեղապահ) կարգեցին, որպեսզի մինչև նրա մեռնելը (ԽՍՀՄ տարիներին երկրի ղեկավարներն իրենց կաբինետներից, որպես կանոն, հեռանում էին միայն ոտքերով դեպի առաջ տարբերակով) միմյանց հետ հաշիվները պարզեին։ Հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հաշվարկն այն էր, որ քանի դեռ տեղապահը կա, կարելի է կուլիսային պայքարում նաև նրա օգնությամբ դիրքային առավելության հասնել, և երբ իշխանության բոլոր լծակներն իրենց ձեռքն անցնի, կմնա միայն Չեռնենկոյի մահվանը սպասելը կամ էլ նրա մահն արագացնելը։

Պարզ է, որ ներիշխանական պայքարի մեջ մտածների խնդիրը վերաբերում էր միան գերկենտրոնացված իշխանություն հաստատելուն, այլ ոչ թե կարգին պետություն կառուցելուն, ինչպես որ դեմագոգիկ կերպով ներկայացվում էր սովետական ժողովրդին։ Թե ինչպես ավարտվեց այս ամենը, բոլորիս է հայտնի։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ սովետական տնտեսաքաղաքական համակարգի փտածության և այդ փտածության խորացմանը նպաստող ներիշխանական գզվռտոցի պատճառով։

Հիմա նույն բանը, ցավոք, տեղի է ունենում նաև Հայաստանում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ընդհանուր առմամբ առողջ է և Չեռնենկոյի հիվանդությունները չունի (Աստված թող նրան երկար տարիների կյանք տա), բայց պետական համակարգում ունեցած դերակատարման ու գործառույթների տեսանկյունից նա տիպիկ Չեռնենկո է հիշեցնում (թուրքերի հետ «ֆուտբոլ» խաղալիս էլ Գորբաչովին էր հիշեցնում. ա՛յ քեզ փոխակերպումներ)։

Ֆորմալ և ոչ ֆորմալ տեղեկատվական հոսքերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն արդեն «կաղ բադ» և անընդունելի է համարվում ոչ միայն իրեն չընտրած ընտրազանգվածի, այլ նաև կլանաօլիգարխիկ համակարգը ներկայացնող կողմերի համար։

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն ձևականորեն դեռ ենթարկվում են, բայց՝ ընդամենն օգտագործելու նպատակով, այսինքն այնպես, ինչպես Չեռնենկոյի պարագայում էր։ Իսկ ենթարկվում են ներիշխանական պայքարի մասնակիցները Սարգսյանին, քանի որ, պատկերավոր ասած, նրա ձեռքում են գրիչն ու կնիքը, և այդ ամենը սեփական շահերին ծառայեցնելու համար ենթարկվածության պատրանք ստեղծելն անհրաժեշտ է՝ հակառակորդներին ոչնչացնելու և ապագա իշխանության համար պայքարում շահեկան դիրքում հայտնվելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ ներիշխանական պայքարի մասնակից թևերից մեկը փորձում է այնպես անել, որ Հայաստանի թուրքմենբաշիացման պտուղներն ինքը ժառանգի, երբ «Հայկական Չեռնենկոն» արդեն ասպարեզից հեռացած կլինի։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել մաքրել իշխանական դաշտն այլ խաղացողներից, ինչով էլ զբաղված են Սարգսյանի ժառանգորդը դառնալու թիմի անդամներն իրենց լիդերով, և այդ ճանապարհին նրանք կիրառում են բոլոր մեթոդները՝ «յուրայիների» դեմ պատերազմելով ինչպես կուլիսներում, այնպես էլ իրենց վերահսկողության տակ գտնվող խիստ «ընդդիմադիր» գործիչների և այսպես կոչված լևոնական մամուլի (թերթեր և կայքեր) միջոցով։

Ի դեպ, հետաքրքրական է Բաղրամյան 26-ի ազդեցության տակ հայտնված «լևոնական» մամուլի պարագան։ Դրանք վաղուց արդեն ուրիշ տեր ունեն, բայց հանրության անտեղյակ շրջանակներին դեռ ներկայանում է ընդդիմադիր «հագուկապով»։ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները», հավանաբար, մի քանի անգամ շուռ են գալիս իրենց գերեզմաններում՝ «տեսնելով», թե գաղափարական ինչպիսի՜ հետևորդներ ունեն։ Դե իսկ Արտաշես Գեղամյանն այս ամենի հետևանքով կզրկվի քաղաքական ուրույն դերակատարում կատարողի մենաշնորհից։ Ինչևէ։

Քաղաքական շախմատի շուրջ մտորելիս

Հարց է առաջանում, թե ներիշխանական պայքարից ի՞նչ կարող է շահել ՀՀ շարքային քաղաքացին ու մեր պետությունը։ Ասեմ, որ մեծ հաշվով ոչինչ, քանի որ այդ զարգացումներում ժողովուրդի մի մասն ընդամենը օգտագործվելու է, իսկ մյուս մասը, լավագույն դեպքում, դառնալու է դիտորդ։

Ի՞նչ տարբերություն, թե մենաշնորհներն ում ձեռքին կլինեն՝ մականունավորների՞, թե՞ «մեկ օլիգարխի»։ Ավելի ճիշտ՝ տարբերություն կա՛. շատ ավելի վատ կլինի, եթե այսօրվա 20-30 ընտանիքների տնտեսությունը, որը կարելի է «մականունավորների տնտեսական համակարգ» անվանել, փոխարինվի «մեկ մականունավորի»՝ «Հայկական Չեռնենկոյի» կամ ««Չեռնենկոյի» ժառանգի» տնտեսական մոդելով։ Ասվածից բնականաբար չպետք է եզրակացնել, թե պետք է պայքարել, որպեսզի այսօրվա վատ համակարգը մնա։ Ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ։

Իշխանության մի թևի առաջարկած քաղաքական պայքարի սցենարով՝ ՀՀ քաղաքացիները պետք է այսօր ընտրություն կատարեն վատի ու ավելի վատի միջև։ Բայց չէ՞ որ դա ընտրություն չէ։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ մեզանում առկա կարծրատիպերը հաշվի առնելով՝ ոմանց կարող է գայթակղիչ թվալ ավելի վատ համակարգ կառուցելը, այնպես, ինչպես բոլշևիկների գործընկերը դարձան բանվորներն ու գյուղացիները, բայց վերջիններիս հետագայում «քցեցին» ու ո՛չ գործարան տվեցին, ո՛չ հող, ո՛չ էլ խաղաղություն ապահովեցին նրանց խրճիթների համար, իսկ խոստումները հիշեցնողներին ուղարկեցին գուլագներ։

Մեր պարագայում այդ գուլագներին փոխարինելու է եկել իրավազուրկ և արդարության կարոտ քաղաքացիների արտագաղթը սեփական կամքով, իսկ հող ու գործարան ամեն դեպքում ոչ մեկին չի հասնի, բացի մեկ օլիգարխից։ Էլ չեմ խոսում մեր երկրին այնքան անհրաժեշտ խաղաղության մասին, որն այս իշխանությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հաստատ չեն կարող ապահովել։

Հետևաբար, եթե ցանկանում ենք ունենալ Նոր Հայաստան, ապա դրանից առաջ պետք է փոխենք իշխանության կողմից մեզ պարտադրվող խաղը և քաղաքական գործընթացներին տանք հրապարակային տեսք ու նոր բովանդակություն։ Այսինքն՝ մենք պետք է պարտադրենք մե՛ր խաղը։ Քաղաքական շախմատում կհաղթի նա, ով կշարի խաղաքարերը, այլ ոչ թե՝ կղախա դիմացինի ուզած քարերով։ Նորանկախ Հայաստանում հանրությունը միշտ պարտվել է բոլոր ընտրություններում, քանի որ խաղացել է իշխանական գիլդայի պարտադրած խաղի կաններով։

Վերջապես հարկավոր է բացառել պարտվելու տարբերակը, քանի որ երկրի լինել-չլինելու խնդիր կա։

Եթե ՀՀ ղեկավար դիրքերում արդեն չեռնենկոներ հիշեցնող դեմքեր են հայտնվում, ապա դա շատ վատ նշան է, քանի որ հուշում է, որ կարող ենք անգամ պետություն կորցնել։

Եթե մի քանի տարի էլ շարունակվի տնտեսական այս քաղաքականությունը, և ներիշխանական գզվռտոցներն ընթանան այս թափով, ապա արտագաղթողների համախառն թվաքանակն առաջիկա տարիներին կհասնի մի քանի հարյուր հազարի, կապիտալի արտահոսքը կչափվի հարյուրավոր միլիոններով կամ նույնիսկ միլիարդ դոլարով, պետության արտաքին պարտքը շարունակ կաճի, արտադրության գործոնների (աշխատուժ, հող, կապիտալ, ձեռնարկատիրական կարողություն) նվազեցումն ու անարդյունավետ օգտագործումը թույլ չեն տա զարգացում ունենալ, և այդ դեպքում սեփական «եվրապատուհաններից» կդիմավորենք այլ երկրների դրոշ կրող զինվորներին։ Այդ ամենը թույլ չտալու համար պետք է անել հնարավորն ու անհնարը։ Անհրաժեշտ է հասարակական լայն համախմբում և համահայկական դիմադրողական շարժում, իսկ գործողությունների կոդը, պարզ ասած, պետք է լինի՝ «Ո՛չ Հայաստանի թուրքմենբաշիացմանը»։ Այդ պայքարում կարելի է ներգրավել անխտիր բոլորին՝ չընկնելով պարզունակ դատողությունների ու իշխանության կողմից ներմուծված «շտամպերի» հետևից։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը