Հարցազրույց

22.07.2009 16:43


Հովսեփ Խուրշադյան.

Հովսեփ Խուրշադյան.

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնտեսության և սփյուռքի հարցերով ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ թեև 6 ամիսների կտրվածքով իրենք ակնկալում էին ՀՆԱ-ի 20% անկում, այնինչ այն կազմել է 16,3%՝ ավելացնելով, որ հակաճգնաժամային քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները։ Ռեկորդային ցուցանիշով տնտեսկան անկման պայմաններում նման դիտարկում անելը արդյոք նմա՞ն չէ ինքնախաբեության։

-Այն քայլերը, որոնք կատարվում են ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար, հատվածական են և չեն կարող արդյունավետ լինել։ Ճգնաժամը կրում է համալիր բնույթ, և համապատասխան քայլերը ևս պետք է համալիր բնույթ կրեն՝ ներառելով ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչներ, առանց որոնց հնարավոր չէ առողջացնել ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգը։  Օրինակ, տարրական բան. դատական համակարգի անգործունակության պայմաններում արդար տնտեսական մրցակցության և այս կարգի երևույթների մասին խոսելն ավելորդ է դառնում։ Քանի դեռ ներդրողները վստահություն չունեն արդար պայմանների առկայության հարցում, իրենք չեն կատարի էական ներդրումներ, նույնիսկ եթե դրանք խոր տնտեսական հիմքեր ունեն։

-Այս կարգի խնդիրները տևական ժամանակ առկա են...

-Այո, այսօրվա խնդիրները ոչ միայն կապված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, այլև եղել են շատ ավելի վաղուց։ Հայաստանում ճգնաժամն ունի երկու բաղադրիչ. մինչև միջազգային ճգնաժամը՝ խորքային տնտեսական խնդիրներ՝ կոռուպցիայի մեծ ծավալներ, մոնոպոլիզացիա, անարդյունավետ կառավարում, ներկրողների գերիշխող դիրք և այլն, դրան էլ ընդամենը ավելացել են համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքները։ Եվ զարմանլի չէ, որ Հայաստանում կրկնակի ավելի վատ, եթե ոչ՝ ավելի շատ, անկում է արձանագրվում, քան այլ երկրներում։

- 2008թ. վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էապես չի անդրադառանա մեր տնտեսության վրա։ Ավելին, նա ասում էր, թե ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է օգուտներ քաղել, քանի որ մեր տնտեսությունը ինտեգրված չէ միջազգային շուկաներին։ Հաշված ամիսներ անց Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ծանր իրավիճակում։ Իսկ այսօր Տիգրաքն Սարգսյանը արձանագրված անկումը կապում է միջազգային ճգնաժամի հետ։ Ի վերջո, ե՞րբ մենք կարող ենք վարչապետից ակնկալել իրական գնահատականներ։

-Կարծում եմ, որ նման կարգի հայտարարություններն ավելի շատ ուղղված են շուկայի կառավարմանը, որը որ անընդունելի է։ Շուկայում ընդգրկված սուբյեկտների հետ պետք է միշտ ազնիվ լինել, այլ ոչ թե պարբերաբար փորձել, լավատեսական գնահատականներով, հույս տալ և փորձել շուկայում ինչ-որ լավատեսական տրամադրություններ ձևավորել։ Կարծում եմ, որ շատ ավելի ազնիվ կլինի հենց սկզբից խոստովանել, որ կառավարության համապատասխան քայլերն առայժմ ցանկալի արդյունքի չեն բերում։ Եվ այն հսկայական վարկային ներարկումները, որոնք կատարվում են տնտեսության մեջ, ևս չեն կարող արդյունավետ լինել, քանի որ կառավարման և կոռուպցիայի մակարդակներն ուղղակի թույլ չեն տալիս հասնել ցանկալի արդյունավետության։ Այսօր խոշորագույն կոռուպցիոներները, որոնք սերտաճած են ներկրման հետ, դիմադրում են։ Եվ բնական է, որ այս պայմաններում չի կարող լինել արդյունավետ կառավարում։ Ցցուն մեկ օրինակ.  ճգնաժամի պայմաններում, թվում էր,  տեղական արտադրողին խրախուսելը պետք է լիներ գերնպատակներից մեկը։ Սակայն մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ալկոհոլային խմիչքներ արտադրողների փորձերը՝ ավելացնելու ակցիզային հարկը ալկոհոլային արտադրանքի ներկրման վրա, ունեցավ կարճաժամկետ արդյունք։ Օրենքն ընդունվեց ԱԺ-ում, սակայն, քանի որ այն չէր համապատասխանում ներկրողների շահերին, որոնք այս երկրում շատ ավելի հզոր են, ընդամենը մեկ ամիս մնաց ուժի մեջ։ Նույն ԱԺ-ն «հետողորմյա» արեց և չեղյալ համարեց այդ օրենքը։ Մինչդեռ, այն խրախուսում էր հենց տեղական արտադրողներին։ Իսկ մի շարք օլիգարխներին թույլատրվում է կեղծել արտասահմանյան ալկոհոլային արտադրանքը, ինչի մասին բարձրաձայնում են մեր ուկրաինացի գործընկերները։ Այսինքն, ստվերային ոլորտում ամեն ինչ թույլատրվում է, հովանավորվում է բարձրագույն իշխանությունների կողմից։ Իսկ տեղական արտադրողի շահերը միանգամայն և կտրուկ ձևով ոտնահարվում են։ Նման պայմաններում խոսել երկրի առևտրային բացասական բալանսի, մեծացող արտաքին պարտքի և այլնի մասին՝ պարզապես ավելորդ է։

-Փաստորեն, կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ձախողվո՞ւմ է։

-Մինչև այսօր ես չեմ տեսնում որևէ հիմք՝ ասելու, թե կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ինչ-որ արդյունք տվել է։ Այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ճգնաժամը խորանալու է։

-Եթե շարունակենք փորձել մեր ներքին խնդիրները լուծել արտաքին պարտքերի՝ տարաբնույթ վարկերի հաշվին, Հայաստանին որքանո՞վ է սպառնում հայտնվել սնանկ պետության կարգավիճակում։

-Հայաստանը հենց այդ ճանապարհի վրա է։ Իհարկե, եթե շարունակվի այդ միտումը, իսկ այդ վարկային ռեսուրսները անարդյունավետ ծախսվեն կամ վատնվեն, ապա կրկին առաջանալու է նոր միլիարդներ ներգրավելու պահանջ։ Այդ դեպքում մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է այնպիսի աստղաբաշխական  չափերի հասնել, որը իրական վտանգի առջև կարող է կանգնացնել մեր պետությանը՝ Հայաստանը խամաճիկ դարձնելով միջազգային տնտեսական կառույցների ձեռքում։ Այս պարագայում մենք պարզապես չեն կարող դիմակայել արտաքին մարտահրավերներին։

-Եթե իրավիճակն էլ ավելի խորանա, իսկ  հակաճգնաժամային քաղաքականությունը ոչ մի արդյունք էլ չտա, որքանո՞վ կառաջանա կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը։

-Խնդիրը կառավարության հրաժարականը չէ։ Խնդիրն ամբողջ իշխանական համակարգի հրաժարականն է։ Այսօր ես կարող եմ փաստել, որ կառավարությունն իշխանական ամբողջ համակարգի մեջ առավել բարեփոխիչ ճյուղն է։ Չեմ կարծում, որ զոհաբերելով կառավարությանը, բերելով մեկ այլ՝ շատ ավելի վատ կառավարություն, իրավիճակը կշտկվի։ Պետք է ամբողջ կառավարությունն արմատական փոփոխությունների ենթարկվի։ Խնդիրը պետք է արմատական դաշտում լուծվի։ Այսինքն, նոր ընտրությունների միջոցով ձևավորվի նոր իշխանություն։

-Արդյոք Ձեր նշած վատ իշխանության պարագայում Տիգրան Սարգսյանը բարեփոխի՞չ վարչապետ է։

-Նման իշխանության մեջ լինել բարեփոխիչ վարչապետ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, շատ բարդ է։ Ամբողջ իշխանական համակարգն է աղավաղում որոշումները։ Եվ, վերջիվերջո, Տիգրան Սարգսյանը չէ, որ ամեն ինչ որոշում է։

-Այսինքն, նա անում է այն, ինչն իրեն ասվում կամ պարտադրվու՞մ է։

-Վարչապետն անում է այն, ինչն իրեն թույլ են տալիս։ Իսկ թույլ են տալիս շատ քիչ բան։ Ինչ վերաբերում է մնացած այն ոլորտներին, որոնք արդեն ուղղված են որոշ մարդկանց բիզնեսը հարստացնելուն, ապա, այո՛, ինչն իրեն պարտադրում են, նա ստիպված անում է։

-Այսինքն, ըստ Ձեզ, այն քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, ըստ էության, պահանջում են ամբողջ իշխանությա՞ն հրաժարականը։

-Նայած թե ում նկատի ունեք։ Կան իշխանության ներսում վարչապետի հրաժարականը պահանջող ուժեր և մարդիկ։ Կարծում եմ, որ եթե այդ թևը հաղթի, ապա մենք կունենանք ավելի վատ կառավարություն, և դրանից ոչինչ չի փոխվի։ Իսկ եթե նկատի ունենք ընդդիմությանը, ապա, այո՛, ընդդիմությունը պահանջում է արմատակա՛ն փոփոխություններ, այլ ոչ թե՝ տեխնիկական։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը