Հարցազրույց

20.07.2009 14:47


Հրանտ Մարգարյան

Հրանտ Մարգարյան

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

-Ինչպե՞ս եք ձեզ զգում ընդդիմադիր դաշտում.

-Ինչ-որ առումով լավ ենք զգում, ինչ-որ առումով դժվարությունների մեջ ենք, մտահոգ։ Բնական է, մենք նոր ենք այս դաշտում և պետք է կայանանք որպես ընդդիմադիր ուժ։ Կայացման ընթացքում ենք, և այս փոփոխությունն իր հետ բերում է բնական դժվարություններ։ Մենք ծրագրման աշխատանքի մեջ ենք և շուտով կկարողանանք ավելի ակտիվ գործել։

-ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ներկայացրել են իրենց քաղաքական պլատֆորմները։ Ի՞նչը չեք ընդունում ներկայացված պլատֆորմներում.

-Եթե համագործակցության առաջարկը լուրջ է, ապա դա պետք է լինի ինչ-որ մի ընթացքի արդյունք։ Դա պետք է ոչ թե հրապարակավ հայտարարվի, և ստեղծվի այս վիճակը, որ լրագրողներն անընդհատ հարցնեն՝ ին՞չ եք ասում, ի՞նչ եք անում, այլ պետք է լինեն խորհրդակցություններ, որոնց արդյունքում պետք է հայտարարություն լիներ։ Կարծում եմ, դա քարոզչական հնարք էր։ Կարթի վրա դրվել էր մի քանի շաքար՝ հայ-թուրքական հարաբերություններ, ցեղասպանության հարց, Ղարաբաղի հարց և այլն, և կախել էին մեր առջև։ Մենք պետք է շլանայինք այդ շաքարներով և կարթը կուլ տայինք։ Կարծում եմ, բավական փորձ ունենք, որ այդ խաղերին տուրք չտանք։ Համենայնդեպս, համագործակցությունը ոչ ոքի հետ չենք բացառում, բայց մենք ինքնուրույն կուսակցություն ենք, ծրագրման փուլում ենք, հրապարակ կգանք մեր ուղեգծով։ Եվ այնտեղ, որտեղ կարողանանք, կհամագործակցենք, այնտեղ, որտեղ չենք կարողանա, չենք համագործակցի։ Վերջապես, վերջնագրերի տեսք չպետք է ունենա համագործակցության առջարկությունը։

-Առավել հավանական եք համարում համագործակցությունը ՀԱԿ-ի՞, թե՞ «Ժառանգություն» կուսակցության  հետ և հատկապես ո՞ր կետերի շուրջ.

-«Ժառանգության» հետ մեր մոտեցումները բավական անորոշություններ ունեն։ Թե ի՞նչ է «Ժառանգություն» կուսակցությունը, դեռևս պարզ չէ. ինչ դերակատարություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության մեջ, ի՞նչ է «Ժառանգությունը» առանց Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժառանգությունը» ՀԱԿ-ի արբանյա՞կն է, թե ինքնուրույն կազմակերպություն է, ինչո՞վ է տարբերվում կամ նման ՀԱԿ-ին։ Սրանք խնդիրներ են, որոնց պատասխանը մենք պետք է իմանանք։ ՀԱԿ-ի պարագայում. ՀԱԿ-ը նախ տարբեր կազմակերպությունների դաշինք է, որտեղ մենք իրար հետ ընդհանուր ազգային ուղվածության մեջ խնդիրներ ունենք։ Իրենց պատկերացմամբ՝ իրենց հետ կարելի է համագործակցել վայրկյանական իշխանափոխության ձգտելով։ Մենք այսօր նման ձգտում չունենք։ Մենք գնում ենք ընտրությա՛ն միջոցով իշխանափոխության։ Ամեն գնով իշխանափոխություն, ամեն ուժի հետ համագործակցել, սատանայի հետ համագործակցել, որ իշխանափոխություն տեղի ունենա, մենք դրան կողմնակից չենք։ Մենք կարծում ենք, որ վերջիվերջո ժողովուրդը պետք է գիտակցաբար կատարած ընտրությամբ իրական իշխանություն բերի, և ոչ թե «ընդդեմ»-ի հասկացողությամբ անընդհատ իշխանափոխություն տեղի ունենա։ Ժողովուրդը պետք է ծրագրերի՛ միջև ընտրություն կատարի։ Այդ առումով, ՀԱԿ-ը կազմող կազմակերպությունների միջև աշխարհայացքների և ուղղությունների բավական մեծ տարբերություն կա, ինչպես նաև և այդ կազմակերպությունների ու մեր միջև։ Դա բավական լուրջ գործընթաց պետք է լինի։ Պետք է հասնենք նրան, որ ժողովուրդը գիտակցաբար մեզ ընտրի և գիտակցաբար մեզ նախընտրի այս իշխանություններից։

-Ինչպե՞ս է պատկերացնում Արցախյան հարցի լուծումը ՀՅ Դաշնակցությունը.

-Հավատում եմ, որ Ադրբեջանը որևէ լուծման հետ չի համաձայնելու, քանի դեռ ձգտում է, որ հարցը ռազմական ուժով լուծվի։ Քանի դեռ հույս ունի, որ պատերազմում կացությունը կարող է վերականգնվել ի նպաստ իրեն, ինքը բանկցային սեղանի շուրջ համաձայնության չի գա։ Մի բան կարող է Ադրբեջանին ստիպել՝ բանկցային սեղանի շուրջ խնդիրը լուծել։ Դա պատերազմի բացառումն է։ Եթե միջազգային ուժերը կարողանան երաշխիք տալ, որ պատերազմը բացառված է, այդ ժամանակ Ադրբեջանը կգա կկանգնի լուծման բանակցային տարբերակին։ Այսօր այդ երաշխիքը չկա։ Եվ քանի չկա, մեր կողմից զիջումների մասին խոսելը քաղաքական տհասություն է։ Մենք միջազգային հանրությունից մի բան պետք է պահանջենք՝ բացառել պատերազմը,  մենք փոխադարձ զիջումներով կլուծենք հարցը։ Միայն այդ ժամանակ է, որ առարկայական կլինի Արցախի հարցի լուծումը։ Իսկ եթե չենք կարող բացառել պատերազմը, որևէ զիջում ավելի աղետալի պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Այս «ստատուս-քվոն» խաղաղություն է պարտադրել 14 տարի, և սրանից զիջումը կարող է պատերազմի պատճառ դառնալ։

-Արցախյան հարցի շուրջ բանակցությունները ձեզ գոհացնո՞ւմ են, թե՞ ոչ.

-Ո՛չ, բնականաբար։ Շատ բնական է, որ Ղարաբաղի հարցով բանակցի Ղարաբաղը։ Միայն մի դեպքում Ղարաբաղը կարող է չբանակցել՝ եթե Ադրբեջանն ընդունում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Կարծում եմ, այդպիսի նախադեպ կար, սակայն Ալիև որդին 0-ից սկսեց, և մենք ևս պետք է վերադառնայինք 0 կետին, պետք է Ղարաբաղը շարունակեր բանակցել։

-Ի՞նչ արդյունք տվեց այսպես կոչված «ժողովրդական դիվանագիտությունը».

-Չի կարելի շոշոփելի արդյունք սպասել այդ տեսակ նախաձեռնություններից։ Այդ նախաձեռնությունը ավելի շատ նպատակ ուներ շփոթ ստեղծել։ Ես կուզեի, որ ադրբեջանցիներն  իսկապես գային տեսնեյին Ղարաբաղը, և տեսնեին, որ այն կայացած երկիր է։ Դա հոգեբանորեն ճիշտ ազդեցություն կթողներ իրենց վրա։ Բայց կեղծ բարեկամություն խաղալը ես չեմ ընդունում։ Բարեկամությունը փոխադարձ իրավունքների հարգանքի վրա է հիմնված լինում։ Մարդ չի կարող ասել, որ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, և ինքն անձնական բարեկամություն է անում։ Այդպիսի բան չի լինում, որ մարդ կարողանա անջատել իրեն քաղաքականությունից։ Ինձ թվում է, մթնոլորտ էին փորձում ստեղծել՝ փչացնելու հավանական տրամադրությունները։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը