Մեկնաբանություն

14.09.2013 17:03


Սերժի «խփած» տոկոսները, Ֆյուլեն, պուտանկեքը և «քցոցին»

Սերժի «խփած» տոկոսները, Ֆյուլեն, պուտանկեքը և «քցոցին»

Վերջին երեք խոշոր ընտրություններում Սերժ Սարգսյանին հաջողվեց տոկոս «խփել» և վերարտադրել իր իշխանությունը։ Դա հնարավոր դարձավ ոչ միայն պուտանկեքի, շրջիկ խմբերի, ընտրակաշառքով քվեարկածների, վարչական ռեսուրսի, փոքրաթիվ կողմնակիցների և ցուցակային աճպարարությունների, այլ նաև «մեծապատիվ պուտանկեքի»՝ ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից ճամարտակող եվրոչինովնիկների օգնությամբ։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ պուտանկեքն ու շրջիկ խմբերը չէին կարողանա իրենց գործն անել, եթե չլիներ ֆյուլեների ու մարտենսների բարձր հովանավորությունն ու «գաղափարական» օժանդակությունը։

Եվրոօլուխները որոշել էին ՀՀ քաղաքացիների թիկունքում ու Հայաստանի ապագայի հաշվին գործարք կնքել Սերժ Սարգսյանի հետ, և մեր երկիրը դարձնել ՌԴ–ի դեմ օգտագործվող գործիք ու տարածաշրջանային մանրադրամ։

Սերժն, իհարկե, անմեղսունակ էր և չէր հասկանում, թե ինչ է անում։ Նրան հետաքրքրում էր վերարտադրվելն ու Արևմուտքից խոստացված փողը։ ՀՀԿ ղեկավարն ամբողջությամբ օգտվեց եվրոընտրակեղծարարների աջակցությունից և ուզածի չափ «խփեց»։

Հիմա Շտեֆան Ֆյուլեն ու մյուսներն իրենց Սերժ Սարգսյանից «քցված» են զգում, սակայն պետք է բացառապես իրենք իրենց մեղադրեն, քանզի ֆունկցիոնալ առումով գրեթե չեն տարբերվել ընտրաստրկավաճառների վերածված պուտանկեքից ու բազմակի քվեարկություն իրականացրած շրջիկ խմբերից։ Ավելին, Ֆյուլեն ու ԵԺԿ–ի Մարտենսը, ինչպես նաև ընտրակեղծիքները ողջունած մյուս եվրոչինովնիկների վարքն ավելի զզվելի է, քան պուտանկեքինը, քանզի վերջիններս վեհ գաղափարներից չէին խոսում Սերժի, ՀՀԿ–ի ու Տարոն Մարգարյանի համար տոկոս ապահովելիս։ Մինչդեռ ԵՄ հանձնակատար Ֆյուլեն ու Մարտենսը ստանձնել էին ընտրակեղծարարների փաստաբանի դերը և գովերգում էին Հայաստանը աճուրդի հանած Սարգսյանին։ Հետևաբար՝ Ֆյուլեն ու մյուս կեղծարարներն ավելի մեծ մեղքի բաժին ունեն, քան շարքային պուտանկեքն ու քվե գնող թաղային խուժանը։

Կյանքը ցույց տվեց, որ ֆյուլեները ոչնչով չեն տարբերվում փտած ՍՍՀՄ–ի պոլիտբյուրոյականներից։ Սովետական քաղնոմենկլատուրան քարոզում էր սովետական արժեքները, իսկ եվրոչինովնիկները՝ արևմտյան (համամարդկային) արժեքները, բայց երկու դեպքում էլ կեղծիքի հետ գործ ունենք։ Քանզի եվրոչինովնիկները, սովետական պոլիտբյուրոյականների պես, մի բան ասում են՝ գործնականում լրիվ հակառակ բաներն անելով։

Այնպես որ հարց է, թե ով ում պետք է դատի տա ԵՄ ասոցացումից հրաժարվելու համար։ Ֆյուլեն Սերժի՞ն, թե՞ մենք Ֆյուլեին ու Սերժին միասին վերցրած։ Իսկ այն որ Սերժը «քցել» է Շտեֆանին, դա արդեն երկու «քցողների» ներքին խնդիրն է։ Մանավանդ որ կողմերն իրար արժեն։ Չէ՞ որ Ֆյուլեն էլ իր հերթին էր «քցել» ՀՀ քաղաքացիներին ու ստորագրել ընտրակեղծիքների տակ։

Ցավալին այն է, որ այդ «քցոցիից» տուժեց ՀՀ–ն, որին Սերժն ու Ֆյուլեն, հայաստանյան «արևմտամետների» հետ միասին, տարան ու մտցրեցին Մաքսային միություն։

Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ իշխանափոխություն, որին կհետևի ԵՄ–ի հետ հարաբերությունների վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև ՌԴ–ի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական հարաբերությունների հաստատումը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը