Մեկնաբանություն

14.09.2013 16:25


Հեռուստաեթերից երեւում է իշխանության սֆաթը

Հեռուստաեթերից երեւում է իշխանության սֆաթը

1990-ականների սկզբին ազգային հեռուստաընկերության ղեկավար նշանակվեց իմ սիրելի դասախոսը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը:

Առաջին իշխանության այս քայլն ինձ պարզապես ապշեցրեց. մտածեցի՝ հրաշալի է, հեռուստաընկերությունը վստահվում է փայլուն գիտնականի, արվեստագիտության դոկտորի, որի սկզբունքայնությանը, բարձր ինտելեկտին ոչ ոք չի կասկածում, եւ որը հաստատապես իրական արժեքների ու չափանիշների մեծագույն գիտակն ու պաշտպանն է:

Ուրեմն՝ անկախ երկրի հեռուստաեթերը վստահաբար կլինի բովանդակալից ու հետաքրքիր՝ գնահատելով ու քարոզելով ոչ թե կեղծ, այլ իրական արժեքներ:

Ի դեպ, Հենրիկ Հովհաննիսյանը հրաժարվեց օգտվել ծառայողական մեքենայից եւ աշխատանքի էր գնում հասարակական տրանսպորտով:

Ավաղ, ուրախությունս շատ կարճ տեւեց, քանի որ Հենրիկ Հովհաննիսյանը այդ կառույցը ղեկավարեց ընդամենը մի քանի ամիս եւ հեռացավ: Ավելին՝ որքան էլ ցավալի է աշխատանքից հեռանալուց հետո կաթված ստացավ եւ երբ ցրտի ու մթի տարիներին նրան հանդիպեցի մետրոյում՝ ահավոր տխրեցի, երբ տեսա, թե ինչ վիճակում էր:

Մարդը չդիմացավ. շա՜տ բարձր չափանիշներ էր դրել աշխատակիցների առջեւ՝ մասնագիտական աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար: Մինչդեռ հանդիպել էր կատարյալ տգիտության եւ անհասկացողության:

Բացի այդ՝ «արժեհամակարգային» կտրուկ փոփոխություն էր տեղի ունեցել, եւ նրանից պահանջվում էր ստեղծել մի «նոր» հեռուստաընկերություն՝ թեթեւ մարսվող հաղորդումներով, զվարճալի շոուներով ու КВН-ային մակարդակ ապահովող զանազան ծրագրերով հագեցած «արկղ», ինչը բնականաբար, անվանի գիտնականի, իսկական մտավորականի պատկերացումներից դուրս մի բան էր:

Պարզապես, նա չէր կարող այդ աստիճան «իջնել», երբ մանավանդ ողջ կյանքում արվեստի բարձրագույն չափանիշներով է առաջնորդվել եւ ձգտել է ամեն կերպ հանրությանը (հեռուստադիտողին) բարձրացնել վեր եւ ոչ թե նրան սուզել կեղտոտ ճահճի մեջ:

Նկատենք նաեւ, որ այդ տարիներին արդեն ակնհայտ դարձավ, թե որն է նախընտրելի իշխանության համար, երբ «Հայաստան» հիմնադրամը սկսեց ֆինանսավորել Ուրախների եւ հնարամիտների հայկական ակումբին:

Ինչեւէ, այսքան «հեռվից» չէի սկսի, եթե օրեր առաջ չլսեի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի խոսքը: Ինչպիսի՜ ընտրություն՝ Հենրիկ Հովհաննիսյանից մինչեւ Ջաղինյան, ինչով լավագույնս է բացահայտվում հայկական հեռուստատեսության բովանդակային անկումը:

Ինչեւէ:

Ջաղինյանը վստահեցնում է, որ նոր եթերաշրջանում փոփոխություններ կտեսնենք. «Ռաբիզության հետ կապված՝ ասեմ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ Բեթհովենը դա շուն ա, Մոցարտը դա կոնֆետ ա, Չարենցը դա հազարանոց ա, Կոմիտասը դա փողոց ա: Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ ես ամեն ինչ անելու եմ, որ դա փոփոխվի: Ծրագրեր ենք անում եւ անելու, իսկապես փոխվելու է, կտեսնեք»:

Իրոք, զարմանալի է. մարդը պաշտոն է ստանում եւ հանկարծ այնպիսի մտքեր է սկսում արտահայտել, որ կարծես՝ քո դիմաց սուրբ է կանգնած:

Այն, ինչի մասին խոսում է խորհրդի նորաթուխ նախագահը, այդ ամենը նա քարոզել ու տարածել է 22 տարի՝ գլխավորելով «Շարմ-հոլդինգը»:

«Շարմ»-ն է արտադրել ու բոլոր հեռուստաընկերություններին մատուցել այնպիսի «հեռուստանախագծեր» ու ֆիլմեր, որոնց «դրական ներգործությունը» հանրության վրա եղել է վերջինիս լիակատար դեգրադացումը:

Զանազան «ֆեշըն շոուների» ու «տրանզիտների», «Տաքսի՝ էլի լավ ա»-ների պրոդյուսերը տարիներ շարունակ, մեծ հաշվով, զբաղվել է հանրության շրջանում անգրագիտության ու ռաբիսության տարածմամբ:

Ի դեպ, մեկը, որ գրական հայերենից հեռու է կլիոմետրերով, նույնիսկ «բնական» է որ նրա բուռն պրոդյուսերական գործունեության «շնորհիվ» պետք է հայկական եթերը վերածվեր «հեռուստակոյուղու»: Մինչ օրս նա տարրական բառերը արտասանում է այսպես՝ «սեկտեմբեր», «այռուծ», «բալանի» և այլն:

Կարեւոր է նկատել այն, որ 2008-ից այս կողմ հասարակական տարբեր կազմակերպություններ, մշակույթի գործիչներ պարբերաբար դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով բարելավել հայկական հեռուստաեթերի վիճակը: Հարցի շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ Հանրային խորհրդում, անգամ մշակվել են չափորոշիչներ, որոնցով իբր պետք է առաջնորդվեին հետուստաընկերությունները: Նույնիսկ, մրցանակներ են սահմանվել՝ որոշելու, թե որն է ամենատգեղ եթերը եւ այլն:

Սակայն այս ամենը զրոյական նշանակություն է ունեցել, քանի որ ինչպես նախկինում գործել են, այսօր էլ շարունակում են «նույն ոգով» գործել հեռուստաընկերությունների մեծ մասը: Շարունակում են մատուցել նույն «խլամ» արտադրանքը՝ հոգեզրկելով ու այլասերելով հանրությանը, դե, իսկ «ռեյծինգի» մրցավազքում շարունակելով հսկայական գումարներ աշխատել: Ջհանդամը թե՝ ազգին չեն ապուշացնում ու հիմարացնում, ջհանդամը թե՝ իրենց արտադրած սերիալներով ու պլագիատ ծրագրերով չի բարոյալքվում ու տխմարանում հեռուստադիտողը:

Իսկ «բարելավումը» այն եղավ, որ Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

Դե, մարդը «Գարեգին Նժդեհ» մեդալ ունի, «Մովսես Խորենացի» մեդալ ունի (հետաքրքիր է, Խորենացու «Հայոց պատմություն» գրքի շապիկը գոնե տեսե՞լ է), մշակույթի նախարարության ոսկե մեդալ է ստացել…

Երեւի՝ «գլամուռ» բուծելու տեւական ջանքերի համար:

Ընդհանրապես, ժամանակը չէ՞ լուծարել այս նախարարությունը, որը ոչ մեկի պետք չէ, քանի որ հասարակության, ժողովրդի «հոգեւոր-մշակույթային» պահանջմունքները բավարարում են հեռուստաընկերությունները։

Մի խոսքով՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ եթերն է, նույն «արժեհամակարգի» կրողներն են, եւ ինչ-որ դրական բան հնարավոր չէ սպասել հեռուստաեթերից ընդհանրապես, Հանրայինից՝ մասնավորապես:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը