Աշխարհ

14.09.2013 12:21


Զգուշության կոչ Ռուսաստանից

Զգուշության կոչ Ռուսաստանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչով դիմել է ԱՄՆ բնակչությանն ու երկրի ղեկավարությանը՝ զգուշացնելով Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների դեպքում հնարավոր հետևանքների մասին։ «ՄԱԿ հիմնադիրները հասկացել էին, որ խաղաղության և պատերազմի վերաբերյալ որոշումները կարող են լինել միայն փոխադարձ համաձայնության դեպքում։

Այս խորքային քաղաքական իմաստությունը տասնյակ տարիներ շարունակ ապահովեց կայունությունը միջազգային հարաբերություններում»,–ասված է The New York Times-ում հրապարակված ՌԴ նախագահի նամակում։ Պուտինը նշում է, որ, չնայած շատ երկրների քաղաքական և հոգևոր առաջնորդների՝ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու անհամաձայնությանը, ԱՄՆ հնարավոր հարվածը կդառնա հերթական անմեղ զոհերի և իրավիճակի սրման պատճառ, ինչն իր հերթին կտարածվի ամբողջ տարածաշրջանում։

«ԱՄՆ հարվածը կնպաստի բռնությունների տարածմանը՝ սանձազերծելով ահաբեկչության նոր ալիք։ Դա կարող է վիժեցնել Իրանի միջուկային խնդրի լուծմանն ուղղված բազմակողմ ջանքերը, իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը՝ խորացնելով անկայունությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Միացյալ Նահանգների ռազմական գործողություններ սկսելու որոշումը կարող է հավասարակշռությունից դուրս մղել միջազգային իրավունքն ու խաթարել միջազգային օրենքները»,–գրում է Պուտինը՝ շեշտելով, որ Սիրիան վկայում է ոչ թե ժողովրդավարության համար մղվող պայքարը, այլ բազմակրոն երկում իշխանության և ընդդիմության զինված հակամարտությունը։ Ամերիկացիներին ուղղված իր կոչում ՌԴ նախագահը վերլուծում է սիրիական հակամարտության պատճառները, հնարավոր զարգացումներն ու հիմնավորում, որ այն խաղաղ կարգավորման այլընտրանք չունի. «Աշխարհն արձագանքում է՝ հարցնելով. «Եթե դուք չեք կիրառում միջազգային օրենքը, ապա պետք է փնտրեք այլ ճանապարհներ՝ ապահովելու ձեր անվտանգությունը»։– Այսպիսով, գնալով աճում է երկրների թիվը, որոնք ձեռք են բերում զանգվածային ոչնչացման զենքեր։ Դա տրամաբանական է. եթե դու ունես ռումբ, ապա ոչ մեկը քեզ ձեռք չի տա:

Ստացվում է, որ մենք խոսում ենք չտարածման ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին, իսկ իրականում այն քայքայվում է: Մենք պետք է դադարեցնենք օգտագործել ուժի լեզուն և վերադառնանք քաղաքակիրթ քաղաքական և դիվանագիտական հակամարտությունների կարգավորման ճանապարհի: Եթե մենք կարողանանք խուսափել ուժի կիրառումից Սիրիայի դեմ, ապա դա կնպաստի մթնոլորտի փոփոխմանը միջազգային հարաբերություններում և կամրապնդի փոխադարձ վստահությունը:

Հարկ է նշել, որ իմ գործնական և անձնական հարաբերություններում նախագահ Բարաք Օբամայի հետ նկատվում է վստահության աճ: Ես բարձր եմ գնահատում դա: Ես ուշադրությամբ ուսումնասիրել եմ սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված նրա ուղերձը։ Ես համաձայն չեմ իր այն պնդման հետ, թե ամերիկյան ազգը բացառիկ է, իսկ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը տարբերում է ԱՄՆ-ը մյուսներից, և դա այն է, ինչ դարձնում է ԱՄՆ-ին բացառիկ: Ես շատ վտանգավոր եմ համարում մարդկանց մեջ իրենց բացառիկ լինելու մասին գաղափարի խրախուսումը՝ անկախ դրդապատճաներից: Կան փոքր և մեծ, հարուստ և աղքատ երկրներ, ժողովրդավարության հին ավանդույթներ ունեցող երկրներ և այնպիսի երկրներ, ովքեր դեռ փնտրում են այդ ճանապարհը: Տարբերվում է նաև նրանց քաղաքականությունը: Մենք տարբեր ենք, բայց երբ մենք խնդրում ենք Աստծո օրհնությունը, մենք չպետք է մոռանանք, որ Աստված ստեղծել է մեզ հավասար»,–ասված է Վ. Պուտինի նամակում։

Ուշագրավ է, որ ամերիկացիներին ուղղված ՌԴ նախագահի կոչում բերված փաստարկներում և հիմնավորումներում օգտագործվել են նաև ՀՀ-ում Մակեդոնիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի փորձագիտական գնահատականները։

Թարգմանությունը՝ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը