Հարցազրույց

18.07.2009 18:30


Երվանդ Բոզոյան.

Երվանդ Բոզոյան.

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Նախագահների մոսկովյան հանդիպումը բազմաբնույթ  քննարկումների տեղիք է տվել։ Այժմ հանդիպումն արդեն իրողություն է։ Ի՞նչ կասեք այդ հանդիպման վերաբերյալ.

-Կարծում եմ դա հերթական հանդիպում էր, ուղղակի շատ ավելի շեշտադրում կար տարատեսակ մեկնաբանությունների հետ կապված, որոնք մինչ այդ կային համանախագահների եռյակի հայտարարության հետ կապված: Հասարակության մեջ բնական մտահոգություն կար, որ հնարավոր է ավելի կոնկրետացվի և բազային փաստաթուղթ ստորագրվի։ Փառք Աստծո, որ այդպիսի բան չստորագրվեց, և հույս ունեմ, որ մոտ ժամանակներս ևս չի ստորագրվի։

-Քաղաքական որոշ ուժեր, տեսաբաններ, գործիչներ և այլն փորձում էին մադրիդյան սկզբունքների մեջ Հայաստանի համար փրկարար օղակ տեսնել։ Հիմա, երբ այս բանակցությունների արդյունքում տեսնում ենք, որ մադրիդյան սկզբունքներըն այնքան էլ իդեալական չեն, ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել ներքաղաքական կյանքում.

-Գիտեք, այդ քաղաքական ուժերը միշտ էլ գովաբանում են այն ինչ-որ ընդունված է իշխանության կողմից։ Ցավոք, դա ընդունված բան է Հայաստանում։ Ինչ վերաբերում է սկզբունքները գովաբանելուն, ապա այս խնդրի շուրջ բավականին հեղհեղուկ պատկերացումներ կան, բավականին մակերեսային է միշտ ընկալվել Ղարաբաղյան խնդիրը։ Ընդհանրապես, որպես ազգային խնդիր բոլորը հասկանում են, թե ի՞նչ են ուզում, բայց տեխնոլոգիապես ոչ ոք չի էլ պատկերացնում, թե այդ խնդիրն ինչպե՞ս կարող է լուծվել։ Դրա համար երբ գալիս են այդպիսի սկզբունքներ, մարդիկ իրենց տեսակետները հայտնելու համար, արտահայտվելու, քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար խոսում են։ Մարդիկ ունեն իրենց պատկերացումները, սակայն չեն պատկերացնում, որ իրենց դրական պատկերացումները կարող են ուղղակի ի չիք դառնալ այն սկզբունքներին, որոնք իրենք առաջին հայացքից դրական են գնահատում։ Կարծում եմ, որ հասարակության հիմնական մասն իր մտահոգությունը հայտնեց և դա շատ բնական էր։

-Դուք նշել էիք, որ այն մարդիկ, ովքեր շուտափութ խաղաղություն են ուզում, օբյեկտիվորեն նպաստում են պատերազմին։ Հիմա երբ նախագահները հանդիպել են և որոշակի ուղղություններ հայտնի են, Ձեր կարծիքով, անցե՞լ է  «շուտափույթ խաղաղության» և հավանական պատերազմի վտանգը.

-Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ խաղաղության գլխավոր երաշխիքը ստատուս-քվոյի հավասարակշռությունն է։ Խաղաղությունը ոչ թե  այն բանի պատճառով է, որ երկու կողմերը կամք ունեն խաղաղ ապրելու, այլ խաղաղությունը հաստատվում է միայն այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը չի կարող հաղթանակ տանել մյուսի նկատմամբ։ Պարտությունը կարող է բերել իշխանափոխության։

-Բանակցային գործընթացում ամառային «time out» է վերցված և ամենայն հավանականությամբ հաջորդ հանդիպումը կլինի աշնան կեսերին։ Այդ ընթացքում ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական զարգացումների հետ կապված, և, արդյոք դա կապվո՞ւմ է հայ-թուրքական հարաբերությունների հոկտեմբերյան հանգուցալուծման հետ.

-Այստեղ կա մի վտանգավոր տենդենց։ Բանակցությունները կարելի է դիտարկել երկու կողմից. բանակցությունները որպես բանակցություններ և բանակցությունների առարկան։ Բանակցություններն ինքնին շատ դրական երևույթ են և լեգիտիմ հիմք են ստեղծում խաղաղության համար։ Քանի կան բանակցություններ, կողմերից որևէ մեկի պատերազմական գործողությունը միջազգային ատյանում լեգիտիմ չի ընկալվում։ Ինչ վերաբերում է բանակցությունների առարկային, ապա այն առաջ է գալիս տվյալ իրողությունից։ Այդ առումով, ինչքան երկար պահպանվի ստատուս-քվոն այնքան շահեկան է մեզ համար։ Այդ իմաստով, չեմ կարողանում հասկանալ, թե շտապողականությունն ինչով է պայմանավորված։ Բանակցությունների այսպիսի արագացված տեմպերի համար խթան հանդիսացավ հայ-թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Թուրքիան լեգիտիմ իրավունք ստացավ՝ ակտիվորեն միջամտել Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ արագացումը խոչընդոտում է մեզ, քանի որ այս պահին ցանկացած առաջարկ, որ բերվի, լինելու է ոչ հայանպաստ։ Իսկ ոչ հայանպաստ պայմանը նշանակում է ուղղակի անվտանգության խնդիր Լեռնային Ղարաբաղի համար։ Անվտանգության խնդիր ԼՂ-ի համար՝ ուղղակի նշանակում է անվտանգության խնդիր ՀՀ-ի համար։ Սա լոկալ խնդիր չէ։

-Մինչև ֆուտբոլային հանդիպումը, Ղարաբաղի կարգավորման գործընթացում ստորագրություններ կդրվե՞ն.

- Ճիշտն ասած դժվարանում եմ ասել, հուսով եմ, որ այդպիսի բան չի լինի, որովհետև, ըստ էության, դա ուղղակի կհակասի Հայաստանի ազգային–պետական շահերին, էլ չեմ ուզում ասել որ լուրջ սպառնալիք կլինի Լեռնային ղարաբաղի անվտանգությանը։ Չեմ կարծում, որ հանուն ինչ որ վերացական հարաբերությունների Հայաստանի ղեկավարությունը պետք է գնա նման քայլերի։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը