Մեկնաբանություն

11.09.2013 16:55


«Կայծակ-հեռագիրը» ցնցող էր

«Կայծակ-հեռագիրը» ցնցող էր

Առավոտից սոցիալական ցանցերում հեգնանքի ու ծաղրանքի, տարակուսանքի ու զարմանքի, քամահրանքի, ամոթի ու անպատվության զգացումներով միախառնված «ղժժոցներ» են լսվում:

«Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»: Այսպիսի տեքստ էր տարածել Բաղրամյան 26–ը։

Մարդիկ դեռ շարունակում էին թեժ քննարկումները Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման շուրջ, և ահա, վերջինս որոշեց հերթական անհեթեթ ու անհասկանալի անակնկալը մատուցել հայ հանրությանը: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հոգով–սրտով մտել է Մաքսային միություն և իրեն պահում է գուբերնատորի պես, ով շնորհավորում է իր գործընկերոջը։ Անկախ պետության նախագահական ինստիտուտի կարգավիճակը զանց առնելով՝ նա հերթական «նախաձեռնողականությունը» ցուցաբերեց՝ շտապելով շնորհավորել Մոսկվայի վերընտրված քաղաքապետին:

«Կրեմլին հաճոյանալու կուրսի մեկնարկը տրված է»,– գնահատելով «նախաձեռնողական» Սարգսյանի «կրեաԾիվ» քայլը՝ նկատեցին ոմանք:

«Ֆեյսբուքի» օգտատերերից շատերը, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, հեգնախառն արտահայտություններով կատարած գրառումներում զարմանք հայտնեցին. «Բա Սանկտ-Պետերբուրգի մեր տարածքում վերջերս պատգամավոր ընտրվեց, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չշնորհավորեց նրան, մենք բողոքում ենք»:

Ոմանք էլ հաստատապես պնդեցին, որ, ախր, Կալինինգրադի մարզի ղեկավարությունից դեռ ձեն-ձուն չկա, նրանք չեն շնորհավորել Սոբյանինին, ինչո՞ւ է վռազում Հայաստանի ղեկավարը:

Մաքսային միությանը միանալուն դեմ արտահայտվողներն էլ իրենց հերթին բղավեցին. «Բա որ ասում էինք՝ ինքնիշխանություն ենք կորցնում...ըսենց որ գնա, Սերժը կշնորհավորի նաև Մոսկվայի մարզ համարվող վարչական տարածքների ղեկավարներին՝ հատ-հատ»:

Սարգսյանի «կայծակ-հեռագիրը» զայրացրել էր հատկապես «ազգայնականներին», որոնք նրա այդ քայլը գնահատեցին որպես ազգային արժանապատվությունից զուրկ մարդու արարք, որն, այդպիսով, նվաստացնում է հայ ժողովրդին:

Ի դեպ, նկատենք, որ Սերժ Սարգսյանի վերջին ուղերձը եղել է երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին։ Նա շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության օրվա առթիվ:

Ինչպիսի՜ անցում՝ մեկ օր անց՝ շնորհավորանք Մոսկվայի քաղաքապետին:

Դե, երևի մեկ տարի առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հրապարակային երկխոսության ֆոնին Սերժ Սարգսյանի այս քայլը պետք է «նորմալ» համարենք:

«Դերեվյաննի պարենի»՝ իրեն ուղղված դիֆերամբային ճառն ընդհատելով՝ ՌԴ նախագահը փորձում է ճշտել, թե որքան մարդ է հիմա ապրում Հայաստանում:

Աբրահամյանից լսելով պատասխանը, թե ՀՀ-ում 3 միլիոն 200 հազար մարդ է ապրում, Վ. Պուտինը նկատում է. «Դա՝ հայերի գնահատականով, իսկ մեր գնահատականով՝ ավելի քիչ մարդ է ապրում»:–Դահլիճը հռհռում է:

Քանի որ մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ոտքով-գլխով «խրված» էր ԵՄ ասոցացման գործընթացի մեջ, ավաղ, «չհասցրեց» մի երկու խոսք ասել Պուտինին: Ասենք, թեկուզ այն, որ իր սիրելի ԱՎԾ-ի ղեկավարը մարդահամարի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ է հրապարակել, և ռուսների կամ Կրեմլի գնահատականը ՀՀ բնակիչների թվի մասին այնքան էլ ճիշտ չէ: Չասեց, կամ էլ, երևի, համացանցում հայտնված այդ նվաստացուցիչ տեսանյութը ժամանակի սղության պատճառով «չի կարողացել» դիտել:

Դե, սեպտեմբերի 3-ից հետո էլ իմաստ չուներ արձագանքել հիշյալ երկխոսությանը: Մանավանդ որ Սերժ Սարգսյանին քաջ հայտնի է մասնավորապես Մոսկվայի բնակչության թիվը՝ մոտ 15 միլիոն (արվարձաններով):

Հետևաբար, պետք է շնորհավորել Մոսկվայի քաղաքապետին: Թեկուզ նրա համար, որ իր վարած, մեղմ ասած, ապաշնորհ քաղաքականության շնորհիվ վերջին 5 տարիներին Հայաստանը լքել է մոտ 200 հազար հայ, և հեռացողների զգալի տոկոսը հանգրվանել է «ապահով Մոսկվայում»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը