Մեկնաբանություն

10.09.2013 14:15


Դեպի բացարձակ հաճախորդացում

Դեպի բացարձակ հաճախորդացում

Մամուլի հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ տեղի է ունենալու սեմինար–քննարկում Պարույր Հայրիկյանի առաջարկած «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ։

Հայրիկյանի պես գործիչն այլ բան չէր էլ կարող առաջարկել։ Միայն մի փոքր շտկում էր պետք մտցնել մոդելի անվան մեջ, և ամեն ինչ վերջնականապես իր տեղը կընկներ։

Հաշվի առնելով Հայրիկյանի քաղաքական պահվածքը հետանկախական Հայաստանում՝ ճիշտ կլիներ, եթե նա ներկայացներ «Դեպի բացարձակ հաճախորդացում» մոդելը։ Նրա փորձը կարող էր պետք գալ Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդներին ու մղեր նրանց «սխրանքների»։ Սակայն, ավա՜ղ, Հայրիկյանը չի ուզում կիսվել իր փորձով (պոտենցիալ մրցակիցներն այս «նեղ մաջալին» ամենևին էլ պետք չեն)։ Մինչդեռ փորձի պակաս չկա։

Հայրիկյանի հրապարակային առաջին հաճախորդացումը տեղի ունեցավ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նա մեկ օրվա մեջ «թռավ» Վազգեն Մանուկյանից ու այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր լեզու գտավ ընդդիմությանը քլնգելու և Վ. Մանուկյանից տարանջատվելու հարցում։ «Զրոների» մասին պատմությունը լռում է, սակայն այն տարիների գնացուցակը հաշվի առնելով՝ Ս. Սարգսյանի վրա շատ էժան նստած կլինի «անկախության խորհրդանիշի» հետ պայմանավորվելը։

Հաջորդ նախագահական ընտրություններին Հայրիկյանը ծառայություններ մատուցեց Ռոբերտ Քոչարյանին՝ փոխարենը ստանալով նրա խորհրդականի պաշտոնը («զրոների» մասին կրկին ինֆորմացիա չկա)։ Հիշեցնենք, որ նրան Բաղրամյան 26–ում երկար չպահեցին, քանզի հաճախորդը սկսել էր նյարդայնացնել և լրացուցիչ «վիտամիններ» պահանջել։ Հայրիկյանին պարզապես ցույց տվեցին դռան կողմը։ Դրանից հետո նրան պարզապես մոռացան։

Քաղաքական «չուլանից» ԱԻՄ ինքնասիրահարված ու պաթոլոգիկ եսակենտրոն ղեկավարին «մեյդան» հանեց «հնամաշ և արժեզրկված իրերի» մեծ սիրահար Սերժ Սարգսյանը։

Հայրիկյանը նախ 2008թ. «դհոլություն» արեց Տեր–Պետրոսյանի դեմ, ապա 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ «ֆեյք» մրցակցի դեր կատարեց ՀՀԿ ղեկավարի համար։

Չենք կարող չարձանագրել, որ նախագահական վերջին ընտրությունները Հայրիկյանի հաճախորդական կարիերայում նոր խոսք էին։ Նա նախ կարողացավ ահագին կարգավորել իր ֆինանսական ու սոցիալ–տնտեսական պայմանները և, բացի այդ, նոր մակարդակի հասցրեց «Ռուսական իմպերիալիզմի դեմ պայքար» անունը կրող բիզնեսի հասույթները։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանի համար Պարույրը պարզապես գտածո էր։ Պարույրի համար էլ Սերժն էր գտածո, այն էլ՝ վճարունակ գտածո։ Եվ գործարքը կայացավ։ ՍԴ դիմել–չդիմելը լրացուցիչ բոնուս ապահովեց ԱԻՄ առաջնորդին, և նա բավական թանկ գնով վաճառեց «Մահափորձ» օպերացիան՝ հաջողացնելով պետության հաշվին բուժվել արտերկրում։

Սերժ–Պարույր հարաբերությունները հաջողությամբ շարունակվում էին նաև հետընտրական փուլում. Սերժը մեծ քայլերով գնում էր դեպի «Արևմուտք», իսկ Պարույրն էլ պետպատվերի շրջանակներում պայքարում էր ռուսական իմպերիալիզմի դեմ։

Ամեն ինչ փոզմիշ եղավ սեպտեմբերի 3–ին։ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց, որ մտնում է Մաքսային միություն։ Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելն իմպերիալիստական Ռուսաստանի հայաստանյան գործակալների դեմ պայքարի ցանկությամբ հիմնավորող Պարույրի բիզնեսին այդպիսով հսկայական հարված հասցվեց։ Քանզի պարզվեց, որ իմպերիալիզմի թիվ մեկ գործակալը Սերժ Սարգսյանն է։

Այո՛, ծանր է դեպի բացարձակ հաճախորդացման գնացողի վիճակը։ Ստիպված ես լինում անընդհատ վերապրոֆիլավորվել, և արդյունքում ծնվում է սեմինար–քննարկում անցկացնելու ցանկություն։ Մանավանդ որ «Համոն» էլ փող չի տալու։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը