Խմբագրական

26.08.2013 00:06


Հայաստանի և Սերժ Սարգսյանի օրակարգերը

Հայաստանի և Սերժ Սարգսյանի  օրակարգերը

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին ծանոթ են քչերը։ Համենայնդեպս՝ Հայաստանում։

Համաձայնագրի տեքստը համառորեն չի հրապարակվում և դրա PR–ը Բաղրամյան 26–ը պաշտոնապես չի անում (ոչ պաշտոնապես՝ «անկախ» մամուլը վաղուց է սկսել «Запад нам поможет» բենդերական ոճի քարոզը), ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում չունի։ Նա, ինչպես միշտ, պահի տակ է որոշում կայացնելու։ Գիշերային որոշում։

Հանրապետության ղեկավարն այժմ ձգտում է Վլադիմիր Պուտինին համոզել, որ Հայաստանը նախաստորագրելու է, բայց չի ստորագրելու ԵՄ–ի հետ համաձայնագիրը, իսկ մյուս կողմից էլ փորձում է դուրս գալ եվրոպական չինովնիկներին տված խոստումների տակից։ Սարգսյանական «և, և»–ն, ըստ այդմ, իրարամերժ «այո»–ներից բաղկացած «գորդյան հանգույց» է, որից նա գլուխ չի հանում։

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» ցայտնոտի մեջ է։

«Утром стулья, вечером деньги»

Սերժ Սարգսյանի մոտիվացիաներից մեկը ԵՄ–ի հետ համաձայնագիր ստորագրելու հարցում փողն է, որը նրան խոստացել են Արևմուտքից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մեր տնտեսությունը թուլացրած Ս. Սարգսյանին, իրոք, փող է պետք։ Շատ փող։

Տեղին է հիշելը, սակայն, որ հինգ տարվա ընթացքում մի քանի միլիարդ դոլարով ՀՀ պետական պարտքի ավելացումը բան չփոխեց։ Ավելի ճիշտ՝ փոխեց, բայց քչերի կյանքում։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է մակրոտնտեսական ցուցանիշների անկում, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների տնօրինած եկամուտներին և ունեցվածքին վերաբերող պաշտոնական հայտարարագրերը ցույց են տալիս աճ, ընդ որում՝ այդ աճն ուղիղ համեմատական է աղքատության ու արտագաղթի աճին։

Թեև արտաքին ռեսուրսների ներգրավումը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքը չի փոխում, սակայն փոխում է իշխանական վերնախավի հոգեվիճակը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն «արևմտամետ» է դարձել (այլ պատճառ էլ կա, իհարկե, սակայն դրան կանդրադառնամ առանձին հրապարակմամբ)։

Եվրոպացիներն, անշու՛շտ, շատ լավ գիտեն իրենց հաճախորդին, ու դրա համար էլ փողը խոստացել են տալ հաջորդ տարվա փետրվարին՝ առաջնորդվելով հայտնի ֆիլմում հնչեցված բանաձևի վերափոխված տարբերակով, այն է՝ «Утром стулья, вечером деньги»։

ԵՄ–ի չինովնիկները Սարգսյանին առաջարկում են սկզբում միանալ ասոցացման համաձայնագրին, ապա նոր միայն ակնկալել դոնորների ժողով և փողերի ստացում (նմանատիպ բանաձևի կիրառմամբ Արևմուտքը մի ժամանակ փող էր խոստանում նաև ՍՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին)։

Հայաստանը «և»–ի ու «և»–ի արանքում. Սարգսյանի օրակարգը

Կնախաստորագրի՞ Սերժ Սարգսյանը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ՝ կախված է արտաքին ու ներքին ճնշումներից։ Արտաքինի մասով ամեն ինչ կանխատեսելի է. հարվածի տակ է հայտնվելու Ղարաբաղի, կամ որ նույնն է՝ Հայաստանի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ներքին ճնշմանը, ապա ամեն ինչ կախված կլինի քաղաքական ուժերի ադեկվատությունից և ինքնուրույնության աստիճանից։ Իրենց պաշտոնական տեսակետը դեռ չեն հայտնել ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, սակայն դատելով ամենից՝ մենք գործ ունենք աղմկոտ լռության հետ. նոյեմբերը սարերի հետևում չէ։

Մեկ բան ակնհայտ է. ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանին, ցավոք, չի մոտեցնելու ԵՄ–ին (մեզ այնտեղ, հասկանալի պատճառներով, չեն սպասում, իսկ ասոցացման համաձայնագրով պարզապես ուզում են ՌԴ–ի դեմ բուֆերային գոտին «լցնել». ուրիշ ոչինչ) և միևնույն ժամանակ թշնամացնելու է Ռուսաստանի հետ, քանզի այդ համաձայնագիրն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունի։

Այն որ ԵՄ–ի առաջարկած համաձայնագիրը հակառուսական է, ինչպես ասում են, ջհանդամը։ Դա մեզ ընդհանրապես չպետք է հուզեր, բայց խնդիրն այն է, որ մենք ՌԴ–ի հետ միասին գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ առնվազն քաղաքական տգիտության և անմեղսունակության դրսևորումներ են ՀՀ արտգործնախարարությունից հնչող այն ձևակերպումները, թե Հայաստանը տնտեսական առումով ուզում է միանալ հակառուսական ինտեգրացիոն գործընթացներին, իսկ ռազմաքաղաքական ու անվտանգության հարցերում ուզում է մնալ ՌԴ–ի հետ։ Նման միտք հայտնողները կա՛մ իրենք իրենց են դրել հայտնի կենդանու տեղը, կա՛մ հայ ժողովրդին, կա՛մ ռուսներին, կա՛մ էլ՝ ֆյուլեներին ու էշտոններին։

Դա ոչ թե «և, և»–ի քաղաքականություն է, այլ նախաձեռնողական անմեղսունակություն, որը կարող է ազգային ողբերգությամբ ավարտվել այնպես, ինչպես 1920 թվին։

Այն ժամանակ էլ մեր «արևմտամետ» անմեղսունակները հակառուսական բնույթ կրող Սևրի դաշնագիր ստորագրեցին՝ միևնույն ժամանակ «այո» ասելով բոլշևիկյան Ռուսաստանին։ Այսինքն՝ այն օրերին էլ էին փորձում սերժսարգսյանական տարբերակով «և, և» խաղալ։ Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց իր վստահությունը Արևմուտքում և Մոսկվայում՝ հայտնվելով թուրքական բանակի ու բոլշևիկյան ճնշումների տակ։ Որպես հետևանք՝ ունեցանք տարածքների ու պետականության կորուստ։ Եթե հիմա էլ պատմությունը կրկնվի, ապա մենք պետականաստեղծ ազգ կոչվելու իրավունք չենք ունենա և կապացուցենք, որ անմեղսունակությունը քաղաքական կատեգորիա է։

Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել, որ այս անգամ մեր կորուստները կարող են լինել համակարգային ու անդառնալի։ Հետևաբար՝ գոնե սեփական սխալներից արժե հետևություններ անել և պատմությունից դասեր քաղել։

Հայաստանի «և, և»–ը. իրական օրակարգ

Հայաստանի համար լավագույնը կլինի արտաքին «կողմնորոշման» ֆիննական մոդելը, այն է՝ արևմտյան (համամարդկային) ստանդարտներով պետական կառավարման և տնտեսական համակարգի ստեղծում, իսկ արևմուտք–արևելք կողմնորոշման հարցերում չեզոքություն։ Եվրոինտեգրացիայի գործընթացը չպետք է շփոթել կոնկրետ ալյանսների մեջ մտնելու հետ, մանավանդ եթե դրանով հարված է հասցվում մեր անվտանգության համակարգին։

Այո՛, արևմտյան մոդելով բարեփոխումներն այլընտրանք չունեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ինքնամոռաց «արևմտամետ» դառնանք, ինչպես որ մի ժամանակ «թունդ ռուսամետ» էինք, իսկ դրանից առաջ՝ բոլշևիկներից ավելի բոլշևիկ։ Սեփական խնդիրներից այդ ձևերով փախուստը դավաճանությանը համարժեք քայլ է։

Ի՞նչ է, երկրի ներսում ժողովրդավարական ու մրցակցային հարաբերություններ հաստատելուն ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի բացակայությու՞նն է խանգարում. դեմագոգիան, անգրագիտությունը կամ ցինիզմն էլ չափ ու սահման պետք է ունենան։

Այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, ունի իր առանձնահատկությունները և, մենք չենք կարող դրանց հետ հաշվի չնստել։ Այսինքն՝ չենք կարող ռուսական գործոնը հաշվի չառնել՝ մեր իսկ շահերից ելնելով։ Տվյալ դեպքում տեղին է հիշելը «Ուղտն ինչքան էլ սատկած լինի, մի էշաբեռ է» խոսքերը։ Այսինքն՝ ՍՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ինչքան էլ թուլացած, այդուհանդերձ Կովկասում ունի իր ազդեցությունը։ 2008թ. տեղի ունեցած ռուս–վրացական հնգօրյա պատերազմն ասվածի վառ ապացույցներից է։

Ավելորդ չեմ համարում հիշեցնելը, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուսները, իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով, թույլ չտվեցին, որպեսզի Թուրքիան Հայաստանի հետ մտնի պատերազմական գործողությունների մեջ, իսկ Ադրբեջանի հարցերն արդեն ինքներս լուծեցինք։ Հիմա եթե մեր ու ռուսների շահերն անվտանգության հարցերում ներդաշնակ են, ի՞նչ է, ասենք, չէ՛, դա լավ չէ, քանզի ՌԴ–ն ավտորիտար երկիր է։

Խնդիրը ոչ թե ռուսների շահը հասկանալն ու պաշտպանելն է, այլ մեր շահերից ելնելով՝ ռուսական գործոնն օգտագործելը, որպեսզի մեր ու Ադրբեջանի միջև «սառը» պատերազմը չտաքանա և բացի այդ՝ Հայաստանը ստիպված չլինի պատերազմել մի քանի ճակատով։ Նրանք, ովքեր այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում, իրավունք չունեն պետություն կառավարել, քանզի չեն կատարում իրենց հիմնական ֆունկցիան՝ ազգային անվտանգության ապահովումը։

Ինչ վերաբերում է վերջերս մոդայիկ դարձած Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան արհեստական ու նաև դեմագոգիկ բնույթ կրող հարցադրմանը, ապա պետք է նշեմ հետևյալը. ՀՀ–ն և՛ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին, և՛ ՌԴ–ի առաջարկած մաքսային միությանը չպետք է մաս կազմի։ Սա՛ է այն «և, և»–ը, որը մեզ հնարավորություն կտա նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից ու զբաղվել ավելի արդիական ներիքն խնդիրներով՝ քաղաքական ու տնտեսական կյանքի արմատական փոփոխություններով։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար մահաբեր Սևրի դաշնագրի ռեինկարնացիան է և տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության շարունակությունը։ Իսկ դա նշանակում է, որ այն հանդիսանում է մեկ մարդու անձնական շահին վերաբերող օրակարգային հարց։ Ասել է թե՝ պետք է տարբերել Սերժ Սարգսյանի ու Հայաստանի օրակարգերը։ Դրանք «գենետիկորեն» անհամատեղելի են։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շվեդիայի կառավարությունը տնտեսական (կոմունիկացիոն) առումով համագործակցում էր ֆաշիստական Գերմանիայի հետ (օրինակ՝ 1940թ. Նորվեգիայի օկուպացիոն միավորումներից արձակուրդ գնացող գերմանացի զինվորներին Շվեդիայի տարածքով երկաթուղային միջանցք տրամադրվեց)։

Այդպիսի զիջումը Գերմանիային՝ պրագմատիզմի և ռեալպոլիտիկի վառ օրինակ էր, որը ցույց էր տալիս շվեդական արտաքին քաղաքականության առանձնահատկությունը (չեզոքություն) երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Այն պահին, երբ Գերմանիան անպարտելի էր թվում, և երկաթուղային միջանցքի տրամադրման մերժումը կարող էր հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև պատերազմի, Շվեդիան «անարժանապատիվ» «այո»–ն գերադասեց վտանգավոր ու «հերոսական» «ոչ»–ից։ Շվեդների ազգային ու պետական շահը դա էր պահանջում։

Այդ համագործակցությունը, բնականաբար, մարտավարական քայլ էր։ Զուտ արժեհամակարգային առումով դա սխալ մոտեցում էր, սակայն Շվեդիայի իշխանությունն արտակարգ իրավիճակում առաջնորդվում էր ոչ թե գեղեցիկ գաղափարներով, այլ առարկայական պատկերացումներով և սեփական երկրի անվտանգության ապահովման հրամայականով։ Ժամանակը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ էր հաշվարկված։

Ֆաշիստների հետ համագործակցած Շվեդիայի իշխանությանը, սակայն, չէր խանգարում աշխարհի ամենաարդյունավետ կառավարման համակարգերից մեկի հիմքերը դնել և դառնալ Արևմուտքի այցեքարտերից մեկը։

Այնպես որ տնաբույծ «արևմտամետներին» չէր խանգարի գավառամիտ կաղապարներից դուրս գալն ու բոլշևիկյան ուղղամտությամբ չտառապելը։

Այս խորագրի վերջին նյութերը