Հարցազրույց

07.07.2009 18:59


Կարինե Խոդիկյան.

Կարինե Խոդիկյան.

 

Դրամատուրգի հետ մեր զրույցը տեղի ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Գռեհկություն՝ քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկման ժամանակ։

-Ի՞նչ եք կարծում, նման քննարկումներն առողջ բանավեճի մթնոլորտ ձևավորելու համար ինչ-որ բան կարո՞ղ են տալ, թե՞ դրանք կմնան զուտ քննարկումների մակարդակում։

-Եթե նայենք «կաթիլը քար է ծակում» սկզբունքով, ապա, իհարկե, նման քննարկումները շատ լավ բան են։ Վերջին ամիսների, գուցե և տարվա ընթացքում առաջին անգամ նման խնդիր է դրվել։ Մենք, իսկապես, սահմանը շատ ենք անցել։

-Նկատի ունեք՝ պարկեշտությա՞ն սահմանը։

-Մենք ամեն օր տարբեր սահմաններ ենք անցնում՝ մարդկայինի, պարզապես սովորական պարկեշտության... Ինչպես ասում են, թե նախկին դաշնակցական չի լինում, այնպես էլ չի լինում նախկին լրագրող։ Միայն 13 տարի ես աշխատել եմ «Գարուն»-ում, որտեղ ոչ միայն բառի նկատմամբ հարգանք կար, այլև հարգանք կար այն մարդու նկատմամբ, ում մասին գրում էիր, և կարևոր չէ, թե ինչ՝ դրական, թե՞ բացասական։ Պարզապես, դու գիտակցում էիր, որ քո առջև մարդ է, որից հետո միայն դու քո լրագրողական խնդիրն ես լուծում։ Իսկ հիմա լրագրությունը դարձել է ամենակեղտոտ «փեշակը»։ Եվ ինչն է հետաքրքիր՝ ինչքան շատ հայհոյես, այնքան իրենք ավելի շատ են իրենց լրագրող համարում։

-Ու՞մ է առավել բնորոշ նման կեցվածքը։

-Ամենաշատը հայհոյում են այն մարդիկ, ովքեր այս երկրի մի քարը քարի վրա չեն դրել։

-Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը չարացա՞ծ է։

-Սարսափելի։ Ինչի՞ց է սկսվում հասարակության չարությունը։ Անարդարությունից։ Անցած տարվա մարտի 1-ից հետո դուք երբևէ չսպասեք, որ Հայաստան երկրում կլինի հանդուրժողականություն կամ երևանցու հայտնի բարի ժպիտը։ Չի լինի։ Եթե հոկտեմբերի 27-ից հետո Ազգային ժողովում ութ զոհերի հոգիներն են պատեպատ խփվում, ապա մարտի 1-ից հետո ամբողջ Երևան քաղաքի վրա 10-ից ավելի զոհերի հոգիներն են պատեպատ խփվում։ Այսինքն, նկատի ունեմ, որ ստի և կեղծիքի արժեհամակարգը, երբ դնչիդ նայելով՝ բացահայտ սուտ են խոսում, քանդել է երկրի հիմքերը։ Այդպես էլ պետք է լիներ։ Ինչպե՞ս կարող են զոհն ու դահիճը կողք կողքի ապրել և միմյանց հանդուրժել։

-Անարդարությունն այսօ՞ր սկսվեց։

-Փառք Աստծո, որ 1991թ. ընտրություն տեսել եմ, հանրաքվե տեսել եմ։ Ես տեսել եմ, թե ինչ է արդարությունը։ Բայց հիշում եմ նաև, որ 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ եղան կրակոցներ։ Ես ամեն ինչը շատ լավ հիշում եմ։

-Եվ ինչո՞վ էր 1995-96թթ. իրավիճակը տարբերվում 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված դրությունից։

-Բոլոր նախկին ընտրությունների «բախտը բերեց» այնքանով, որ դրանք մարդկային զոհերի չբերեցին։ Բայց դրանց տրմաբանական լուծումն այն էր, որ վերջը պետք է լիներ մարտի 1։ Եվ եթե մարտի 1-ի մեղավորները չպատժվեն, հաջորդ ընտրություններին շատ ավելի վատ է լինելու։

- Չե՞ք կարծում, որ Հայաստանում գրեթե նույն դեմքերի մասնակցությամբ գործընթացները որոշակի փուլերով կրկնվում են։

-Ասում են, որ եղանակն է 12 տարին մեկ փոխվում։ Բայց մարդը չէ՞ որ եղանակից մեկ քայլ առաջ գոնե պետք է լինի։ Ինչո՞ւ պետք է ցիկլով շարժվենք և գանք հերթական կրակոցին, այլ առաջ չգնանք։ Երբ ես ասում եմ մարտի 1՝ իմ ընդդիմախոսներն ասում են, որ 1996-ին պակաս դեպքեր չեն եղել։ 96-ին եղել է, հիմա դուք ուզում եք, որ ես մարտի 1-ից չխոսեմ, որ այս տրամաբանությունը շարունակվի՞։  Եվ հետո, ինչու՞ 1991թ. խորհդային վարչակարգը տանկերը չքշեց ժողովրդի վրա։ Ի՞նչ է, պակա՞ս տանկեր ունեին։ Պարզապես գիտեին, որ ժողովուրդը կուլ չի տա։ Իսկ այսօր տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Այստեղից էլ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է մեր հասարակությունը չարացած։

-Դուք էլ եք չարացած հասարակության մի մասնիկը, սակայն դա չի անդրադարձել Ձեր հմայիչ ժպիտի վրա։

-(Ժպտալով) Գիտե՞ք՝ ինչո՞ւ չեմ չարացել. ես հաշտ եմ ապրում ինքս ինձ հետ։ Այսինքն, անում եմ այն, ինչը անել չեմ կարող։ Եվ իմ ընտրությունս այնքանով է ընտրություն, որ սա իմ երկիրն է։ Չեմ ասում՝ մե՛ր երկիրն է։ Ի՛մ երկիրն է, ի՛մ քաղաքն է, ի՛մ խորհրդանիշներն են...

-Այդ շարքի մեջ իշխանությունները Ձե՞րն են։

-Իհարկե՝ ոչ։ Ասեմ, որ ժամանակին ես բավական շատ ՀՀՇ-ի դեմ եմ գրել և այլն, և այլն։ Բայց այս անգամ իմ ձայնը տվել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ու գիտե՞ք՝ ինչո՞ւ եմ տվել։ Առաջին՝ որոշումս նրանով պայմանավորվեց, որ նա հրապարակավ հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։ Երկրոդը նա էր, որ տեսա  Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված տեսահոլովակները։ Երբ տեսա, որ բոլորն աշխատում են մեկի դեմ, առաջ եկավ զուտ գրողի հոգեբանությունը՝ կանգնել մերժվածի կողքին։ Իսկ հետո, երբ տող առ տող սկսեցի կարդալ նրա ելույթները, որոշումս վերջնականապես կայացրեցի։ Եվ պատահական չէ, որ այսօր իշխանությունները պայքարում են միայն Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։

-Դուք դրանում համոզվա՞ծ եք։

-Ընթացքը ցույց կտա։ Հիմա մի տեսակ «թայմ աուտ» են վերցրել, հետաքրքիր բան է։ Ես ինքս, երբ գնում եմ հանրահավաքի, ուղղակի գնում եմ ընդդիմության կողքը կանգնելու։ Ի վերջո, ես բոլորին հիշում եմ, ես շատ ուժեղ հիշողություն ունեմ։ Երբ ցանկացածին նայում ես, կարող ես ասել, թե անցյալում ի՞նչ է եղել։ Բայց ես մի բան գիտեմ։ Ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ կեղծիքով, ստով չպետք է գալ իշխանության, և այդ իշխանությունը պահելու համար մարդկային զոհ չպետք է տալ։ Իմ պայքարը հիմնականում սրա համար է։

-Փաստորեն, դա ընդվզում է։ Իսկ որքանո՞վ է ճիշտ միայն ընդվզման համար կանգնել մեկի կողքին։

-Բայց չէ՞ որ նրա ուզածն այն է, ինչը ես եմ ուզում տեսնել իմ երկրում։

-Իսկ ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը։

-Նա ասում է՝ ազատ, արդար ընտրություններ...

-Վերցնենք այսօրվա առավել հրատապ խնդիրները՝ Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերություններ...

-Մասնավորապես հայ-թուրքականի մասով Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ դեմ է արտահայտվել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը...

-Իսկ մնացած բոլոր կետերով համաձայնել  է իշխանության մոտեցումներին։

-Գիտեմ, գիտեմ՝ ինչ եք ասելու։ Բայց մեկ սկզբունք. ցանկացած իշխանության դեմ, որը դուրդ չի գալիս, պետք է ընդվզես։ Այսօր ես այս իշխանության դեմ եմ պայքարում։ Վաղը ով էլ որ գա իշխանության և իրեն նման ձևով պահի, միևնույն է, նրա դեմ էլ եմ պայքարելու։ Ես երկու օրից հետո մեկնում եմ Ղարաբաղ՝ մասնակցելու ՀՅԴ հրավիրած համաժողովին։ Ես գնում եմ ոչ միայն համաժողովին մասնակցելու, այլև տեսնելու, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ղարաբաղի ձայնը չի լսվում։ Ինչո՞ւ չի լսվում...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը