Մեկնաբանություն

01.04.2013 20:16


Րաֆֆին գնում է 2–րդ տարբերակով, բայց հույսը չի կտրել 3–րդից

Րաֆֆին գնում է 2–րդ տարբերակով, բայց հույսը չի կտրել 3–րդից

Սերժ Սարգսյան–Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ երբ երկրորդն առաջինին դիմել էր «Բա հիմա ի՞նչ ենք անելու» հարցով, առաջինը երկրորդին առաջարկել էր գործողությունների հետևյալ տարբերակները.

1.Գնալ իշխանափոխության ճանապարհով, որի դեպքում ուժ է կիրառվելու,

2.Իշխանության աջակցությամբ դառնալ «ազդեցիկ ընդդիմադիր ուժ»՝ կապիտալի վերածելով ավելի քան կես միլիոն ձայնը,

3.Կոալիցիա կազմել, բայց այդ դեպքում մոռանալ ընդդիմադիր լինելու մասին, քանզի հակառակ պարագայում պաշտոնից հեռացումը կտևի 10 րոպե։

Այդ հանդիպումից հետո Րաֆֆիի գործողությունները ցույց տվեցին, որ նա սկզբում փորձեց գնալ 1ին տարբերակով, սակայն դա տևեց 1,5-2 օր, որից հետո նա վերադարձավ իշխանության «ողջախոհ» երիտթևի՝ երիտօլիգարխիայի, գիրկը։

Րաֆֆու պայքարն ամբողջությամբ ապաքաղաքականացվեց և տեղափոխվեց «քաղաքացիական»–«հոգևոր» դաշտ։ Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց Սերժ Սարգսյանի առաջարկած մյուս երկու տարբերակները միաժամանակ՝ փորձելով կյանքի կոչել «հաճույք ստանալ և միաժամանակ կույս մնալ» ծրագիրը։ Արդյունքում՝ 80/20 տոկոսային հարաբերակցությամբ հաղթանակ տանելու մասին նրա հայտարարությունը փոխարինվեց մարզպետների ու գյուղապետների հրաժարականի հուժկու պահանջով, «զադնի» չդնելու խոստումը՝ առ Սերժն ուղղված «զադնի» մտքերով լեցուն առաջարկներով, «միայն իմ դիակի վրա» շանտաժ–սպառնալիքը՝ պաշտոնների սակարկությամբ, «Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահի» պաշտոնին հասնելու երդումը՝ Հայաստանի երրորդ հանրապետության ԱԺ–ում ՀՀԿ–ի հետ միասնաբար հանդես գալու ցանկությամբ։

Որքան էլ Րաֆֆին հիմա փորձի բոցաշունչ ճառեր արտասանել և «թունդ ընդդիմադիր» խաղալ,  նրա գործողությունները հստակորեն տեղավորվում են Սերժի առաջարկած սխեմաների մեջ։ Նույնիսկ հրապարակից դուրս գալն ու հացադուլը դադարեցնելը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սարգսյանն իր մամլո խոսնակի շուրթերով սպառնաց, թե Րաֆֆիի «կապրիզները» ժամ առ ժամ պակասեցնում են նրա՝ «երկխոսացված» լինելու շանսերը։ Մինչև ապրիլի 9–ը հրապարակում մնալու սուտ խոստում տված Րաֆֆուն այլ բան չէր մնում, քան Հիսուսի խաչելության և թաղման ցավը մեկ րոպե լռությամբ հիշելու մառազմատիկ շոու ցույց տալուց հետո կատարել Սերժի հրահանգն ու անցնել իր սիրած գործին՝ Լիսկայի դեմ «սրբազան» պատերազմին։

Մարզային այցելությունների վերսկսումը ցույց է տալիս, որ Րաֆֆին փորձում է հիմա գնալ Սերժի առաջարկած 2–րդ տարբերակով, այն է՝ նշանակվել «ընդդիմության առաջնորդ» և այդ կարգավիճակում բազում ծառայություններ մատուցել Բաղրամյան 26–ին։

«Ժառանգության» ղեկավարն արդեն իսկ սկսել է գեղամյանություն անել՝ հետընտրական պայքարի իմիտացիայի միջոցով շեղելով հանրության ուշադրությունը Երևանի ավագանու ընտրություններից։ Իշխանական քարոզչամեքենայի գործունեությանը հետևելիս ակնհայտ է դառնում, որ Սերժն էլ իր հերթին ամեն կերպ օժանդակում է «հեղափոխականներին»։

Սերժի ու Րաֆֆու միակ տարաձայնությունն այն է, որ երկրորդն ուզում է հա՛մ «ընդդիմության առաջնորդ» նշանակվել, հա՛մ պաշտոններ ստանալ, իսկ առաջինի կարծիքով դա հնարավոր չէ, քանզի պետք է ընտրություն կատարել «ախք» և «դհոլ» դառնալու միջև։ Բացի այդ՝ Սերժը Րաֆֆուն հասկացնում է, որ իր պահանջները մի զրո ավելի են, քանզի հրապարակում առավելագույնը 3000 մարդ է հավաքվում։ Րաֆֆին, ահա, վերսկսեց մարզային այցելությունները, որպեսզի կարողանա մարդ հավաքել ու իր գինը բարձրացնել՝ «ընդդիմության առաջնորդ» նշանակվելուն զուգընթաց։ Մնացած խոսակցությունները դեմագոգիայի ոլորտից են։

Նկատենք, սակայն, որ Սերժի ու Րաֆֆու ցանկություններում անհամապատասխանություն կա։

Բանն այն է, որ Րաֆֆին առաջիկայում Սերժին հարկավոր է որպես «դհոլ», ինչը ենթադրում է, որ «Բարև Երևան» դաշինքը պետք է պայքարի ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Այդ պայքարն արդյունավետ դարձնելու համար Սերժին հարկավոր է արտաքուստ պահել Րաֆֆու ընդդիմադիր կարգավիճակը, իսկ դա հնարավոր չէ կառավարության կազմում վերջինիս հայտնվելու պարագայում։ Րաֆֆին ու իր թիմը պնդում են, թե հնարավո՛ր է։

Րաֆֆին դեմ չէ «դհոլություն» անելուն և արդեն իսկ զբաղված է այդ գործով, բայց դիմացը պահանջում է նաև պաշտոններ։ Ահա ա՛յս հարցերի շուրջ է տեղի ունենում Սերժի ու իր «ֆեյքի» վեճը։ Ինքներդ եք հասկանում, որ հանրային շահ այս վեճում գոյություն չունի։

Մեզ մնում է միայն ցավով արձանագրել, որ պետական ոստիկանական մեքենայի աջակցությամբ նախագահ դարձած Սերժ Սարգսյանն այս օրերին ավելի ազնիվ է ՀՀ քաղաքացիների հետ, քան ժողովրդի և Աստծո անունը հաճախ տվող Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սերժը չի թաքցնում, որ Րաֆֆին իր հաճախորդն է ու դրանով հանրությանը մեսիջ է փոխանցում, որ պետք չէ խաբվել Րաֆֆու դեմագոգիայից, իսկ ահա Րաֆֆին գիտի, որ ինքը հաճախորդի դեր է կատարել նախընտրական փուլում և շարունակում է այդ դերը հետընտրական շրջանում, բայց փորձում է մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին և ՕԵԿ–ություն անել «Րաֆֆինացված» ձևով։

Չեմ կասկածում, որ այս ամենի պատասխանը Րաֆֆին կստանա մայիսի 5-ին։ Քանզի ժողովրդի մի մասին միշտ կարելի է խաբել, կարելի է խաբել ժողովրդին մի կարճ ժամանակահատվածում, սակայն ողջ ժողովրդին ու միշտ խաբել հնարավոր չէ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը