Մեկնաբանություն

26.03.2013 13:03


Րաֆֆի Հովհաննիսյանի երկակի ստանդարտները

Րաֆֆի Հովհաննիսյանի երկակի ստանդարտները

Շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում քաղաքական կամ ավելի ճիշտ՝ «քաղաքացիական» դաշտում։ Րաֆֆի Հովհաննիսյանը հուժկու ձևով Սերժ Սարգսյանից պահանջում է պաշտոններ ու փորձում դա ներկայացնել որպես ժողովրդին ծառայելու ցանկություն։

Փաստորեն, Րաֆֆին ուզում է հա՛մ պաշտոն ստանալ, հա՛մ «ընդդիմության առաջնորդ» նշանակվել, հա՛մ էլ Ազատության հրապարակի աջից 3–րդ նստարանը «բրոնյա» անել։

Ուշագրավն այն է, որ այս էժանագին շոուի ժամանակ ամեն ինչ արվում է բաց ու թափանցիկ։ Րաֆֆին բաց տեքստով հայտարարում է Սերժի կոալիցիոն գործընկերը դառնալու պատրաստակամության մասին, իսկ Սերժը կազդուրվելու մասով թափանցիկ ակնարկ է անում Րաֆֆուն՝ չմոռանալով նշել, որ «իրավատերը» մի զրո պակաս արժե։ Կողմերն այս պահին ընտրել են շփվելու ռոմանտիկ և պլատոնական ոճը՝ նամակագրություն։

Հիմա տեղին է վերհիշել թե ինչպես էր իրեն պահում «ժառանգությունը» ԲՀԿ–ի հանդեպ, ինչ բոցաշունչ ելույթներ էր ունենում «ընդդիմություն» և «այլընտրանք» եզրաբանության թեմաներով և ինչ  է անում «Ժառանգությունը» հիմա։

Եվ այսպես.

2012թ. ԱԺ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն աղաչում ու խնդրում էր Գագիկ Ծառուկյանին մնալ կոալիցիայում՝ փոխարենը խոստանալավ նախարարական 5 պորտֆել, 3 մարզպետական աթոռ և բազում այլ պաշտոններ, սակայն ԲՀԿ առաջնորդը չհամաձայնեց և դուրս եկավ կոալիցիայից։

Ծառուկյանը համաձայնել էր կոալիցիայում մնալ միայն քաղաքական այլ ազդեցիկ ուժերի հետ միասին սոցիալ–տնտեսական քաղաքականության փոփոխությունների իրականացման հնարավորություն ունենալու և կառավարության ամբողջական փաթեթը տնօրինելու նախապայմանով (վարչապետի պաշտոնը ներառյալ)։ Այսինքն՝ Ծառուկյանը, առանց հարակից աղմուկի, Սերժին առաջարկում էր վարվող քաղաքականության էական փոփոխության տարբերակը, ինչը նշանակում էր, որ մեկ տարի անց Սերժը պետք է անցնցում հեռանար։ ՀՀԿ ղեկավարը, բնականաբար, չհամաձայնեց։ Ծառուկյանն էլ իր հերթին առևտրի առարկա չդարձրեց ԲՀԿ–ի ստացած մոտ կես միլիոն ձայները և առանց շոուների բարի ճանապարհ մաղթեց նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ հայտարարելով իշխանությանն այլընտրանք դառնալու մասին։ Ի դեպ, մինչև այդ ԲՀԿ–ն երբեք չէր հայտարարել, թե ինքը «թունդ ընդդիմադիր» է և հիմա էլ չի հայտարարում այդ մասին, քանզի հայտարարովի ընդդիմությունը դեռ ընդդիմություն լինելու ապացույց չէ։

Սատարման դիմաց պաշտոններ խոստացավ Սերժը Ծառուկյանին նաև նախագահական ընտրություններից առաջ, սակայն կրկին մերժում ստացավ։ ԲՀԿ առաջնորդն ինքն էր պատրաստվում ընտրապայքարի մեջ մտնել, սակայն տեսնելով, որ քաղաքական ու հանրային դաշտում լայն կոնսոլիդացիա տեղի չի ունենում և քաղաքական դաշտի մեծ մասը «թրաֆիկինգի» է ենթարկվել, որոշեց ձևականորեն չառաջադրվել ու նաև չսատարել որևէ թեկնածուի։

Նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելու դիմաց կոալիցիայի մեջ մտնելու առաջարկ Ծառուկյանին արվել է նաև փետրվարի 18–ից հետո, սակայն նա կրկին մերժել է և չի շնորհավորել Սերժին։

Դե հիմա այս ամենի ֆոնին եկեք գնահատենք «թունդ ընդդիմադիր» Րաֆֆիի պահվածքը։

Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ կանոնակարգ օրենքի անհեթեթ կետի համաձայն իրեն ընդդիմություն հռչակած ու ԲՀԿ–ի այլընտրանք լինելը պարբերաբար քննադատած «ժառանգությունը» հիմա պատրաստ է նետվել Սերժի գիրկը՝ առևտրի առարկա դարձնելով Րաֆֆու ստացած քվեներն ու հրապարակում հավաքվածներին։

Տեղին է հիշեցնելը, որ երբ ԲՀԿ–ական Հ. Ռոստոմյանը դադարեցրեց իր կուսակցական գործունեությունը և նշանակվեց Սպորտի նախարար, «Ժառանգության» կրակոտ դեմքերը հայտարարում էին, թե հարա՜յ, հասե՜ք, ԲՀԿ–ն իրականում կոալիցիայում է մնացել, քանզի նախարարի 1 պորտֆել ունի։ Բոլորին էլ պարզ է, որ Սպորտի նախարարությունը Ծառուկյանի կուսակցին հանձնելը պայմանավորված է մեր երկրում ստեղծված օբյեկտիվ իրականությամբ, ու դա արվել է Սերժի նախաձեռնությամբ, քանզի սպորտին Ծառուկյանն այսպես թե այնպես աջակցում է։ Սակայն «Ժառանգությունը» մատի փաթաթան էր սարքել այդ նախարարության հարցը։ Պատվերն էր այդպիսին և րաֆֆիականները քննադատում էին  նախարարական ու մարզպետական պաշտոնները Սերժի երեսին նետած և քաղաքական արժանապատվությունը ամեն ինչից վեր դասած ԲՀԿ–ին։

Իսկ հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի միջոցով ու դիակ դառնալու շանտաժով Սերժից նախարարական, մարզպետական ու այլ պաշտոններ է խնդրում, «ժառանգությունում» հայտարարում են, որ սա Սերժի հետ կոալիցիա մտնելու առաջարկ չէ, այլ ժողովրդին ծառայելու հնարավորություն։ Ընդ որում՝ Րաֆֆին մի կողմից խոսում է ընտրությունները կեղծված լինելու մասին, իսկ մյուս կողմից՝ «Պաշտոն՝ Սերժի լեգիտիմության ճանաչման դիմաց» թեմայով գործարք առաջարկում ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարին։

Ըստ Րաֆֆու ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը 2008թ. ժողովրդին ծառայելու համար անցավ Սերժի կողմն ու մարտի 1–ի համար քաղաքական ֆոն ապահովեց։

Ինչ տեսել տեսել էինք, բայց որ իշխանության հետ քստմնելի գործարքի գնալու գործընթացը հեղափոխություն անվանվի, այն էլ՝ «Բարևի» հեղափոխություն, այդ մեկը չէինք տեսել։ Սա երևի հաճախորդացման «կրեատիվ» մոտեցում է և «արևմտյան» տեխնոլոգիա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Րաֆֆին հիմա պետք է շտապի։ Կոնկուրենտ կանտոռայից՝ ԱԻՄ–ից, արդեն աչք են դրել Սերժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի աթոռի վրա։ Բանն այն է, որ քանի դեռ Րաֆֆին հացադուլ–հացադուլ է խաղում, Պարույր Հայրիկյանն առաջ ընկավ ու առանց չեմուչումի ինքնաառաջադրվեց այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այս խաղում դեռ չի երևում Հրանտ Բագրատյանը։ Մինչդեռ սցենարով նախատեսված էր նաև նրա ներգրավումը թամաշայի մեջ։ Բագրատյանը երևի կեսից որոշել է թռնել նախնական պայմանավորվածությունների դաշտից։

Փաստորեն, Սերժը հիմա մնացել է Րաֆֆու և Պարույրի հույսին։ Սրանք էլ զգացել են, որ Սերժին շատ են պետք ու դրա համար գին են ուզում բարձրացնել։ Այդ հարցում հատկապես աչքի է ընկնում Րաֆֆին։ Նա պաշտոնի գինը բարձրացրել է մինչև դիակ։ Այսինքն՝ աթոռ է ուզում ստանալ կյանքի գնով։ Սերժն էլ ասեց, թե լա՛վ, լաչառություն մի՛ արա, թուղթ ու գրիչը վերցրու և արի քեզ «կեսարյան» կանեմ։ Դու ասա վերջը բարի լինի։

Հ.Գ.–2: Րաֆֆին արդեն պատասխանել է Սերժի պատասխան նամակին ու նշել, որ պատրաստ է շարունակել սակարկությունը թեկուզ նամակագրության միջոցով։ «Նամակագրային» սերիալը շարունակվում է։ Կողմերը խնդիր են դրել մինչև ավագանու ընտրությունները շեղել մարդկանց ուշադրությունն ու Տարոնին Երևանի քաղաքապետ վերանշանակվելու հնարավորություն տալ։ «Ժառանգությունն», իրոք, որ «Րաֆֆինացված» ՕԵԿ է։

Այս խորագրի վերջին նյութերը