Հարցազրույց

24.06.2009 19:07


Երվանդ Բոզոյան.

Երվանդ Բոզոյան.

 

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները եղբայրական են։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են դրանք այդպիսին։

-Դրանք ստանդարտ հայտարարություններ են։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ իրականում այդպես լիներ։ Սակայն Վրաստանի նախագահի ասածը իրականությունից բավական հեռու է։

-Իսկ  ինչպիսի՞ն են հայ-վրացական ներկայիս հարաբերություններն իրականում։

-Ներկայիս հայ-վրացական հարաբերությունները բավական հակասական են։ Ես կասեի, որ դրանք, ըստ էության, իրավիճակային հարաբերություններ են։ Այսինքն՝ Հայաստանի համար Վրաստանը, զուտ տրանսպորտային, կոմունիկացիաների առումով, ռազմավարական հարևան է։ Ինչ վերաբերում է Վրաստանի համար Հայաստանի նշանակությանը, ապա հետևյալ պատկերն է. գիտեք, որ Վրաստանն ունի բավական վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ, հայտարարել է, որ ունի ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Իսկ Հայաստանի միջոցով նա փորձում է հնարավորինս չեզոքացնել վտանգները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարկան դաշնակիցն է։ Այս իմաստով կարծում եմ, որ այդ խնդիրը Վրաստանն իր համար լուծել է։

-Սակայն Վրաստանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններում ամրագրել է, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է։

-Այդ ամրագրումը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում, որովհետև Վրաստանի վարած քաղաքականությունը, նրա քայլերն ու նպատակները վկայում են այն մասին, որ Թբիլիսին իր հիմնական ռազմավարական գործընկերն է համարում Թուրքիային և Ադրբեջանին։

-Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստան կատարած այցի նախաշեմին որոշակի լարվածություն առաջացավ հայ-վրացական հարաբերություններում։ Որոշ վերլուծաբաններ հակված են դա դիտարկելու որպես դիվանագիտական ճնշման մի ձև։ Որքանո՞վ է նման տեսակետը հիմնավորված։

-Հայ-վրացական հարաբերություններում Սահակաշվիլիի Հայաստան կատարած այցից առաջ ստեղծված լարվածությունը, իհարկե, կարելի է դիտարկել որպես պատահականություն։ Սակայն, իմ կարծիքով, եթե դա նույնիսկ պատահականություն էր, ապա կամաց-կամաց դառնում է օրինաչափություն։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայասատանը Վրաստանի հարցում լուրջ քաղաքականություն չի իրականացնում։

-Ի՞նչը նկատի ունեք։

-Վրաստանի հարցում մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում։ Այն այսօր չկա։ Չկա այն ռազմավարական փաթեթը, որտեղ հստակ ձևակերպված կլինի, թե Վրաստանը Հայաստանի համար ինչպիսի՞ երկիր է, ի՞նչ շահեր ունենք Վրաստանում։

-Ջավախքի շարունակական խնդիրները նաև դրա՞ հետևանքն են։

-Իհարկե՛։ Այստեղ կա մի վտանգ։ Բանն այն է, որ Ջավախքը, լինելով Վրաստանի բաղկացուցիչ մաս, ունի ազգաբնակչության հետագա գոյատևման խնդիր։

-Եվ ինչպե՞ս պետք է այն լուծվի։

-Այս հարցի շուրջը կան տարբեր տեսակետներ։ Կա տեսակետ, որ պետք է ռադիկալ խնդիրներ դնել։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները չփչանան։ Իմ կարծիքով՝ այս երկու տեսակետն էլ ծայրահեղական են։ Իրատեսական չէ այսօր դնել Ջավախքի ինքնորոշման հարցը, սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում ոչ թե խոչընդոտ հանդիսանա, այլ, հակառակը, Վրաստանն զգա Ջավախքի կարևորությունը և հաշվի առնի Հայաստանի շահերը։

-Այսօր Վրաստանն անտեսո՞ւմ է Հայաստանի շահերը։

-Երբ Ջավախքի հարցում Հայաստանի կողմից բացակայում է որևէ քաղաքականություն, ապա շատ տրամաբանական է, որ Վրաստանը փորձելու է առավելագույն չափով ուժեղացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, փորձելու է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Ջավախքի բնակչությունը կամաց-կամաց հեռանա իր տարածքից։ Այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա։ Անտրամաբանականն այն է, որ Ջավախքի հարցում Հայաստանը ոչ մի հստակ դիրքորոշում չունի։

- Որքանո՞վ է այսօր սուր Ջավախքի հայաթափման վտանգը։

-Եթե Ջավախքի ազգաբնակչության վիճակը շատ վատթարացավ, իսկ վրացիները, փաստացի, անում են ամեն ինչ, որպեսզի նման գործընթաց լինի, ապա անխուսափելիորեն կոնֆլիկտ է առաջանալու։ Կոնֆլիկտը օբյեկտիվորեն բերելու է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման։ Փաստորեն, կրավորկան դիրքորոշումը՝ թե, իբր, պետք չէ վրացիների հետ հարաբերությունները վատացնել, բերելու է նրան, որ հետագայում հայ-վրացական հարաբերություններն էլ ավելի են վատանալու։ Զուտ՝ Հայաստանի այս  կրավորական կեցվածքի պատճառով։ Եվ ճիշտ հակառակը. եթե Հայաստանը Ջավախքի հարցում ակտիվ քաղաքականություն վարի, թույլ չտա Ջավախքի նկատմամբ իրականցվող ճնշումը, եթե Ջավախքում զարգանա տեղական ինքնակառավարման համակարգը, բարելավվի սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա դրականորեն կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա։

-Այսինքն՝ մենք անտեսո՞ւմ ենք Ջավախքի դերն ու նշանակությունը։

-Ջավախքը Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական գործոն է, որը հակակշռում է Վրաստանի կոմունիկացիոն դիրքին։ Եթե Վրաստանը Հայաստանի համար կարևոր գործոն է՝ որպես տարանցիկ տարածք, ապա Վրաստանի համար Հայաստանը կարևորագույն գործոն է հենց Ջավախքի հարցում։ Ջավախահույությունը կայունության գործոն է։ Եթե Ջավախքում ապակայունացման գործընթացներ սկսվեն, ապա դա կարող է պայթեցնել Վրաստանը։

-Ստացվում է, որ պաշտոնական Երևանը չի՞ հասկանում այս հարցերի կարևորությունը։

-Ցավոք, Հայաստանն իր կարևորությունը չի գիտակցում։ Եվ դա բերում է նրան, որ Վրաստանն օբյեկտիվորեն փորձելու է Հայաստանի գործոնը թուլացնել։

-Ինչպե՞ս կարող է դա անել։

-Ուղղակի՝ ջավախահայության համար ստեղծել անտանելի պայմաններ, որպեսզի հայերը հեռանան։ Իսկ ի՞նչ է պահանջում ջավախահայությունը. տեղական ինքնակառավարման նորմալ համակարգ՝ տեղական, լեզվական, մշակութային ինքնակառավարում։ Վրաստանի օրենքներով հայը չի կարող որևէ պաշտոն զբաղեցնել, եթե չի տիրապետում վրացերենին։ Իսկ պատմական, օբյեկտիվ պատճառներով ջավախահայությունը խոսում է հիմնականում իր մայրենի լեզվով։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներում։ Այնտեղ տեղական ինքնակառավարման գրեթե բոլոր մարմինների ղեկավարներն ազգությամբ վրացի են։ Նույնը կամաց-կամաց փորձ է արվում իրականացնել Ջավախքում։ Եթե Ջավախքը հայաթափվի, ապա Հայաստանը կկորցնի Վրաստանի նկատմամբ իր միակ լծակը։

-Այդ դեպքում, Վրաստանի համար Հայաստանն այլևս նախկին հետաքրքրությունը չի՞ ունենա։

-Այդ դեպքում, Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, է՛լ ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Վերջերս Հայաստանի վարչապետը նշում էր, որ օգտագործելով իր մենաշնորհային դիրքը՝ Վրաստանը թելադրում է որոշակի գներ։ Այսօր Վրաստանը ստիպված է Հայաստանին ռազմավարական գործընկեր համարում։ Ինչու՞։ Որովհետև ռուս-վրացական պատերազմի ժամանակ պարզ երևաց, որ Հայաստանի չեզոքությունը թույլ տվեց, որպեսզի Ջավախքից երկրորդ ճակատ չբացվի։ Վրացիները հասկացան, թե իրենց իրականում ինչ է սպասում, եթե հանկարծ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Ջավախքից էլ ճակատ բացվեր։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Ջավախքը չլիներ։ Այդ դեպքում Վրաստանի համար Հայաստանի գործոնը կլիներ զրոյական։ Փաստորեն, վրացիներն իրենց ազգային, պետական շահերը գիտակցում են, իսկ մենք՝ ոչ։

-Այսինքն, Ջավախքի խնդիրների, վերջերս տեղի ունեցած մի շարք դեպքերի հիմնական պատճառներից մեկը նաև Հայաստանի պասիվ կեցվա՞ծքն է։

-Ես կարծում եմ՝ այո։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ տեղի ունեցածը և այլ դեպքերը դառնում են օրինաչափություն, դառնում են խաղի կանոն։ Եվ եթե այդ խաղի կանոնը ամրապնդվի, ապա այն կդառնա շատ վտանգավոր և ջավախահայությանը կստիպի աստիճանաբար հեռանալ իր տարածքից։ Այս դեպքում Հայաստանը կկորցնի իր բոլոր դիրքերը։ Եվ այն տեսակետը, թե Ջավախքի խնդիրների շուրջ չպետք է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, շատ վտանգավոր է։ Իրականում հայ-վրացական հարաբերությունները փչանում են հենց Հայաստանի՝ Ջավախքի հարցում ունեցած «ջայլամային» քաղաքականության պատճառով։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը