Խմբագրական

23.06.2009 20:19


Ընդդիմություն. ճակատագի՞ր, դատավճի՞ռ, թե՞ փորձություն

Ընդդիմություն. ճակատագի՞ր, դատավճի՞ռ, թե՞ փորձություն

Հայաստանում այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորվել, որ ընդդիմությունը դարձել է «փողոցային»։ Սկսած 1995թ.-ց՝ իշխանություն-ընդդիմություն պայքարը, անկախ ընդդիմադիրների դեմքերից, անցնում է գրեթե նույն սցենարով. լարված նախընտրական փուլ, «ընտրություն», խախտումներ, ընդվզում և... սահմանադրական ճանապարհ։

Այսպիսով, մեզ մոտ ընդդիմադիր լինելը բավական վտանգավոր «գործ»  է։ Այն նմանվում է ականազերծողի աշխատանքին՝ մեկ անգամ սխալվեցիր, և՝ վերջ։ Պարտությունը կարող է քաղաքական մահվան պատճառ դառնալ։ Համենայնդեպս, փորձը դա է ցույց տալիս։ Ժողովուրդն ամեն անգամ ընտրում է իր «զոհին», կարգում նրան ընդդիմություն և, արդյունքի չհասնելուց հետո, փնտրում նոր «զոհի»։

Այժմ ռետրո հայացքով վերհիշենք, թե ինչպես են դասավորվել տարբեր ժամանակների ընդդիմադիրների ճակատագրերը՝ դիտարկելով նախագահական ընտրություններից առաջ և հետո ընկած ժամանակահատվածները։

1991թ. «Լե՛-վո՛ն, նախագա՛հ»

Լևոն Տեր-Պետրոսյանը նորանկախ Հայաստանի առաջին նախագահը դարձավ ընտրողների ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նա իշխանության եկավ ընդդիմադիր դաշտից (չնայած՝ Ազատության հրապարակը, ինչ որ պահից սկսած, փոխարինում էր կառավարման որոշումներ ընդունող պետական մարմիններին)։ Այդ սխրանքը հետագայում ոչ ոք չկարողացավ կրկնել։ Այդ ժամանակներից ի վեր՝ սկսեց գործել մի չգրված օրենք. ընդդիմությունը ընտրությունների միջոցով երբեք չի կարողացել գալ իշխանության, ֆորմալ պարտվելուց հետո տվյալ գործիչն այլևս չի կարողացել հաջողության հասնել՝ շարունակ պարտվելով մինչև վերջ։

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի շռնդալից հաղթանակին՝ նկատենք, որ Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչները բնականորեն պետք է գային իշխանության, և մրցակցություն չէր կարող լինել. ով տարել էր շարժման բեռը՝ նա էլ պետք է վերցներ մրցանակը և ընտրություններն անցան առանց խնդիրների։ Ճիշտ է, 1991-ին մի թեթև միջադեպ տեղի ունեցավ՝ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ։ Պառավաքարի այդ «հերոսամարտից» հետո Հայրիկյանը սև դրոշներ բարձրացրեց նախագահական ընտրություններից հետո, բայց դա չէր կարող փոխել այն դրական ֆոնը, որն ստեղծվել էր Տեր-Պետրոսյանի շուրջը։

Հայ հեղափոխական դաշնակցությունն ընտրություններին մասնակցում էր ի դեմս հայտնի դերասան Սոս Սարգսյանի։ Այն ժամանակ առաջին անգամ հայաստանցիները տեսան, թե ինչ է նշանակում ընտրական ագիտացիա. ամենուրեք Սոս Սարգսյանի նկարներն էին փակցված, բայց, միևնույն է, Տեր-Պետրոսյանը մրցակցությունից դուրս էր։ Նա հանրությանը ներկայացավ կոմունիստական «շկոլան» անցած, ՍԴ ներկա նախագահ Գագիկ Հարությունյանի ընկերակցությամբ, ով դարձավ երկրի փոխնախագահ։

Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Հարությունյան զույգը, գրավոր տարբերակով, նախընտրական ծրագիր չներկայացրեց։ Դա էլ բնական ընկալվեց հանրության կողմից։ Շարժման տղաներն այնքան էին խոսել Ազատության հրապարակում, որ ամեն ինչ արդեն պարզ էր։ Բացի այդ, ժողովուրդը ծրագրի կարիք չուներ։ Նրան պետք էր, որ իր կուռքերը գան իշխանության, և նրանք եկան։

Այն օրերին ամեն ինչ շատ հեշտ էր թվում։ Անկախ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը բանահյուսական տեսք էր ստացել. «Ջերմուկը» ծախենք՝ կապրենք» կամ «Մոլիբդենը ծախենք՝ կապրենք»։ Սրա՛նք էին հայկական տնտեսագիտական մտքի փայլատակումները։

Այդ հետո պետք է սկսվեին սոցիալական դժվարությունները և ընտրական փորձությունները, երբ սեփականության հարցն արդեն մղվեց առաջին գիծ։ 90-ականների սկզբի հեղափոխական ռոմանտիզմին փոխարինելու եկավ վայրի կապիտալիզմի իրականությունը։ Տեղի էր ունենում կապիտալի նախնական կուտակում։ «Ջերմուկն» ու մոլիբդենը, իրոք, ծախվեցին, բայց մեծամասնության ապրուստի վրա դա չանդրադարձավ, ինչպես որ ենթադրվում էր շարժման տարիներին։ Եվ չէր էլ կարող անդրադառնալ։ Սովետական հասարակագիտության դասերը չսերտած մարդիկ որտեղի՞ց իմանային, որ կապիտալիզմի օրոք (այն էլ՝ սկզբնական փուլում) գործում է շուկայի տարերային օրենքը։ ժողովրդական խոսքով ասած՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի։

Սեփականաշնորհման գործընթացին զուգահեռ՝ դրվում էին իշխանության և սեփականության սերտաճման հիմքերը։ Շարժման տղաների միջև ժամանակի ընթացքում ի հայտ եկան առաջին տարաձայնությունները։ Այնուհետև դրանք խորացան։ 1996թ. ընտրություններից հետո քաղաքական կյանքից կամաց-կամաց դուրս մղվեց նաև շարժման քաղաքական ժառանգորդ ՀՀՇ-ն։ Դրության տերը դարձան իշխանական վերնախավը, ուժայինները և կապիտալի կրողները։

ՀՀՇ-ական Էդուարդ Եգորյանը 1997թ.-ին փորձեց վերականգնել կուսակցության դերը հանրային կյանքում, սակայն, Տեր-Պետրոսյանի գործուն միջամտությամբ,  ՀՀՇ վարչության նախագահ դարձավ Վանո Սիրադեղյանը, չնայած որ ՀՀՇ շարքերի համակրանքը Եգորյանի կողմն էր։ Եգորյանն առաջարկում էր, որ կուսակցության ղեկավարին ուղղակիորեն ընտրի համագումարը, բայց ընդունվեց կանոնադրության այն տարբերակը, ըստ որի՝ վարչությանն էր տրվում նախագահ ընտրելու իրավասությունը։ Իսկ կուսակցական նոմենկլատուրան «ադաբրյամս» արեց այն ժամանակների ամենազոր նախկին ոստիկանապետ և 1997-ին Երևանի գործող քաղաքապետ Սիրադեղյանին։

 Քաղաքական կյանքն արդեն այլ բնույթ էր ստացել, և բնական էր, որ 1991թ.-ին հաջորդած բոլոր համապետական ընտրությունները պետք է անցնեին «Ո՛չ մի «սայի» թշնամուն» նշանաբանով։ Եվ այդպես էլ եղավ ու շարունակվում է մինչ օրս։

1996թ. «Վա՛զ-գե՛ն, նախագա՛հ», «Լե՛-վո՛ն, հեռացի՛ր»

1995թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը տանուլ տվեց իշխանական «Հանրապետություն» դաշինքին, որի կազմում ընդգրկված էին այսօրվա հակառակորդներ ՀՀՇ-ն և Հանրապետական կուսակցությունը։ Իշխանության կուսակցության դոմինանտ դեր ուներ ՀՀՇ-ն։ Հիշեցնեմ, որ 1994թ. ՀՅԴ-ի առաջնորդները բանտարկվել էին, իսկ կուսակցության գործունեությունը կասեցվել էր։

Ի դեպ, 1995-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ տեղակալի կարգավիճակով, փաստացի ղեկավարում էր Գագիկ Ջհանգիրյանը (կոմունիստների ժամանակներից մնացած Ամիրյանը՝ «Ֆունտի» կարգավիճակ ուներ) և ընտրությունների անցկացման  բոլոր «տեխնոլոգիաները» մենեջմենթի էր ենթարկվում հենց նրա կողմից։ Հետագա տարիներին ջհանգիրյանական ընտրատեխնոլոգիաներն այնքան կատարելագործվեցին, որ այդ ամենի ֆոնին նույնիսկ Ջհանգիրյանն է այժմ օրինականության մարմնավորում  թվում։

Այդ ընտրություններից և նոր Սահմանադրության ընդունման ձևերից հիասթափված՝ ամբողջ ընդդիմադիր դաշտն ապատիայի մեջ էր, սակայն 1996թ. նախագահական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ ՀՀՇ երբեմնի նախագահ, իսկ հետագայում ԱԺՄ առաջնորդ դարձած Վազգեն Մանուկյանին հաջողվեց հզոր շարժում ձևավորել և դառնալ ընդդիմության մի մեծ հատվածի միասնական թեկնածուն։ Հիշեցնենք, որ այն ժամանակ ուժեղ էր նաև կոմունիստական ընդդիմությունը՝ ի դեմս վաղամեռիկ Սերգեյ Բադալյանի, ով առանձին մասնակցեց ընտրություններին և զբաղեցրեց երրորդ տեղը։

1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն ինքնավստահ քարոզարշավ անցկացրեց՝ «Շե՛ֆ, ամեն ինչ լավ է» թեմայով։ Ընտրությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէր, բայց դա չխանգարեց Տեր-Պետրոսյանին՝ ընտրության հենց հաջորդ օրը շամպայնով լի բաժակով շնորհավորելու իր թիմին՝ հաղթանակի հասնելու կապակցությամբ։ Մի քանի օր անց քաղաքում տանկեր հայտնվեցին։ Ինչևէ։

Իսկ ի՞նչ եղավ հետո, երբ Վազգեն Մանուկյանը ֆորմալ հաղթանակ չտարավ։ Այսինքն՝ չդարձավ նախագահ։ Հետնախագահական փուլում վազգենականները կամ բանտում էին և խոշտանգումների էին ենթարկվում (դա հատկապես Դավիթ Վարդանյանի նկատմամբ էր սարսափելի դրսևորում ստացել, իսկ ԱՄՆ-ի պետդեպի զեկույցում նշված էր, որ ծեծվելու հետևանքով նույնիսկ մարդ էր մահացել), կամ էլ հիմնականում ընդհատակում էին գտնվում, ինչպես որ այսօր լևոնականների մի մասը։ Իսկ հետո, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և նախագահական արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, Վազգեն Մանուկյանը, մասնակցելով դրանց, 1996թ.-ից ընդամենը 2 տարի անց զբաղեցրեց 3-րդ տեղը, քանի որ ընդդիմության առաջին «ջութակ» էր դարձել կրկին քաղաքականություն վերադարձած (կամ Վազգեն Սարգսյանի կողմից հրավիրված) Կարեն Դեմիրճյանը։

1999թ. խորհրդարանական ընտրություններում Վ. Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն մի կերպ 5% հավաքեց և անցավ ԱԺ։

2003թ. նախագահական ընտրություններում Մանուկյանին խոր հիասթափություն էր սպասում. նա հավաքեց մի քանի հազար ձայն և նույն թվականին դարձավ պատգամավոր՝ 2003թ. ժողովրդի սիրելի «զոհի» կարգավիճակ ունեցող Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքի ցուցակով։

2008թ. նախագահական ընտրություններում կրկին խաչվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի ճանապարհները, բայց այնքանով, որ նրանց անունները նշված էին որպես նախագահի թեկնածուներ։ 96-ի «ֆինալի» մասնակիցները, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, տարբեր քաշային կարգերում էին։ 2008թ. «զոհը» Վազգենը չէր։ Լևոնն էր։ Անցած տարի Մանուկյանի օգտին գրանցվեց շուրջ 20.000 ձայն, և այժմ նա ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կից հանրային խորհուրդը, Խոսրով Հարությունյանի, Սոս Սարգսյանի ու մյուսների հետ քննարկում «մարտի 1-ի» գործով տերպետրոսյանական թիմի դատապարտվածներին ներում շնորհել-չշնորհելու մասին հարցեր։

Ինչ վերաբերում է մանուկյանական ԱԺՄ-ի մյուս կարկառուն դեմքերին, ապա պատկերն արժանի է գեղարվեստական գրականության սյուժե դառնալու։

ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք խոսում էր թալան-սեփականաշնորհման մասին, իսկ 1998թ. ընտրություններից հետո սկզբում դարձավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, իսկ հետո՝ սեփականաշնորհման նախարար՝ իր հետ այնտեղ տանելով կուսակից (այժմ՝ «բարգավաճող») Միքայել Մելքումյանին։ Լավատեղյակներն ասում են, որ Դ. Վարդանյանն առանձնակի սեր ունի խաղատների նկատմամբ և իր պաշտոնական կարիերայի վերջում մեծ պարտքերի տակ ընկավ։ Այժմ քաղաքականության մեջ չկա։

1996թ. և 1998թ. նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանը նույնպես դարձավ իշխանական և, Մանուկյանից «հայրական» ապտակ ստանալուց հետո, որոշեց ձևավորել միջին խավ ու ստեղծեց ՀԺԱՄ կուսակցությունը, որը, չնայած խոշոր բիզնեսմեն, այժմ՝ կարկառուն ՀՀԿ-ական և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբի պետ աշխատած Հարություն Փամբուկյանի ներդրած ռեսուրսների առատությանը, 2003թ. խորհրդարանական ընտրություններում 5% չհավաքեց և անցավ ընդհատակ։ Ս. Ավագյանից նույնպես ձեն-ձուն չկա։

Նույն ճակատագիրն ունեցավ նաև (բայց՝ առանց ավագյանական տիպի  հոգեբանական էքսցեսների ու նոր կուսակցաստեղծման) թունդ ԱԺՄ-ական ու նույնքան ընդդիմադիր Ֆիլարետ Բերիկյանը։ Փոխնախարարի պորտֆելը հանդարտեցրեց մարտնչող Բերիկյանի ավյունը։

Մեր դժնդակ օրերին փոխնախարար դարձավ նաև Շավարշ Քոչարյանը, ով կարողացավ ժամանակի ընթացքում առավելագույնս քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել 1996թ. նախագահական ընտրություններից հետո ԱԺ-ում կերած իր ծեծը, որը նրան տվել էին Դավիթ Զադոյանն ու Վահագն Հայոցյանը։ Հիշեցնենք, որ Շ. Քոչարյանն էլ այժմ սեփական կուսակցությունն ունի։ Կուսակցություն ստեղծեց նաև «4-րդ խոսափողի» մրցանակակիր Արշակ Սադոյանը, ով նույնպես այժմ պտտվում է իշխանական միջանցքներում ու, չնայած դռներից ներս չի մտնում, բայց, ասենք, ԱԺ-ի սենյակներից մեկում կարողանում է ակումբային հանդիպումներ կազմակերպել։ Իսկ դա քիչ չէ 90-ականներին միայն փողոցում կարծիք հայտնելու հնարավորություն ունեցող Սադոյանի համար։

Նախկին ԱԺՄ-ականներից ամենահաջող պաշտոնական կարիերան արեց ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հեռավոր 1992թ. Տ. Սարգսյանը թունդ ընդդիմադիր էր Տեր-Պետրոսյանին և հեղափոխական այդ օրերին հրապարակավ պահանջում էր նրա հրաժարականը։ Իսկ երբ 2008թ. ՀՀ վարչապետ նշանակվեց, և իր հրաժարականն էին պահանջում, Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նկատեց, որ հրաժարական պահանջելը վատ բան է, որը չարության փամփուշտ է ձուլում, և ինքը ներողություն է խնդրում իր երբեմնի հակառակորդներից՝ արմատական կեցվածքի համար։

Մինչ վարչապետ դառնալը՝ Տիգրան Սարգսյանը 10 տարի աշխատեց ՀՀ ԿԲ նախագահ։ Գնահատելով Տիգրան Սարգսյանի անցած ուղին՝ նկատենք, որ նրա մասնագիտական խղճի և քրեական գիտակցության վրա են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են դրամի սրընթաց արժևորումը, արտահանման ծավալների անկումն ու ներմուծման աճը, ՀՀ ոսկու պաշարների վաճառքը, մեկ գիշերվա ընթացքում դրամի փոխարժեքը 20-25%-ով արժեզրկելը, պետական պահուստային դոլարները 305 դրամով մասնավոր բանկերին վաճառելը և այդ բանկերին 200 միլիոն դոլարով օգնելը, հետո էլ դոլարի փոխարժեքը 370 դրամ սարքելը, հարկային ճնշումների միջոցով փոքր ու միջին բիզնեսը սնանկացնելը, հակաճգնաժամային քաղաքականության անվան տակ յուրայիններին փող դուրս գրելը և այլն։

Ահա այսպիսի ճակատագրեր։

1998թ. Կարեն շինարար

1996թ. նախագահական ընտրություններից հետո ներիշխանական ճգնաժամ սկսվեց, որն ուղեկցվում էր նաև Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային աշխույժ գործընթացներով։

1998թ.-ին , հայտնի ուժերի պահանջով, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այդ հրաժարականը խորհրդանշական էր նաև նրանով, որ Տեր-Պետրոսյանի հետ, ըստ էության, ընդդիմադիր դաշտից հրաժարական ներկայացրեց նաև Վազգեն Մանուկյանը։ «Ղարաբաղ» կոմիտեի երկու առաջնորդներն այնքան էին տարված միմյանց դեմ պայքարով, որ արդեն դարձել էին սիամական երկվորյակներ, և մեկի հեռացումը մեխանիկորեն թուլացրեց նաև մյուսին։ Հայտնվեց ընդդիմության նոր առաջնորդ՝ Կարեն Դեմիրճյանը, ով պայքարելու էր իշխանության նոր դեմք Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ֆորմալ պարտություն կրելով՝ Կարեն Դեմիրճյանը հետընտրական սրացումների չգնաց և նույնիսկ ընտրությունների արդյունքները չվիճարկեց Սահմանադրական դատարանում։ Ի դեպ, դա բացառություն էր, քանի որ ՍԴ ստեղծումից ի վեր տեղի ունեցած նախագահական բոլոր ընտրություններից հետո՝ պարտված թեկնածուն վիճարկել է ընտրության արդյունքները ՍԴ-ում։ Կարեն Դեմիրճյանը, թերևս, այդ քայլին չգնաց Վազգեն Սարգսյանի հորդորով։ Հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այդ խոսակցություններն անհիմն չէին։  

1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կ. Դեմիրճյանի ստեղծած ՀԺԿ-ն դաշինք կազմեց Վազգեն Սարգսյանով ուժեղացված ՀՀԿ-ի հետ և 1-ին տեղն զբաղեցրեց ԱԺ-ում։ Դա եզակի դեպք էր այն առումով, որ նախորդ ընտրությունում պարտված ընդդիմադիր թեկնածուի թիմը հաջողության է հասնում։ Պատճառը, ըստ իս, այն էր, որ այն օրերի պաշտպանության ազդեցիկ նախարարի միջոցով իշխանության ներսից ՀԺԿ-ին ցուցաբերվեց  հզոր աջակցություն։

Մենք արդեն խոսել ենք ՀՀ-ում գործող «Իշխանության մուտքը ներսի կողմից է» բանաձևի մասին, և 1999թ.-ին այդ թեզը ևս մեկ անգամ հաստատվեց։ Հայտնի չէ, թե ինչ կլիներ ՀԺԿ-ի ճակատագիրը, եթե «Միասնություն» դաշինքը չստեղծվեր իշխանությունը ներկայացնող ուժի մասնակցությամբ։ 1999թ.-ին խոսակցություններ կային, թե Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն կարող է դաշինք կազմել Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի և Էդուարդ Եգորյանի «Ժողովրդավարական հայրենիքի» հետ։ Սակայն Դեմիրճյանը նախընտրեց գործընկեր ունենալ իշխանության ներսից, քանի որ լավ էր հասկանում հայաստանյան խաղի կանոնները։

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացին «Միասնություն» դաշինքի առաջնորդները, որից հետո ՀԺԿ-ի մի մասը՝ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփանի գլխավորությամբ, դարձավ ընդդիմություն, իսկ մյուսները մնացին իշխանության մեջ։ Ընդդիմադիր դաշտ տեղափոխվեց նաև ՀՀԿ-ի մի մասը՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ. ստեղծվեց «Հանրապետություն» կուսակցությունը, որն այժմ սատարում է Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ի դեպ, 2000 թ.-ին, երբ կար ներքաղաքական լարվածություն, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ՝ փոխարինելով Վազգենի եղբորը և թուլացնելով ներքաղաքական լարվածությունը։ Հետաքրքրական է, որ վարչապետ նշանակվելուց առաջ՝ Ա. Մարգարյանն ու իր թիմակիցները պահանջում էին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և հետագայում սպանված Ազգային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի հրաժարականները՝ կապված Հոկտեմբերի 27-ի քննության ընթացքի հետ։ Նշյալ անձինք, իհարկե, հրաժարական չտվեցին։ Ավելին, Սերժ Սարգսյանը 2003-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Մարգարյանի գլխավորած ՀՀԿ-ի ցուցակով, որտեղ Ա. Մարգարյանը՝ առաջին, իսկ Ս. Սարգսյանը երկրորդ համարներն էին։ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ։

Ահա այսպիսի ճակատագրեր։

2003թ. «Դե՛-մը՛ր-ճյա՛ն, Դե-մըր-ճյա՛ն», «Ռո՛-բե՛րտ, հեռացի՛ր»

2003թ. նախագահական ընտրությունների հիմնական ընդդիմադիրը Ստեփան Դեմիրճյանն էր։ 2 փուլով տեղի ունեցած ընտրությունները ֆորմալ հաղթանակ չբերեցին Դեմիրճյանին։ Նույն թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Ստեփան Կարենիչի գլխավորած «Արդարություն» դաշինքն ավելի փոքր թվով տոկոսներ արձանագրեց, իսկ դաշինքն էլ հետագայում դարձավ անգործունակ։

2007թ. ԱԺ ընտրություններում ՀԺԿ-ն Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ մասնակցեց ընտրություններին և չհաղթահարեց նույնիսկ 5%-ը։ Իսկ արդեն 2008թ.-ին Ստեփան Դեմիրճյանը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, և այժմ 2003թ.-ի երբեմնի  «սպիտակ ձիավորի» քաղաքական ճակատագիրը միայն Տեր-Պետրոսյանի ձեռքին է։

Ի դեպ, դեմիրճյանական ՀԺԿ-ն և «Արդարություն» դաշինքը ներկայացնող մի շարք գործիչների ճակատագրերը նույնպես «գեղարվեստական» ստացվեցին։

Ինչպես և ԱԺՄ-ի պարագայում, դեպի իշխանություն շարժում սկսվեց նաև ՀԺԿ-ում։ Բացառությունն այն է, որ առաջին դեմքերից ոչ բոլորը գնացին այդ ուղղությամբ։ Լքողներից շատերն այժմ Սերժ Սարգսյանի մոլի երկրպագուներից են։ Օրինակ, Հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ նախագահ դարձած ՀԺԿ-ական Արմեն Խաչատրյանը շարունակում է դեսպանի կարգավիճակով ծառայել համակարգին, իսկ մինչ այդ հասցրել էր ձեռքբերել ճանապարհորդողի և հյուրանոցային խալաթների մեծ սիրահարի համբավ։

Ժամանակին սեփական մարմնով քվեատուփը փակած (որպեսզի Կարեն Դեմիրճյանի դեմ լցոնում չարվի) և այդկերպ քաղաքականություն մտած  Էմմա Խուդաբաշյանն այժմ ամեն առիթով գովաբանում է ՀՀ նախագահի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Իսկ Ստեփան Զաքարյանը ՀԺԿ-ի կարկառուն ներկայացուցչի  և աննկուն ընդդիմադիրի դերը փոխել է Հ1-ի արտահաստիքային լրագրողի կարգավիճակով,  և բոլոր ժամանակների իշխանամետ, «դրսի հայ», խոշոր ձեռներեց և մտավորական Անդրանիկ Միհրանյանից լավ-լավ հարցազրույցներ է վերցնում, որի արդյունքում հայ հեռուստադիտողը Միհրանյանից տեղեկանում է, թե ինչ լավ բան է «ֆուտբոլային դիվանագիտությունը», և ինչ ճիշտ է ընթանում նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը։

Ահա այսպիսի ճակատագրեր։

2008թ. «Լե՛-վո՛ն, նախագա՛հ», «Սե՛ր-ժի՛կ, հեռացի՛ր»

2008թ. նախագահական ընտրությունների մասին շատ է խոսվել։ Քանի որ Տեր-Պետրոսյանի թիմն այժմ գործողության մեջ է, ձեռնպահ կմնանք կանխատեսումներից։ Թե ինչպես կդասավորվի Հայ ազգային կոնգրեսի ճակատագիրը, թողնենք ժամանակի դատին: Պարզապես, արձանագրենք  մինչ այս պահը եղած վիճակը։

Նախագահական ընտրություներում, ինչպես նախորդ դեպքերում, ընդդիմության առաջնորդը կրկին ֆորմալ հաջողության չհասավ։ Հետագայում ստեղծվեց Հայ ազգային կոնգրեսը, որն իր կառուցվածքով հիշեցնում է «Արդարություն» դաշինքը՝ տարբեր գաղափարախոսություններ և ճանապարհ անցած մարդկանց ու կազմակերպությունների միավորում, որը շատ անկայուն կարող է լինել։ Իշխանությունները միշտ էլ կարողանում են օգտվել նմանատիպ կառույցների թուլությունից։ Մարքսիստն առաջին ծիծեռնակն էր։ Ինչևէ։

 Արդեն 2009թ.-ին  մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, որի մասը կազմող կազմակերպությունները նրան սատարել էին մեկ տարի առաջ, արձանագրեց ավելի ցածր տոկոսային թիվ, քան նախագահականի ժամանակ՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Այն պնդումները, թե ավագանու օրինական ընտրություններ չեն եղել և, հետևաբար, չի կարելի խոսել ընտրության արդյունքների մասին, քննադատության չի դիմանում, քանի որ 2008թ. նախագահական ընտրություններն էլ չեն անցել օրինականության սահմաններում, բայց դա Տեր-Պետրոսյանին չխանգարեց այլ արդյունքներ ունենալ և գնալ հետընտրական «ռասկաչկայի»։ Երևանի ընտրությունները եղել են հայկական «ստանդարտների» մեջ, և անհրաժեշտ է լրջորեն վերլուծել  իրավիճակը, այլ ոչ թե՝ ինքնահանգստացմամբ զբաղվել։

Այսպիսով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում էլ պահպանվեց այն օրինաչափությունը, որն ունեցել են թիվ 1-ը համարվող բոլոր ընդդիմադիրները, բացառությամբ իշխանության մի թևի հետ համագործակցած Կարեն Դեմիրճյանի։

Սպասենք զարգացումներին։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը