Խմբագրական

22.05.2010 18:04


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը – 10

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը – 10

սկիզբը՝ տե՛ս

Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտն այլ կոնֆիգուրացիա է ստանալու։ Եթե անցնի Սերժ Սարգսյանի սցենարը, ապա ՀՀ-ն կպարտվի Ադրբեջանի հետ «սառը» պատերազմում և, իրավիճակի ճնշման տակ, կգնա կապիտուլյացիայի։

Մենք արդեն իսկ առարկայորեն զգում ենք Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության բացասական հետևանքները և ԵԽԽՎ վերջերս ընդունած բանաձևը հայկական զորքերն ազատագրված տարածքներից հանելու վերաբերյալ՝ ՀՀԿ «ճկուն» նախագահի քայլերի ուղղակի հետևանք է։ Եթե դու պարբերաբար հարցազրույցներ ես տալիս ու հայտարարում, որ պատրաստ ես հանձնել անվտանգության գոտին միայն թե ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը ճանաչվի ու հայ-թուրքական սահմանն էլ բացվի, ապա Թուրքիան ցինիկաբար հայտարարում է «դե արի մի երկու շրջանից դուրս արի, որ բացեմ սահմանս», Ադրբեջանն արդեն խոսում է Սյունիքից, իսկ ԵԽԽՎ-ն էլ, հիմնվելով քո ասածների վրա, կոչ է անում դուրս գալ ազատագրված տարածքներից։

Կոպիտ սխալ էր հող հանձնելու պատրաստակամություն հայտնելը, ինչպես նաև կոպիտ սխալ էր ապրիլի 22-ին ընդունված լղոզված որոշումը՝ հայ-թուրքական գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին։ Այդ կիսաորոշումը էլ ավելի լայն հնարավորություններ տվեց Թուրքիային մխրճվել Արցախի հարցի կարգավորման գործընթացի մեջ։ Այնինչ ճիշտ կլիներ, որ Հայաստանը հետ վերցներ իր ստորագրությունը հայ-թուրքական այդ տխրահռչակ արձանագրություններից։ Բայց «ֆուտբոլասերը» իր ոճով կիսաքայլի գնաց ու կրկին վատացրեց վիճակը, որի ամբողջական պատասխանատվությունը հենց ի՛ր վրա է։

Նմանատիպ բացասական զարգացումների մասին զգուշացվել էր «ֆուտբոլային» դիվանագիտության հենց սկզբնական փուլից, բայց «նախաձեռնող» նախագահն այնքա՜ն էր հիացած ինքն իր քայլով, այնքա՜ն էր ուզում խլել իր ներքին մրցակցի դրոշակն ու աթոռն ամրապնդել, որ Հայաստանը ներքաշեց տարածաշրջանային արկածախնդրության մեջ, որից դուրս գալ հնարավոր է միայն արտաքին ու ներքին քաղաքականության էական փոփոխության միջոցով, որը սակայն չի կարող նախաձեռնվել Սերժ Սարգսյանի կողմից։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախագահության այս կարճատև շրջանը ձախողումների երկար շղթայի է վերածվել և պատկերացնել կարելի է, թե դեռ ինչեր են մեզ սպասվում։ Արդեն անցել են հայոց լեզվին ու հանրակրթական դպրոցներին, որը «ֆուտբոլային» դիվանագիտության պես պատուհաս է դառնալու մեր գլխին։ Այդ ամենը չի կարելի թույլ տալ։ Պետք է գրողի ծոցն ուղարկել «ֆուտբոլային» դիվանագիտությունն ու իր բոլոր հարակից ատրիբուտներով հանդերձ և գնալ ներքին կյանքում լայնամասշտաբ փոփոխությունների։

Հարց - «Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն ի՞նչ դերակատարում է ունենալու, և արդյոք նա՞ չի լինելու առաջիկա ընտրությունների ընդդիմադիր դաշտի ֆավորիտը»։

Լևոն Տեր-Պետրոսյանը պարտված գործիչ է, իսկ պարտվածները մեզանում կա՛մ դառնում են քաղաքական թոշակառուներ, կա՛մ գեղամյաններ ու արթուրբաղդասարյաններ։

Իսկ պարտվել է Տեր-Պետրոսյանը ոչ թե այն պատճառով, որ չի կարողացել վերջին նախագահական ընտրությունների ու դրանից հետո տեղի ունեցած մյուս ընտրությունների ժամանակ կեղծիքների դեմն առնել ու գնալով քիչ ձայներ է հավաքել, այլ այն պատճառով, որ ՀՀ անվտանգության մասով իր գաղափարները Սերժ Սարգսյանի ձեռամբ մինչև վերջ վարկաբեկվեցին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» անփառունակ վախճանն ուղղակիորեն հարվածեց նաև «ֆուտբոլը» տարիներ շարունակ քարոզած Լևոն Տեր-Պետրոսյանին։ Պայթեց այն միֆը, թե Տեր–Պետրոսյանը առաջադեմ գաղափարներ ուներ, որը թույլ չտրվեց իրականացնել 1998–ին։ Նրա վերադարձը ներկայացվում էր որպես երկնային մանանա և վերջապես «Սերգո ջանին» լավ ապրեցնելու հնարավորություն։ Այդ «առաջադիմության» գործնական դրսևորումներին այժմ հայ ժողովուրդն ականատես է լինում և, ըստ այդմ, Տեր–Պետրոսյանն այլև առաքելություն չունի, որով նա «շահեկանորեն» տարբերվում էր մյուսներից։ Սարգսյանը, անկախ իր կամքից, լիովին բացահայտեց «ինքը մի բան գիտի» իմիջ ունեցող առաջնորդի «մերկությունը» և դրա համար շնորհակալություն պետք է հայտնել «ֆուտբոլասերից»։ Մնում է միայն անվնաս դուրս գալ այս «նախաձեռնողականության» լաբիրինթոսից։

Ելնելով վերը նշվածից՝ սպասվում է քաղաքական դաշտի գաղափարական հստակեցում հայաստանակենտրոն ուժերի և մարգինալ կոդերի կրողների միջև։ Վերջիններիս ներկայացուցիչներն այս պահին անբնականորեն զբաղեցրել են քաղաքական դաշտի ընդդիմադիր և իշխանական տիրույթը, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում։ Տեր-Պետրոսյանն այժմ այնքանով է ընդդիմադիր դաշտի լիդերը, որքան որ իշխանության գլուխ է համարվում Սերժ Սարգսյանը. գործում է իներցիայի կանոնը։

Ամփոփում. բաց տնտեսաքաղաքական համակարգին անցնելու ալգորիթմը

Հաշվի առնելով մի շարք երկրների փորձը և հայաստանյան իրողությունները՝ կարող ենք ասել, որ անցումային տնտեսություններ ունեցող տարբեր համակարգերում տրանսֆորմացիոն փուլը վերջնականապես հաղթահարվում է, և կայուն, դինամիկ զարգացող հարաբերություններ են հաստատվում ստորև ներկայացվող 3 խումբ գործողությունների հաջորդական կիրառման արդյունքում, որոնք պետք է լինեն ՀՀ-ում ձևավորվելիք նոր էլիտայի քաղաքականության ուղենիշը։

1-ին շրջան՝

ա) ներմուծման փոխարինում և արտահանմանն ուղղված քաղաքականություն,

բ) հիմնական այլ արժույթների հետ համեմատած՝ թույլ դրամի քաղաքականություն,

գ) ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերի ձևավորման կամ զարգացման նպաստում,

դ) տնտեսության իրական հատվածում մասնավոր ներդրումների խրախուսում,

ե) պետական ֆինանսավորում տնտեսական ենթակառուցվածքներում,

զ) փոքր և միջին բիզնեսի խրախուսում պրոգրեսիվ հարկման համակարգի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարների ներդրման միջոցով՝ կախված բիզնեսի տեսակից, ծավալներից ու սոցիալական նշանակությունից,

է) հակամենաշնորհային քաղաքականություն։

2-րդ շրջան՝

ա) տնտեսական ժողովրդավարություն,

բ) սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների տրամադրում,

գ) իշխանության և բիզնեսի տարանջատում,

դ) բաժնետիրական կառավարման կուլտուրայի արմատավորում։

3-րդ շրջան՝

ա) մրցակցային ազգային բուրժուազիայի կայացումից ու սեփականության իրավունքի պաշտպանության իրական երաշխիքների համակարգի ստեղծումից հետո աշխատուժի ամբողջական իրավունքների պաշտպանության համակարգի ձևավորում, որը կնպաստի հզոր արհմիությունների ստեղծմանը,

բ) վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների առկայություն,

գ) քաղաքակիրթ և լեգիտիմ հարաբերություններ իշխանության, գործատուների և արհմիությունների միջև:

Նշված գործողությունների հաջորդաբար կյանքի կոչումը մեզ դուրս կբերի անցումային կոչվող շրջանից, զուգահեռաբար կզարգանան ժողովրդավարական ինստիտուտները, անկախ դատարանները, և արդեն հնարավոր կլինի խոսել որակապես նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների մասին։

Բնականաբար, այս ամենին զուգահեռ անհրաժեշտ են նաև քաղաքական և իրավական համակարգերի լրջագույն բարեփոխումներ, առանց որոնց տնտեսական բարեփոխումներն անհնար է իրականություն դարձնել։ Պետք է ընդունել ՆորՍահմանադրություն, որտեղ դրված կլինեն իրական հակակշիռների մեխանիզմներ իշխանության ճյուղերի միջև, ինչպես նաև կստեղծվի տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման հնարավորություն, ինչը ենթադրում է համայնքային ընտրությունների քաղաքականացում և տեղական քաղաքական էլիտաների ձևավորում. չի կարելի քաղաքական կյանքը պատկերացնել միայն Երևանի կենտրոնում։

Սա անարյուն հեղափոխության ճանապարհն է։ Իսկ այն, ինչ այսօր առաջարկում ու փորձում են իրականացնել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը արտաքին ու ներքին կյանքում, արյունալի գործընթացների, քաղաքացիական բախումների ու Արցախի երկրորդ պատերազմի կարող է հանգեցնել։

. . .

Իմ խորին համոզմամբ՝ ազգային-դեմոկրատականը միակ գաղափարախոսությունն է, որով հնարավոր է հաղթել այս ռեժիմին։ Այլընտրանք չկա։ Ժամանակի ընթացքում մեծամասնությունը գալու է այդ կարծիքին։

Երբ նոր էինք սկսում www.7or.am-ով հետևողականորեն քարոզել ազգային-դեմոկրատական գաղափարները և խոսել քաղաքական դաշտի նոր ձևաչափերի անհրաժեշտության մասին, ոմանք չէին ընկալում դա, քանի որ այլ քաղաքական չափումների մեջ էին ապրում, և տեսնում էին միայն Սարգսյան-Տեր-Պետրոսյան իրականում գոյություն չունեցող հակասությունների «սև-սպիտակ» դաշտն ու իրենց պատկերացնում «սպիտակ» տիրույթում։

Իսկ այժմ իրավիճակը փոխվում է։ Շատերը վերջապես հասկացան, որ այդ «սև-սպիտակ» բաժանումները կեղծ են, որ ժողովրդավարությունը, շուկայական տնտեսությունը չի կարելի հակադրել Արցախի հարցի հետ ու ասել, թե մինչև հողերը չհանձնենք՝ լավ չենք ապրի, որ հող հանձնելով ոչ թե խաղաղություն ես ստանում, այլ արագ պատերազմ և միանշանակ պարտություն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն հուզական հարց չէ, այլ առնչվում է ՀՀ անվտանգությանը և պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում և այլն, և այլն, և այլն։ Սրանք հարցեր էին, որոնք, թվում է թե պետք է քննարկման առարկա չլինեին, բայց քանի որ մենք հարյուրամյակներով պետություն չենք ունեցել, ուստի պետական մտածողությունն ու անվտանգության զգացողությունը ոմանց մոտ, օբյեկտիվորեն, բթացած էր և միայն իրական վտանգների դեպքում մարդիկ հասկացան, թե ինչն ինչոց է։ Միայն «ֆուտբոլային» պարտություններից հետո շատերը տեսան, որ շուտափույթ զիջումների գաղափարները ոչ միայն փուչ են, այլև սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Այժմ, փա՛ռք Աստծո, քաղաքական դալտոնիզմը կամաց-կամաց իր տեղն է զիջում ռացիոնալ մտածողությանն ու իրերն իրենց անուններով կոչելուն։

Եթե հաջողվի փոխել քաղաքական մթնոլորտը, ստեղծել գաղափարական այլընտրանք ներկայացնող նոր թիմ և թույլ չտալ «մեկ մարդու տնտեսության» մոդելի հաղթանակը, ապա դա կլինի ոչ միայն իշխանափոխություն, այլև Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլ, մեր ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի հնարավորություն, տնտեսական զարգացում և այդ ամենից ելնելով՝ երկարատև խաղաղություն և առաջընթաց։ Ես որպես զինվոր, իմ ուժերի ներածին չափով, լծվել եմ այդ գործին։

Եթե ներքաղաքական կյանքի այսօրվա ստատուս քվոն չփոխվի և մենք առաջիկա ընտրություններին գնանք ընդդիմադիր դաշտի այս կոնֆիգուրացիայով, ապա պարտությունն անխուսափելի կլինի, և ՀՀ–ում վերջնականապես կհաստատվի թուրքմենբաշիական համակարգ։ Իսկ դա նշանակում է, որ և՛ ներքին, և՛ արտաքին սպասվելիք զարգացումներից ելնելով՝ Հայաստանում ապրելն արդեն անվտանգ չի լինի։ Ասել է թե՝ գործող ռեժիմի փոփոխությունը օրվա հրամայականն է, և այն իրագործելու համար պետք է գնալ հասարակական լայն կոնսոլիդացիայի։

Անհրաժեշտ է մինչև ընտրությունները ոչնչացնել ընտրակեղծիքների մեքենան, այլ ոչ թե սպասել կոնկրետ ընտրության օրվան և հույս ունենալ, որ հանձնաժողովի անդամները կամ վստահված անձինք կպայքարեն կեղծիքների դեմ։ Պայքարելը կպայքարեն, բայց մարդկանց չի կարելի ֆիզիկական բռնության վտագի տակ դնել ու հետո սկսել պայքարել նրանց իրավունքների համար, երբ գնացքն արդեն գնացած է. դրա մեջ մազոխիզմի պես մի բան կա։ Նման դեպքերում գալիս է մի պահ, երբ քո բուն պայքարի նպատակը վերափոխվում է, և ընդամենը պայքարի գործընթա՛ցն է դառնում նպատակ։ Ստացվում է, որ նպատակը ոչինչ է, իսկ շարժումն ամեն ինչ, ու դառնում ես շարժման գերի։ Բայց չէ՞ որ նպատակն ի սկզբանե չպետք է լինի բռնության ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Նախ պետք է այնպես անել, որ բռնության ենթարկվածներ չլինեն, իսկ եթե այդպիսիք լինում են, ապա պետք է պայքարել նրանց համար, բայց պայքարի միակ իմաստը չդարձնել դա, քանի որ ի սկզբանե այլ բան էր հայտարարվել։ Նպատակի ու հետևանքի տեղերը խառնելն այլ բանի վկայություն է։ Ինչևէ։

Ուրեմն պետք է «էն գլխից» շարքից հանել ընտրակեղծիքների մեխանիզմը։ Իսկ դրան հասնելու համար, կրկնեմ, լայն կոնսոլիդացիա է պետք ապահովել, ինչը ենթադրում է նաև իշխանության ներսի առողջ ուժերի համախմբում։ Այնպես չէ, որ իշխանության ներսում բացառապես սրիկաներ են, իսկ իշխանությունից դուրս՝ հրեշտակներ։ Բիզնեսի բոլոր շերտերի, հանրության լայն շրջանակների, հայաստանակենտրոն քաղաքական ուժերի, պետական շահի ու անվտանգության ապահովման գիտակցությամբ օժտված իշխանական շրջանակների, արցախահայության և սփյուռքի յուօրինակ դաշինքը հնարավորություն կտա ձևավորել համազգային շարժում և բացառել ընտրակեղծիքները ու, հետևաբար, բռնությունները։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական ու գաղափարական այնպիսի կոդ, որ հանրության ճնշող մեծամասնությունն իր անձնական շահը տեսնի համակարգային փոփոխությունների և բուն իշխանափոխության մեջ։

Հակաղարաբաղցիական, միահեծան սահմանադրական կարգը վերականգնելու, հողերը շուտափույթ հանձնելու և ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից հանելու պառակտիչ կոդերով հնարավոր չէ լայն կոնսոլիդացիա ապահովել և խուսափել բռնություններից, մարտիմեկերից։ Ճիշտ հակառակը, հասարակությունը յուրայինների ու տականքների բաժանելով՝ նպաստում ես բռնությունների կիրառմանը և թիմակիցներիդ ուղարկում զնդանները։ Չարժե խնդիրներ ստեղծել, իսկ հետո հերոսաբար պայքարել դրանց հաղթահարման համար։ Զոհերին հետ չես բերի։ Պարզ է, որ նպատակդ դա չէր, բայց այդպես ստացվում է։ Իսկ համազգային համախմբումը հնարավորություն կտա խուսափել բախումներից, քանի որ բռնության կիրառման հրամաններն այդ դեպքում չեն կատարվի։

Միավորող, այլ ոչ թե բաժանող գաղափարները կհանգեցնեն դրական արդյունքի, ինչի հնարավորությունը ես տեսնում եմ։Ազգային-դեմոկրատականփոփոխություններըկբերեն քաղաքական նոր համակարգի ձևավորմանը։ Ահա ա՛յդ ժամանակ կհաղթահարվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը