Խմբագրական

20.05.2010 17:58


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 9

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 9

սկիզբը՝ տե՛ս

1995 թվականից մինչև 2008-ը տեղի ունեցած համապետական բոլոր մակարդակների ընտրությունները «հանուն խոշոր սեփականության պաշտպանության» ենթատեքստով են կեղծվել։ Իշխանությունն ու իր հետ սերտաճած խոշոր բիզնեսը չեն թողել, որպեսզի դրսից որևէ մեկը գա, քանի որ վստահ չեն եղել իրենց անվտանգության և սեփականության պաշտպանության հարցերում։ Բացի այդ՝ ստեղծված փակ համակարգը հնարավորություն էր տալիս իշխանական գիլդայի ներկայացուցիչներին շատ արագ հարստանալ և նրանք այդ ամենը կամովին չէին զիջի։

2008-ից հետո ստեղծված իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ խոշոր բիզնեսի, այն է՝ իշխանության մի մասի սեփականությանը սպառնում են ոչ թե դրսից, ինչը միասնաբար կչեզոքացվեր, այլ ներսից՝ Սերժ Սարգսյանի կողմից (2008-ին խոշոր բիզնեսը մտավախություն ուներ, որ Տեր-Պետրոսյանը վերաբաշխելու է սեփականությունը և հանուն իր շահերի մինչև վերջ աջակցեց Սերժ Սարգսյանին և պահեց իշխանական բուրգը)։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա համապետական ընտրություններում մենք ականատեսն ենք լինելու նոր տիպի զարգացումների, ինչպիսին չի եղել ՀՀ նորագույն պատմության ընթացքում. իշխանական համակարգը միասնական չի լինի։

«Անասնաֆերմայի» կանոնները

Սարգսյանի պատկերացրած համակարգը, որը նա ձգտում է ունենալ, իր բնույթով ավելի հակաժողովրդավարական ու հակաշուկայական է, քան այն, որն ունենք այսօր։ Այսօրվա ԱԺ-ի շատ ու շատ «անլեզու» մականունավորներ պակաս վտանգավոր են, քան ֆուկցիոնալ առումով սովետական շրջանի կթվորուհի-պատգամավորներին հիշեցնող մեր այսօրվա «մտավորական կթվորուհիները», քանի որ վերջիններս իշխանությանը ենթարկվում են անվերապահորեն և իրենց բնույթով մանկուրտներ են, ինչը ավելի վտանգավոր երևույթ է, քան փողոցային խուլիգանը։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես փակ նիստ արեցին ակադեմիկոսներն ու գովերգեցին Սերժ Սարգսյանի «իմաստուն» քիրվայությունը հայ-թուրքական «մեղրամիսի» ժամանակ։ Այդ օրերին հեռուստաէկրաններից չէին իջնում տարատեսակ վերլուծաբաններն ու թուրքագետները, որոնք «հիմնավորում» էին «ֆուտբոլի» անհրաժեշտությունն ու 21-րդ դարին վայել ապրելակերպը։ Հիմա նույն այդ մարդկանց հրահանգված է հայրենասիրություն խաղալ ու նրանք նույն էնտուզիազմով հակառակն են ուզում ապացուցել բազմաչարչար հեռուստադիտողին։

Սերժ Սարգսյանին հենց նման մարդիկ են պետք, որոնց պահանջները մի ստամոքսի չափ են, որոնք ոչ մի սկզբունք չունեն և որոնց միակ սկզբունքն իշխանությանն ինքնամոռաց ծառայելն է։ Ի դեպ, այդ «մեծապատիվները» նաև հայրենիք չունեն։ Նրանց հայրենիքը նախագահական նստավայրն է. ով այնտեղ նստի՝ նրան էլ կծառայեն, ինչը նրանց դարձնում է թուրքմենբաշիական համակարգի «բութ» գործիք։ Ու կապ չունի, թե այդ գործիքը դոկտո՞ր է, դերասա՞ն, թե՞ որևէ հոդված չգրած, բայց լրագրողական համքարության անունից հանդես եկող մեկը։

Սերժ Սարգսյանի երազածը «մտավորականներով լեցուն անասնաֆերման» է։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի՜ բոցաշունչ ելույթներ կունենան ու դեմագոգիկ մեկնաբանություններ կներկայացնեն մտավորական կոչվածները, երբ Սերժ Սարգսյանը որոշի ազգայնացնել (իրականում՝ միայն իր ձեռքը վերցնել) ամբողջ մասնավոր սեփականությունը։ Սովետական շրջանում «Ջան Ստալին» երգածներն ու պարտիական տոմսի համար հարազատներին ծախածներն ու նրանց գաղափարական այժմյան ժառանգներն անմիջապես կզինվեն բոլշևիկյան հռետորաբանությամբ ու այնպիսի քարոզ կանեն, ինչպիսին մենք տեսանք հայ-թուրքական «ֆուտբոլի» որոշակի փուլում։ Նրանց դերասանական պաթոսից ու ասիական ոճի քծնանքից կկարողանաս փրկվել միայն փսխելով։ Բայց դրան չենք հասնի։ Համենայնդեպս պետք է ամեն ինչ անել, որ «անասնաֆերմա» չդառնա մեր երկիրը։ Հակառակ դեպքում ադրբեջանական բանակը կարող է քայլերթով մտնել Երևան։

Կրկնեմ՝ ասվածից չի հետևում, որ պետք է ձգտենք պահպանել այսօրվանը։ Ո՛չ։ Պետք է օգտագործել այսօրվա համակարգի բացասական էներգիան իր իսկ դեմ, թույլ չտալ ավելի վատ համակարգի ստեղծումը և կառուցել նոր համակարգ։ Սա՛ է խնդիրը։

Սափրագլուխներից, մականունավորներից ու բութ դեմքով գործարար կոչվածներից ես էլ, մեղմ ասած, հիացած չեմ, բայց մասնագիտական գիտելիքներս ինձ թույլ են տալիս հասկանալու, որ նրանք այժմյան փտած համակարգի հետևանքն են, սառցաբեկորի երևացող մասերը, այսպես ասած՝ համակարգի արտադրական թափոնները։ Չհասկանալ սա՝ նշանակում է կուլ գնալ սարգսյանական ծրագրեին։ Որպեսզի այս համակարգը փոխվի՝ չպետք է խաղալ իշխանությունների թելադրած կանոններով ու հիմնական թիրախ դիտարկել օլիգարխ կոչվածներին։ Նրանք մանր ֆիգուրներ են։ Իրական «քաղաքական դինոզավրերի» դեմ պետք է պայքարել, իսկ դա հնարավոր է միայն թիրախի ճիշտ ընտրությամբ և գաղափարական զենքով։

Նախնադարյան մարդը չէր կարող պայքարել դինոզավրերի դեմ՝ վերջիններիս խաղի կանոններով։ Դա անհնար էր։ Դինոզավրերը վերացան, երբ փոխվեցին բնակլիմայական պայմանները, մթնոլորտը։ Քաղաքական առումով մթնոլորտի փոփոխություն՝ նշանակում է նոր գաղափարների, նոր մտածողության, նոր էլիտայի առկայություն, որի դեպքում հնարավոր կլինի կոնսոլիդացնել հանրության ճնշող մեծամասնությանը և ա՛յդ դեպքում միայն «դինոզավրերը», որոնք ներսից օկուպացրել են մեր երկիրը՝ դաշտից կմաքրվեն։ Իսկ հետագայում ով կդիմանա մրցակցային խաղի կանոններին՝ թող դիմանա։ Էդ նույն մականունավորները եթե կարողանան շուկայական մեխանզմներով գործել՝ խնդիր չկա։

Պետք է շատ հստակ հասկանալ, որ իշխանությունները պայքարում են ոչ թե օլիգարխիկ համակարգի, այլ օլիգարխ կոչվածների դեմ և ուզում են ամբողջությամբ կենտրոնացնել օլիգարխիկ համակարգի ընձեռած հնարավորությունները։ Նաև պետք է հասկանալ, որ իրական սափրագլուխները, մականունավորները և «բեսպրեդելշիկները» լրիվ այլ մարդիկ են, այլ պաշտոն են զբաղեցնում, այլ դեմքով են հանդես գալիս և չի կարելի այսպես կոչված ուսյալ, կրթյալ «անասուններով» շրջապատվածների դեմագոգիայի տակ չնկատել այսօրվա վիճակի բուն պատասխանատուներին։

Մենք այժմ պետք է գնանք նոր տիպի հարաբերությունների, որին արդեն ստիպված պիտի համաձայնի ընտրակեղծիքների մշտական գործիքի դեր կատարած խոշոր բիզնեսը։ Նրանք պետք է գնան հանրային կոմպրոմիսի, որի հիմնական կետերից կարող են լինել՝

ա)սեփականության պաշտպանության երաշխիքներ,

բ)սպասվելիք ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքար,

գ) քաղաքականության և բիզնեսի տարանջատում,

դ)խոշոր բիզնեսի սոցիալական պատասխանատվություն՝ պետության և խոշոր բուժուազիայի միջև փոխադարձաբար ընդունելի հարկային դրույքաչափերի ու հարկային բեռի արդարացի բաշխվածության տեսքով,

ե)պրոգրեսիվ հարկման համակարգ։

Բոլորը պետք է գիտակցեն, որ նախկին խաղի կանոնն այլևս չի գործելու, քանի որ դա չի ուզում և՛ Սարգսյանի իշխանությունը, և՛ հասարակության մեծամասնությունը։ Հասարակությունն ուզում է ազատություններ և այդ իսկ պատճառով դեմ է այսօրվա համակարգին, իսկ իշխանությունն ուզում է էլ ավելի փակ համակարգ և այդ նպատակով է ուզում փոխել գործող հարաբերությունները։ Այսինքն երկրում հեղափոխական վիճակ է, որի նախաձեռնողներն ու պահանջ ներկայացնողները երկու հիմնական քաղաքական սուբյեկտներն են՝ իշխանությունն ու ժողովուրդը։

Իշխանական հեղափոխությունն ուղղորդողներ ունի։ Դա Սերժ Սարգսյանն է ու իր գործիք վարչապետը։ Ժողովրդի հեղափոխական էներգիան առայժմ չունի ուղղորդող քաղաքական ուժ և լիդեր, բայց դրա առաջացումը ժամանակի խնդիր է, որը կլուծվի. վակուումը չի կարող չլցվել։

Երկու սուբյեկտներն էլ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, այս պահին իրենց մարտավարական հակառակորդ են համարում խոշոր բիզնեսին։ Բայց եթե իշխանությունը գիտի, թե ինչու է ուզում կուլակաթափ անել իր «յուրայիններին» և ինչ նպատակ է հետապնդում, ապա հասարակության մի մասի մոտ մակերեսային ընկալում կա կուլակաթափության վերաբերյալ, և չկա իրական վտանգների գիտակցում։ Ավելին՝ հասարակությունը սխալմամբ կարող է պասիվ աջակցություն ցուցաբերել իր համակարգային հակառակորդ հանդիսացող իշխանությանը՝ ողջունելով կուլակաթափությունը և ակամայից նպաստելով «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ խոշոր սեփականատերերը փրկություն կարող են գտնել միայն սեփականության լեգիտիմացման ճանապարհը բռնելով, որը ենթադրում է

ա) դաշինք փոքր ու միջին բիզնեսի, իսկ լայն իմաստով՝ միջին խավի հետ,

բ) դուրս գալ իշխող ռեժիմի դեմ կամ առնվազն չաջակցել իշխանական ընտրակեղծիքներին։

. . .

Այժմ իշխանություններն ամեն ինչ անում են, որ խոշոր բիզնեսը վերջնականապես դուրս գա իրենց դեմ, ինչը շրջադարձային դեր է կատարելու առաջիկա քաղաքական գործընթացների որոշակի փուլում։ Դրա համար եմ ասում, որ ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի։

Հիմա Սարգսյանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, և եթե «ճյուղն» ուզում է փրկվել, ապա պետք է «պատվաստվի» այլ ծառի հետ ու ենթարկվի նոր միջավայրի խաղի կանոններին։

ՀՀ նախագահն, անկախ իր կամքից, դրական բան է անում՝ ինպես որ «ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտությամբ վերջնականապես արժեզրկեց տերպետրոսյանական քիրվայական գաղափարները, այնպես էլ հիմա կազմաքանդում է իրեն ծնած համակարգը։

ՀՀԿ «ճկուն» նախագահն ուզում է մի բան, բայց ստացվելու է լրիվ այլ բան։ Իսկ դրան պետք է նպաստել ու պատրաստ լինել «դինոզավրերի» «հուղարկավորությանը»։ Եկեք այդ հարցում աջակցենք «ֆուտբոլասերին»։

Պետք է օգտագործել այս փտած համակարգի հակահասարակական ու հակաժողովրդավարական բնույթն իր իսկ դեմ, հանրությանն առաջարկել նոր ու առարկայական ծրագրեր և գնալ ազգային-դեմոկրատական փոփոխությունների։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը