Հարցազրույց

19.06.2009 18:27


Աղասի Արշակյան.

Աղասի Արշակյան.

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ

-Ըստ Ձեզ, ինչու՞ Հայաստանում անաչառ քաղաքական հետազոտություններին և վերլուծություններին մեծ հաշվով նշանակություն չի տրվում։

-Ցավոք սրտի, մեզանում ինչպես որ պղծված է ամեն մի ասպարեզ, պղծաված է նաև հետազոտությունների ոլորտը։ Վերցնենք թեկուզ սոցիոլոգիական հետազոտությունների ասպարեզը։ Առանձին սոցիոլոգներ՝ հայտնի ու անհայտ, պատվերներ են ստանում։ Նրանք իշխանության կեղծիքի չա՛փն էլ գիտեն, պատվե՛րն էլ գիտեն։ Մասնավորապես, Ահարոն Ադիբեկյանն իր թվերը ոչ թե հետազոտություններով է ստանում, այլ իշխանությունից ստանում է և «подгонка» է անում։

-Քաղաքապետի ընտրություններից առաջ ընտրական վերլուծություն Դուք էիք արել...

-Որքան էլ որ զարմանալի է, ես Ահարոն Ադիբեկյանին ասացի՝ առանձնապես դարդ մի արա. փաստորեն, մեր թվերը բացարձակ մեծամասնությամբ համընկնում են։

-Այսի՞նքն։

-Վերջին չորս տեղին մոտավորապես 10% էինք տվել, երկրորդ տեղը երկուսս էլ տվել էինք ԲՀԿ-ին՝ ինքը սկզբից 14%, ես՝ 22%։ Հետո, երբ հայտնի վիճաբանությունը եղավ, և փոխադարձ խոցումներ եղան, պարոն Ադիբեկյանն այդ թիվը բարձացրեց, դարձրեց 21,4%։ Այստեղ էլ մեր թվերը համընկան։ Համընկան նաև առաջին և երրորդ տեղերի վերլուծականով՝ միայն այն տարբերությամբ, որ ես, բազմաթիվ բաղադրիչներ հաշվի առնելով, առաջին տեղը տալիս էի ՀԱԿ-ին, երրորդ տեղը տալիս էի ՀՀԿ-ին։ Իսկ նա ճիշտ հակառակն արեց։ Ես մոտավորապես 52% ՀԱԿ-ին էի նախատեսում, իսկ Ադիբեկյանը՝ 54% ՀՀԿ-ին։ Ես, ի դեմս ՀՀԿ-ի, 18% նախատեսել էի երրորդ տեղը գրավողին, ինքը 14%-ով երրորդ տեղը տալիս էր ՀԱԿ-ին։ Հասկանալի է, թե այս թվերը ես ինչպես եմ ստացել, նա՝ ինչպես։

-Այսինքն, Ձեր վերլուծությունը իրատեսակա՞ն էր։

-Քաղաքապետի ընտրությունները ես արդեն որակել եմ որպես ընտրական բանդիտիզմ և պետական մակարդակի խոշոր հանցագործություն, որից հետո ամեն կարգի ընտրություններն ավելորդ են դառնում։ Որպեսզի հասկանալի լինի, վերցնենք մեկ համայնք՝ Մալաթիա-Սեբաստիա, և տեսնենք, թե ընտրակեղծիքներն ինչ չափերի են եղել։ Այս համայնքի բացարձակապես բոլոր ընտրատեղամասերում եղել են լցոնումներ՝ սկսած 150-ից մինչև 1100։  Ընդհանրապես, Երևանի քաղաքապետի ընտրություններում լցոնված ձայների թիվը ացնում է 120 000-ից։

-Ուզում եք ասել, որ եթե ընտրակեղծիքները չլինեին, ընտրությունից առաջ Ձեր ներկայացրած կանխատեսումը կիրականանա՞ր։

-Եթե այս ընտրական բանդիտիզմը չլիներ, իմ վերլուծությունը կլիներ 100%-ով ճիշտ։ Տվյալ դեպքում, 100%-ով ճիշտ դուրս եկավ Ահարոն Ադիբեկյանի վերլուծությունը, որովհետև նրա ներկայացրած թվերը նախօրոք պատվիրված էին, և դրանցում հաշվառված էր հենց այդ լցոնված և գողացված 120 000-130 000 ձայները։  Ինչ որ իշխանությունը պատվիրել է, վճարել է՝  նա այդպես էլ վարվել է։ Ահարոն Ադիբեկյանին ճանաչում եմ 1988թ.-ից, երբ միասին մեր մի շարք ընկերների հետ «Հուշամատյան» կազմակերպությունն էինք հիմնում։ Ինքն այն ժամանակ անհամեմատ ավելի բարեխիղճ էր և խելացի վերլուծություններ էր անում։ Հիմա կյանքն է նրան ստիպել այլ սկզբունքներով ապրել։ Բոլորը չէ, որ կարող են դիմանալ կյանքի հարվածներին։ Մեր ընկերներից մեկը վերցրեց մի կուսակցություն և սկսեց թվարկել նրա անդամներին, հարցնելով՝ որտե՞ղ է հիմա Ֆիլարետ Բերիկյանը, որտե՞ղ է Միքայել Մելքումյանը, որտե՞ղ է Սեյրան Ավագյանը, որտե՞ղ են Դավիթ Վարդանյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը... Եթե մարդիկ իրենց սկզբունքները ռադիկալ 180 աստիճանով փոխում են, ապա ես պարզապես չեմ կարող նրանց հասկանալ։ Հիմա նրանցից մեկն էլ պարոն Ահարոնն է։ Սակայն ես ցավով եմ հիշում,  թե 88-ին նա որքան սրտացավ էր մեր պայքարի համար, որքան օբյեկտիվ էր։ Հիմա կյանքը ստիպեց։ Այստեղ ես իշխանության մեղքն էլ եմ տեսնում, միայն ինքնափչացող մարդկանց մեղքը չէ դա։ Իշխանությունը մեթոդաբար մարդկանց մամլակների մեջ է պահում, նրանք էլ չեն դիմանում։ Ի՞նչ ասեմ։ 

-Սակայն դա չխանգարեց Ահարոն Ադիբեկյանին՝ հեգնել Ձեր վերլուծությունը։

-Նախ ասեմ, որ դա մեր հեռուստաալիքների՝ մեկ կետից հրահանգ ստանալու արդյունքն էր։ Բոլոր հեռուստաալիքները մեր բանավեճից բացարձակապես նույն դրվագը ցույց տվեցին, որտեղ Ահարոն Ադիբեկյանը ծաղրական տոնով պահանջում էր, որ ես իմ չափման գործիքներն ի ցուց դնեմ։ Սակայն իմ ձեռքի տակ է նույն «Հայելի» ակումբի էլեկտրոնային էջի բանավաճի ամբողջ սղագրությունը։ Նայեք և տեսեք, որ բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններով ես հաստիքային սոցիոլոգին ինքնադրսևորվելու տեղ չեմ թողել։ Եվ միայն այդ մեկ դրվագն էր, որը ինքը վերածեց կատակի՝ հատուկ ընդգծված ձայնային ինտոնացիաներով։ Իսկ ես նրա գործիք ցույց տալու պահանջին արձագանքեցի ժեստով։ Սա է եղել։ Եվ բանավեճին ներկա գտնվող 11 հեռուստաալիքներից միայն 4-ն անդրադարձան դրան՝ ցույց տալով նույն կտորը։  Հայաստանում ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկն էլ մեր չորրորդ իշխանությունն է։ Մենք ունենք երկու-երեք անկյուն քշված, գազազած թերթեր, որոնք լցված են հայհոյախառն մտքերով։ Վայրահաչոցներով են լցված նաև իշխանական առանձին թերթեր։ Իսկ մնացած մասը կիսաամորֆ, ոչինչ չասող սվաղչիների պես մի բան են։ Այս վիճակը ողորմելի է։

-Լրատվամիջոցները մեր քաղաքական, հասարակական կյանքի արտացոլումն են։ Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական հետազոտությունները, սոցիոլոգիական հարցումները տարիներով նույն մարդկանց են պատվիրում։

-Ցավոք սրտի, իրար փոփոխող իշխանությունները այլասերեցին և՛ մեր հասարակությունը, և՛ մեր ընտրազանգավածի զգալի մասը, ինչի արդյունքում այսպիսի ընտրություններ ենք ունենում։ Այլասերեցին լրատվական դաշտը։ Այսինքն, շատ քիչ մաքուր մարդ մնաց։ Եթե մաքուր մարդ էլ մնաց, ապա նրանք ստիպված ծղրտում են իրենց բներից, որպեսզի ինֆարկտ չստանան, ու դրանով վերջանում է։ Նայեք մեր ընտրություններին. մի հատ խելքը գլխին, հարգված մարդ մասնակցո՞ւմ է դրանց։ Թե՞ նախորդ դարում իրենց խիղճը, միտքը, պատիվը թողած մարդիկ են հավաքվում, այնպես, ինչպես որ Հանրային խորհրդում է։ Այնտեղ ընդամենը երեք չեզոք մարդ կա։ Այդ պատճառով էլ ասպարեզում մնում են փող աշխատող սոցիոլոգները։

Ես թվերով, փաստերով կարող եմ խոսել։ Օրինակ, 7/5 ընտրատեղամասում վստահաբար կարող եմ ասել, որ 900 հատ քվեաթերթիկ է լցվել։ 2000 ընտրող ունենալու դեպքում՝ 1600 մասնակցություն, դա նշանակում է, որ այստեղ 900 հատը լցվել է, որովհետև եթե մանրադիտակով փորձեք 18 տարեկանից բարձր բնակիչ գտնել այդ տարածքում, ապա առկա բնակիչների թիվը չի անցնի 1300-ից։ Եվ բնական է, որ նրանցից ընտրության կգնար առավելապես 700-ը։ Հետևաբար, 900 ձայն կեղծվել է։ Վերցնենք մեկ այլ տեղամաս՝ 7/12-ը։ Այստեղ կա 1940 մարդ, քվեարկել է 1832-ը։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել։ Եվ այլն, այլն... Սակայն ակնհայտ խախտումներ ունեցած բոլոր այլ տեղամասերի  նախագահները մնում են անպատիժ։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ցանկացած 54 ընտրատեղամասերում ակնհայտ խախտումներ են եղել...

-Ի՞նչ եք կարծում, հանրության համար ո՞ւմ հետազոտությունն ավելի արժանահավատ կլինի՝ Ձե՞ր, թե՞, ասենք, նույն հաստիքային սոցիոլոգների։

-Բնականաբար, նորմալ մարդիկ,  թեկուզ ներքին զգացողությամբ, ինձ կվստահեն։ Իշխանությունն էլ հրաշալի դա գիտի։ Նրանք Ահարոնի՛ց էլ, մնացած սոցիոլոգների՛ց էլ լավ գիտեն իրավիճակը։ Դրա համար էլ ձայներ գողանալով, ուժով պահում են իշխանությունը՝ պատվիրելով տարբեր թվեր ներկայացնել։ Սրա վերջը լինելու է հոգու սովը, որը բոլորիս արդեն պատել է։ Այսօր փոքրամասնության իշխանությունն է մեծամասնության վրա, և հսկայական անդունդ կա չարքաշ մեծամասնության և գերհարստացած փոքրամասնության միջև։ Նախորդ տարի ես տվեցի մարտի 1-ի դեպքերի իմ վերլուծությունը։ Ես ասել եմ, որ քանի դեռ չեն հայտարարվել 10 սպանության հեղինակների և հրաման տվողների անունները,  հասարակական գիտակցության մեջ մնալու է, որ իշխանությունը պահելու համար իշխանությունը զինվորականին և ոստիկանին մատաղ արեց, որպեսզի ցուցարարների վրա կրակելու պատճառ ունենա։ Եվ ես ասում էի, որ պետք է բացահայտվեն հանցագործները, որպեսզի շքամուտքերում ոստիկանապետեր չսպանվեն։ Տեսեք, թե մեկ տարվա մեջ ինչ տեղի ունեցավ։ Ցանկացած ոլորտի կեղծ մասնագետ այսօրվա իրավիճակի արտացոլումն է։ Կեղծ դատավարությունները, կեղծ հետաքննությունները, կեղծ սոցիոլոգիական հարցումները, կեղծ շանորդությունները մեր իրականությունն են։  Մեկ շաբաթ առաջ մեր շրջանային դատախազությունն ու ոստիկանությունը ինձ այնպիսի իրավիճակի մեջ դրեցին, որ ես սկսեցի ատել իմ կենսագրությունը, որ եղել եմ այս երկրի հիմնադիր պատգամավորներից։ 13 տարի աշխատել եմ օրենսդիր մարմնում։ Եվ ինչպե՞ս էին, բարեկամիս հետ կապված,  ինձ հետ վարվում դատախազությունում ու ոստիկանությունում։ Ստիպված, չուզենալով, դիմեցի հանրապետության գլխավոր դատախազին... Եթե դուք ինձ հետ եք այդպես վարվում, ապա ինչպե՞ս եք վարվելու շարքային քաղաքացու հետ։ Միայն գլխավոր դատախազի միջամտությունից հետո հաջողվեց կարգավորել հարցը։ Ինչ է թե, մի երիտասարդ դատախազ, նայելով աչքերիդ մեջ, քեզ խաբում է։ Ինչպես Ահարոն Ադիբեկյանն է իր սոցիոլոգիայում, այդպես էլ նա իր Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում։ Սա է, որ կողոպտում է հավատը, մարդկանց բերում է ատելության, որ մարդիկ հայրենիքը կորցրած են համարում, անհույս, անհեռանկար ուզում են թողնեն, հեռանան... 

-Այսինքն,  ընտրությունների արդյունքները նախօրոք որոշվա՞ծ էին, և քարոզարշավի ընթացքում պարզապես սոցհարցումների տեսքով անհրաժեշտ էր բարձրաձայնե՞լ դրանց մասին։

-Իհարկե։ Մեր կեղծ սոցիոլոգները ներկայացրեցին այն թվերը, որոնք որ նրանք պատվերի տեսքով ստացել էին։ Այսինքն, հող էին նախապատրաստում, թե այսպիսի ընտրություն է լինելու։ Չնայած ընտրություններից 20 օր է անցել, ես պատրաստ եմ ցանկացած անաչառ մարմնի, լինի դա հանձնաժողով, թե իրավապահ մարմին, օգնել բացահայտելու կեղծիքները։ բայց դա նրանց պետք չէ։

-Մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի մասին։ Ենթադրյալ համաներումը մարտի 1-ից հետո մնացած լարվածությունը որքանո՞վ կթուլացնի։

-Համաներումը որքան որ շուտ լինի, այնքան լավ։ Եվ դա, առաջին հերթին, հենց իշխանություններին է պետք։ Մի՞թե նրանք այդքանը չեն հասկանում։ Օրինակ ես, եթե լինեմ այն նստած մարդկանց տեղը, խարդախ ու մարդասպան ձեռքից ոչինչ չեմ վերցնի։ Այդպիսի համաներում չեմ վերցնի։ Որովհետև նրանք չեն հասկանում, որ այդ մարդիկ, անկախ նրանց նախկին վարքագծից, նախկինում գործած մեղքերից,  իրենց հոգին ազատագրել են։ Նրանց համար բանտում նստելը հիմա ավելի հեշտ է, քան այս մթնոլորտում ազատության մեջ լինելը։

-Սրա վերջը, ըստ Ձեզ, ո՞րն է լինելու։

-Վերջը լավ չի լինելու։ Շատ շուտով բոլորս դա մեր մաշկի վրա զգալու ենք։ Ցավոք սրտի, հարվածն առաջին հերթին կրկին իր վրա զգալու է չքավորության մեջ գտնվող հասարակության մի մեծ հատվածը։ Իսկ գլխավոր մեղավորների մի մասը կփախչի, մյուս մասը՝ կտուժի։ Այլևս ժողովրդից խլելու ոչինչ չի մնացել,  իրարից են խլելու։ Մենք մտել ենք մի ընթացքի մեջ, որը եթե ունի ծնունդ, ունի զարգացում, ապա անպայման ունենալու է վախճան։ Իսկ չար գործերի վախճանը երբեք չի կարող լավ վերջ ունենալ...Անհրաժեշտ է խելքի գալ, այլապես մեծ և նոր կորուստներն անխուսափելի են...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը