Մեկնաբանություն

10.01.2013 01:27


Aaaaand the Oscar goes tooo …

Aaaaand the Oscar goes tooo …

Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանին հեշտությամբ է տրվելու նախագահության երկրորդ ժամկետը։ Ճիշտ է, նա այժմ 10 զոհի կարիք չունի և չունի նաև մտավախություն, որ կեղծիքներից հետո հիմնական մրցակիցը կընդվզի, բայց ամեն դեպքում բազում խնդիրների առաջ է կանգնած։

Որքան էլ «երկխոսացված» Րաֆֆի Հովհաննիսյանն ու վարչապետ նշանակվելու կուտը կերած Հրանտ Բագրատյանը կատարեն իշխանության թեկնածուի «բեք վոկալի» դերն ու սպասեն խրախուսական մրցանակի, որքան էլ «էպոսագետն» ու կարատեիստը զվարճացնեն հանրությանը, և որքան էլ թոշակառու Պավլիկը ՍԴ–ին թույլ չտա հետտոնական խումհարի մեջ երկար մնալ, միևնույն է, ճշմարտանման կինո ցույց տալու և ընտրական մրցանակաբաշխությունը պատշաճ ձևով կազմակերպելու բարդություններ կան։

Դատե՛ք ինքներդ։

Սերժ Սարգսյանը պետք է կարողանա գլուխ բերել «Չկեղծված ընտրություններ» սցենարն այնպես, որ հա՛մ սուր մրցակցության տպավորություն ստեղծի, հա՛մ էլ ինքը հավաքած տոկոսներով հետ չմնա Իլհամ Ալիևից։

Ալևից առաջ անցնելու հարցը շատ հեշտ է։ ԿԸՀ–ում այնպիսի դեմքեր են նստած, որ նրանց համեմատ Այվազովսկին սկսնակ նկարիչ կարող է ընկալվել։

Չարչարանք է պահանջում «սուր մրցակցության» իմիտացիայի՛ ապահովումը։ Թերևս հարկ կլինի Րաֆֆիի համար մասսայական տեսարաններ բեմադրել, իսկ Բագրատյանի համար որձ կովեր ու լարից ընկած կիթառ մատակարարել, որպեսզի նախկին վարչապետը կարողանա հանրությանը ցույց տալ, որ գործող վարչապետին գերազանցում է և՛ կովերի, և՛ մեգաէկոնոմիկայի, և՛ վիրտուոզ կիթառ նվագելու հարցերում։

Սուր մրցակցության զգացողություններ կարող է առաջացնել նաև հեռուստաբանավեճի կազմակերպումը։ Բայց այստեղ մի շարք ռիսկեր կան։ Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի Արտաշես Գեղամյանի դերասանական տաղանդը, և ուղիղ եթերի ժամանակ կարող է պահի տակ անկեղծանալ ու հեռուստադիտողին պատմել Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածությունների մանրամասները՝ փչացնելով ամբողջ սցենարը և անհետաքրքիր դարձնելով կինոն։

Հրանտ Բագրատյանն էլ «մեղր» չէ ու հեռուստաբանավեճի ժամանակ ոգևորվելով՝ կարող է եգիպտանալ ու թունիսանալ՝ դուրս գալով «Խելոք «գառը» երկու նախագահի վարչապետ կարող է դառնալ» տրագիկոմեդիայի շրջանակներից։ Իսկ դա, համաձայնե՛ք, չի մտնում ՀՀԿ ղեկավարի ծրագրերի մեջ։

Առանձին թեմա է «էպոսագետը», ով կարող է Դուբայից նոր եկած լինել, «հաբռգած» լինել ու հեռուստաբանավեճի ժամանակ Մսրա Մելիքի հետ շփոթել Սարգսյանին և ուղիղ եթերում կիրառել Թուր կեծակին։

Գլխացավանքի պատճառ կարող է դառնալ թոշակառու Պավլիկը, ով կարող է Սարգսյանից ուղիղ եթերում պահանջել իր «ատկատը», այն է՝ ընտրագրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամը։

«Խաթաբալա» է նաև նախագահի կարատեիստ թեկնածուն, ում հետ վիճելն ու բանավիճելը շախմատասեր Սարգսյանի համար ծանր հետևանքներ կարող են ունենալ։ Ի վերջո, կարատեիստը կարող է իրեն դնել հայ ընտրողների սիրելի Չակ Նորիսի տեղն ու ...

Թե ի՞նչ լուծումներ կգտնեն նախագահականի քաղտեխնոլոգները, հաստիքային «մուտիլովչիկներն» ու արտահաստիքային կլիպմեյքերները և ինչպիսի՞ կինո կհրամցնեն ժողովրդին, պարզ կդառնա փետրվարի 18–ին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Դատելով Ադիբեկյանի հայտարարությունից՝ իշխանությունները որոշել են մի քսան տոկոս տալ Րաֆֆիի Հովհաննիսյանին, բայց դա էլ է վտանգավոր. բա որ հանկարծ Րաֆֆին հավատա այդ տոկոսին, ինքն իրեն լուրջ ընդունի ու դուրս գա վերահսկողությունից՝ խախտելով «կոնվենցիան»։ Այնպես որ, ճիշտը Բագրատյանին ու Րաֆֆիին 5–ական տոկոս տալն է. թող իրար մեջ կռվեն, թե ում ստացած հինգ տոկոսն է ավելի լավը։ Կասկած չունեմ, որ թվերի աճպարարության մեծ մասնագետ Հրանտը «Ժառանգության» ղեկավարին այնպես կֆռռացնի, որ վիճակագրական ծառայության աշխատակիցներն ամոթից կպապանձվեն։

Այս խորագրի վերջին նյութերը