Լրահոս

18.06.2009 18:04


Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի կապակցությամբ կան ձերբակալվածներ, հայտարարվել է հետախուզում

Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի կապակցությամբ կան ձերբակալվածներ, հայտարարվել է հետախուզում

Ս.թ  մայիսի 23-ին ՀՀ Պետական  եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի   նկատմամբ մահափորձ  իրականացնելու նպատակով, անհայտ անձինք փորձել են  Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում  գտնվող  կիսակառույց  շենքի  ամրանի վրա  տեղադրել  ինքնաշեն  հեռակառավարվող  պայթուցիկ սարք' ուղղորդված  պայթյուն  իրականացնելու համար:

Դեպքի  վայրից քննությամբ հայտնաբերվել և  առգրավվել են շուրջ 600գր.  տրոտիլ տեսակի  պայթուցիկ  նյութ,  մետաղյա  ինքնաշեն իրան'  նախատեսված  ուղղորդված  պայթյուն իրականացնելու համար, որպես  բեկոր  ծառայող  միմյանց սոսնձված բազմաթիվ  մանեկներ,  որպես հեռակառավարման սարք  ձևափոխված  «Ռոջեր»  տիպի  ռադիոկայան, ինչպես  նաև  ուղիղ կապով  տեսահսկում  իրականացնելու համար տեսախցիկ ծառայող  ձևափոխված  «Sony-Ericsson»  տիպի  բջջային հեռախոս:

         Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից   հարուցվել էր քրեական գործ  ՀՀ Քր օր-ի  34-305, 235 և 236 հոդվածների  հատկանիշներով:

ՀՀ ԱԱԾ մարմինների և ՀՀ Ոստիկանության  համատեղ  իրականացված  անհետաձգելի  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում պարզվել, հայտնաբերվել և  կալանավորվել  են հանցագործության անմիջական  կատարողներն  ու մասնակիցները, թվով  ութը անձ, որոնց թվում  նաև  հանցավոր  խմբի  պարագլուխ'  «Մուսկուլ Գագո»  մականվամբ  Երևանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանը, որը 1992-1997թթ ծառայել է ՆԳ նախարարության ներքին  զորքերի «Չխչիկներ» անվանումը ստացած հատուկ  նշանակության ստորաբաժանումում  որպես  հրամանատարի տեղակալ: Վերջինիս բնակարանի  և ավտոտնակի  խուզարկությամբ, բացի  գործով անցնող իրեղեն  ապացույցներից,  հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ  քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր,  հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթևոսյանի  տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև  ընդհատակյա  քիմիական լաբարատորիա, որտեղից  առգրավված  բազմատեսակ  քիմիական նյութերը  օգտագործվել են  պայթուցիկ  սարքեր և թունավոր  նյութեր  պատրաստելու համար:

         Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական  միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ  վերոնշյալ  հանցագործության պատվերը Երևանի բնակիչ Ռաֆայել  Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային  Կոմիտեի նախկին  աշխատակից  Ռոբերտ  Ալբերտի  Երիցյանը, դրա դիմաց  վճարելով 150.000 ԱՄՆ  դոլար:

         Մինչ հանցավոր խմբի  անդամների կալանավորելը Ռ.  Մասումյանը  դիմել էր  փախուստի և թաքնվել էր Վրաստանի տարածքում:

Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ  խմբի և տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական  միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում  Վիեննա մեկնելիս Ռ. Մասումյանը ձերբակալվել և կալանավորվել է:

Ռոբերտ Ալբերտի Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, ձեռնարկվում են համապատասխան որոնողական  միջոցառումները  վերջինիս հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Իրականացվում են  նաև համապատասխան  միջոցառումներ  հանցավոր խմբի կողմից նախկինում  կատարած  հնարավոր  նմանատիպ այլ հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

Այս խորագրի վերջին նյութերը