Խմբագրական

19.12.2012 15:48


Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Որքան անարդյունավետ է Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը Հայաստանի առաջ ծառացած խնդիրները լուծելու, այնքան արդյունավետ է ՀՀ քաղաքացիների դեմ պայքարի հարցում։

Դատելով ամենից՝ իշխանությունները ձգտում են տոտալիտարիզմի։ Եկեք ուրեմն գնահատենք, թե արդյոք հնարավո՞ր է տոտալիտար Հայաստան կառուցել։

Հայաստանի վերջնախաղը

Հիմա Հայաստանում տոտալիտար պետություն կառուցելու բոլոր նախադրյալները ստեղծված են։ Ճիշտ է, զուտ ձևականորեն մեզանում հռչակված է բազմակուսակցական համակարգ, բայց գործնականում մենք ունենք միակուսակցական համակարգով կառավարվող երկիր։ Այդ առումով տոտալիտարիզմի առաջին բաղադրիչը կա։

ԶԼՄ–ները մեզանում թվացյալ ազատություն ունեն և ապահովում են կարծիքների բազմազանություն, սակայն չնչին բացառություններով՝ ամբողջ լրատվական դաշտը վերահսկվում է Բաղրամյան 26–ի կողմից։ Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումն ու գործակալական ցանցի վերածված «լրատվամիջոցների» կողմից գաղտնալսված նյութի տարածումը ցույց է տալիս, որ իշխանությունները միջոց չեն խնայել «ստուկաչական» համակարգի ներդրման ուղղությամբ։ Սա էլ տոտալիտարիզմի նախանշաններից է։

Տնտեսության մեջ արձանագրվող կենտրոնացման միտումները նույնպես նպաստավոր պայմաններ են ստեղծում մեզանում տոտալիտար պետություն ունենալու համար։ Հայկական բուրժուազիան դիմադրում է, բայց ինչպես կյանքը ցույց տվեց՝ գոնե այս պահին բուրժուազիան չունի բավարար քաղաքական վճռականություն և գիտակցություն, որպեսզի անցնի կոնկրետ գործողությունների, բայց այնքան թույլ չէ, որպեսզի մեկ ակնթարթում կլանվի բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող իշխանության կողմից։ Այս հատվածում առաջիկայում սպասվում է դիրքային պայքար։ Թե որքան կդիմանա բուրժուազիան աճող ճնշմանը, դժվար է ասել։ 

Եվ այսպես, ՀՀ իշխանությանը հաջողվել է, կամ ավելի ճիշտ՝ կարող է հաջողվել Բաղրամյան 26–ում ամբողջությամբ կենտրոնացնել երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտները։ Քաղաքատնտեսական մենաշնորհը և գեբելսյան քարոզչամեքենան, սակայն, բավարար չեն տոտալիտարիզմի հասնելու համար։ Քաղաքագիտությունից հայտնի է, որ տոտալիտար պետություն կառուցելու համար անհրաժեշտ են նաև բնական ռեսուրսներ, բնակչության քանակ (որպեսզի ռեպրեսիաներից ու արտագաղթից հետո տակը բան մնա) և հանրությանը «կուտ տվող» ուտոպիստական գաղափարախոսություն։ Այս առումով ՀՀԿ–ն խնդիրներ ունի։

Գաղտնիք չէ, որ բնական ռեսուրսներ (նավթ, գազ և այլն) Հայաստանը չունի, մարդիկ լքում են երկիրը, իսկ «Դեպի ապահով Հայաստան» բաժակաճառային կարգախոսով չես կարող գաղափարական տեսք տալ տոտալ վերահսկողություն իրականացնելու ցանկությանդ։ Հետևաբար՝ դասական իմաստով տոտալիտար պետություն Հայաստանում կառուցել հնարավոր չէ։

Եթե նույնիսկ իշխանությանը հաջողվի դատարկվող բնակչության հաշվին, բնական ռեսուրսներին փոխարինող արտաքին պարտքի ավելացման գնով և գեբելսյան քարոզչության միջոցով ամբողջությամբ վերահսկել հանրային կյանքը և բոլշևիկյան մոդելի պես մի բան ստանալ, ապա դա երկար չի տևի, քանզի մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով ու գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ դրսից առիթը բաց չեն թողնի իմունային համակարգից զրկված Հայաստանը մեջ–մեջ անելու համար։ 

Շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ տոտալիտար հակումներ ունեցող Հայաստանը շատ արագ կթուլանա։ Դա իր հերթին կմեծացնի Ադրբեջանի ախորժակը և անխուսափելի կդարձնի պատերազմը, իսկ բնակչության անհրաժեշտ քանակից զրկված ու տոտալիտարիզմի հետևանքով տնտեսապես թուլացած Հայաստանը պատերազմի դեպքում կպարտվի։ Ասել է թե՝ Հայաստանի դեմ վերջնախաղում հաղթանակ արձանագրելու ձգտում ունեցող այս իշխանությունը չի կարողանալու երկար վայելել իր հաղթանակի պտուղները, քանզի երկրի ներսում առաջացած վակուումը կլցվի ոխերիմ հարևանի զինուժով։

Եզրակացությունը մեկն է. Հայաստանում տոտալիտար համակարգ ձևավորել հնարավոր չէ, բայց չի կարելի թույլ տալ նույնիսկ տոտալիտարիզմ կառուցելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու հիվանդագին փորձը, քանզի մեր փոքրությանը չի դիմանա այդ փորձին։

Քաղաքական նոր վերնախավի խնդիրը պետք է լինի տոտալիտար Հայաստան կառուցելու փորձը կանխելը և ազգային–դեմոկրատական փոփոխությունների գնալը։ Կհաջողվի դա՝ կունենանք ժամանակակից պետություն։ Չի հաջողվի՝ պետություն չենք ունենա ընդհանրապես։ Սա՛ է դաժան իրականությունը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը