Հարցազրույց

12.06.2009 17:06


Երվանդ Մանարյան.

Երվանդ Մանարյան.

Հարցազրույց «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանի հետ

-Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ներկայիս վիճակը։

-Ես այն համոզմանն եմ, որ 1988թ. սկսված գործը նոր միայն շատ որոշակի տեսք է ընդունում։ Մեզ միայն թվում էր, թե հնի հետ հաշիվները փակել ենք։ Դա այդպես չէ։ Հինը շատ կենսունակ է, մարդկության պես հին արմատներ ունի, և այդպես հեշտությամբ չի կարելի գործը ավարտված համարել։

-Հին ասելով՝ ո՞ւմ կամ ի՞նչը նկատի ունեք։ Կոմունիստական հասարակա՞րգը։

-Կոմունիստական հասարակարգը շատ որոշակի կացութաձև էր։ Այն, իհարկե, փոխվեց։ Այսօր ազատ տնտեսվարություն է հայտարարված։ Սակայն ազատ տնտեսվարությունը գտնվում է կոմունիստական մտածելակերպով, նախկինից եկած մարդկանց ձեռքում, որոնք, եբրև, չեն ցանակա իրենց ձեռքի տակ եղած լծակները բաց թողնել։ Ստացվում է, որ նույն երևույթը շարունակվում է։ Իսկ եթե մի երևույթը շարունակվում է, դրա նկատմամբ պետք է համապատասխան վերաբերմունք լինի։ Եվ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե մեզ համար քաղաքապետի ընտրությունները նախագահականի շարունակությունն են, հիմա ենք հասկանում, թե դա ինչ էր նշանակում։

-Քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքների համատեքստում ի՞նչ էր դա նշանակում։ Եթե Հայ ազգային կոնգրեսը քաղաքապետի ընտրությունները դիտարկում էր որպես նախագահականի երկրորդ փուլ, ստացվում է, որ իր առջև դրված միակ նպատակին չհասավ։

-Գործը դեռ շարունակվում է։ Մենք պարզապես քաղաքապետ չէինք ընտրում։ Մենք ինչ էլ որ ասենք Գագիկ Բեգլարյանի հասցեին, պետք է նշենք, որ նա գործ անող մարդ է։ Սակայն կարևորն այն է, թե ի՞նչ սկզբունքներով է նա անում այդ գործը, հանուն ինչի՞ է անում, որտե՞ղ է դնում իր անձնական շահը և որտե՞ղ՝ հանրության շահը։ Այս բարդ հարցերը կապված են հասարակարգի արմատների հետ։ Այսօր մամուլում կարդում եմ, որ մեր ստեղծագործական միություններից մեկի ղեկավարը շատ որոշակիորեն հայտարարում է, թե ինքը բռնապետության՝ դիկտատուրայի կողմնակից է։ Նա ժողովրդավարությունը չի ընդունում։ Սա ևս վկայում է այն մասին, որ հին մտածողությունը ջարդելու խնդիր ունենք։

-Ի՞նչ եք կարծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը արդյոք ա՞յն քաղաքական գործիչն է, որը կարող է ջարդել Ձեր նշած հին մտածողությունը։

- Լևոն Տեր-Պետրոսյանը երկար դադարից հետո հայտնվեց քաղաքական հրապարակում և կարողացավ կյանքի կոչել իրական ընդդիմությանը։ Մինչ այդ մենք ունեինք կեղծ ընդդիմություն։ Սա է խնդիրը։ Մեզ պետք է իրական ըդդիմություն ունենալ։ Թե ո՞վ է այն առաջնորդելու, դա արդեն երկրորդական է։

-Ձեր կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսը այժմ ի՞նչ պետք է անի։

- Հայ ազգային կոնգրեսը իմ նշած ընդդիմությանն առաջնորդող ուժն է։ Եթե այն կկարողանա ազնիվ, ճիշտ կերպով գործը առաջ տանել, ուրեմն կհաջողի, եթե ոչ՝ ժողովուրդը կընտրի իր ճանապարհը։ Կարևորն այն է, որ մեզանում ձևավորվում է իսկական ընդդիմություն այն կեղծ ընդդիմության փոխարեն, որը հաստատվել էր դեռևս երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին և որը հենց նրա ձեռքով էլ ստեղծվել էր։

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի ընտրությունները։

-Տարիներ շարունակ խայտառակ ընտրություններով առաջնորդվող հասարակությունը չի կարող երկու քայլ առաջ կատարել։ Հնարավոր չէր, որ այս ընտրությունները նորմալ լինեին։ Դրանք ոչնչով չէին տարբերվում վերջին տարիների ընտրություններից։ Մենք կաշառքով առաջնորդվող հասարակություն ենք, մեր ազգային նկարագիրը դարձել է կեղծիքը։ Դրանից մաքրվելը շատ բարդ գործ է։ Բայց վիճակը պետք է շտկել։ Այլապես չի բացառվում, որ գլուխ կբարձացնեն հասարակության այն շերտերը, որոնք իսկապես կողմնակից կլինեն բռնապետությանը։

-Ցանկացած նման իրավիճակի դեմ պայքարողների առաջատարը բոլոր ժամանակներում եղել է մտավորականությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ձեր գործընկերներից շատերը մշտապես իշխանությունների կողքին են։ Մասնավորապես՝ Վլադիմիր Մսրյանը և Մարտին Վարդազարյանը Գագիկ Բեգլարյանին հանձնեցին Երևանի քաղաքպետի խորհրդանիշը։

-Այդ մարդիկ այդպես են մտածում։ Մտավորականներին պետք չէ ինչ-որ մի պիտակ կպցնել և մի կողմ քաշվել։ Մենք շատ կարևոր մի հանգամանք բացառել ենք մեր կյանքում։ Ցանկացած հասարակություն դասակարգային բնույթ ունի։ Մենք այդ դասակարգայինը հանել ենք մեջտեղից, տեղը դրել ենք հայրենասիրությունը։ Այս մեկն ավելի հայրենասեր է, մյուսը պակաս հայրենասեր է... Ոչ։ Ցանկացած մարդ իր դասակարգի շահերն է պաշտպանում։

-Ցանկացած իշխանության կողքին կանգնելու պատրաստ մտավորականը ո՞ր դասակարգի շահերն է պաշտպանում։

-Բոլոր հասարակություններում մտավորականների մի որոշ խավ գնացել է իշխողների հետևից, նրանց շահերն է պաշտպանել, մտավորականների մի մասն էլ իր սկզբունքներով է առաջնորդվել։

-Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Հայաստանում գնալով մեծանում է իշխանությունների գովքն անելու պատրաստ մտավորականների բանակը։

-Մտահոգում է։ Ցավոք սրտի, դա այդպես է։ Բայց խոսքը գնում է այն մտավորականների մասին, ովքեր հասարակությանը այս կամ այն ձևով ծանոթ են։ Մեր հեռուստատեսությունն անընդհատ մատուցում է միևնույն դեմքերին։ Այնինչ, կան մտավորականներ, ովքեր իրենց սկզբունքներով կարող են օգտակար լինել հասարակությանը, ասել ճշմարտությունը։ Ովքե՞ր են մտավորականները։ Ուսուցիչը մտավորական չէ՞, բժիշկը մտավորական չէ՞։ Մտավորական են ճարտարապետը, հոգեբանը...

-Ասեցիք, որ իրական մտավորականը պետք է ճշմարտությունն ասի։ Ահարոն Ադիբեկյանը մտավորակա՞ն է։

-Մի կասկածեք, որ նա մտավորական է։ Հո կոշկակա՞ր չէ։ Իսկ թե իր մտավորականի կեցվածքը ո՞ւմ է ծառայեցնում, որքանո՞վ է նա ազնիվ մտավորական, դա արդեն այլ խնդիր է։

-Մեր զրույցի սկզբում Դուք նշեցիք, որ անցյալից այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել։ Հիմա մենք կոմունիստական հասարակարգին բնորոշ մտածողությա՞մբ ենք ապրում, նախկինին բնորոշ բարքե՞րն են տիրում։

-Այո՛։ Մենք շարժվում ենք կոմունիստական հասարակարգի մտածողությամբ։ Դա ամեն տեղ է արտահայտվում. և՛ կենցաղում, և՛ քաղաքականության մեջ։ 1998թ.-ից հետո մեզ մոտ ընտրությունները անամոթաբար կեղծելով՝ իշխանությունը պահում է ինքն իրեն...

-Իսկ 1998-ից առաջ  ընտրությունները չէի՞ն կեղծվում։

-Այն ժամանակ էլ կային կեղծիքներ, կար անազնվություն։ Դա կեղծիքի, անպարկեշտության առաջին քայլն էր։ Սակայն այդ ամենը գնալով զարգացավ, և մենք այսօր հայտնվել ենք վտանգավոր իրավիճակում։ Մենք այլանդակվել ենք։ Մեր բարոյական կեցվածքը այլանդակվել է։ Դրա մասին լրջորեն պետք է մտածենք։ Եթե մի հասարակության մեջ դպրոցները կուսակցականացված են, ընդ որում՝ կուսակցականացված դպրոցներում իշխում է այն քաղաքական ուժը, որը իշխանությունը պահելու համար ինչի ասես, որ չի գնում, ապա ինչպե՞ս է կարելի նման հասարակությունից լավ բան ակնկալել։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս իրավիճակը փոխվի։

 Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը