Լրահոս

24.09.2012 10:54


Իշխանավորների հոգեվարքը

Իշխանավորների հոգեվարքը

Մեր երկրում ոչ մի բան չի փոխվել, և այդ կարգավիճակը մեր «գոյություն չունեցող» հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդվում: Վերջին օրերին մեր կյանքում ծնվել է մի մթնոլորտ, որը նման է հոգեվարքի առաջին սիմպտոմներին, և այդ զգացողությունը աստիճանաբար անցնում է նաև հասարակության վրա:

Իսկ այդ հոգեվարքի և հասարակական ընկճվածության գլխավոր պատճառը մեր իշխանություններն են, նրանց ներքին քայքայումը և անօգնականության վիճակը: Այժմ քաղաքական դաշտում ձևավորվում են նորանոր վակուումներ, որոնք վերջ ի վերջո պետք է լցվեն քաղաքական ծավալով: Քաղաքական ուժերը և գործիչները պետք է վերացնեն այդ մթնոլորտը, սակայն դա կարող է իրականանալ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով: Հակառակ դեպքում քաղաքական հոգեվարքը շարունակվելու է՝ քայքայելով մյուս բնագավառները: Իսկ հասարակությունը գտնվում է քայքայման վերջին աստիճանի վրա, և դրան վկայում են վերջին օրերի բազում դրվագներ:

Մարդիկ, որոնք անկեղծորեն հասկացել են և գիտակցել իրենց շահերը (իսկ գլխավոր շահն է` պահպանել պետությունն և հասարակությունը), պետք է կենտրոնանան մի քանի հանգամանքների վրա՝

ա. Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը եղել էր այդ ուժի վերջին ջանքը: Ֆինանսական, վարչական և մարդկային ռեսուրսների գործադրումը այնուամենայնիվ չբերեց ցանկալի արդյունքների առանց «ֆորս-մաժոր» դրվագների և մյուս քաղաքական ուժերի դիմադրության: Այդ պատճառով նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն պետք է որ օգտագործի բոլոր միջոցները, ինչը ակնկալում է ավելի դաժան քաղաքական պայքար: Իսկ հոգեվարքի այս մթնոլորտում ՀՀԿ-ի քաղաքական, ֆինանսական, կրիմինալային և այլ մեխանիզմները կաշխատեն ոչ այդքան «սինխրոն» վիճակում, քանի որ մարդկային գործոնը շատ մեծ դեր ունի մեր երկրում: Այստեղ կարելի է բերել Միշել դը Մոնթենի խոսքերը. «Ձեռք չբերելով ցանկալին, նրանք ձևացրեցին, թե ցանկանում էին ձեռք բերածը»:

բ. Մյուս խնդիրը կայանում է այն շերտի գործունեության մեջ, որը ներթափանցել է բոլոր քաղաքական ուժերի շարքերի մեջ և քայքայում է մեր այնպես էլ պառակտված ու հուսահատ հասարակությունը: Այդ մարդկանց խմբի համար օտար են արժանապատվության, հպարտության կամ մարդասիրության հասկացողությունները: Նրանք ունեն միայն մեկ կրոն` փող:

գ. Երրորդ հանգամանքը կապված է այդ հոգեվարքի մյուս քաղաքացիներին և ուժերին «համաճարակային» հաղորդան հետ: Որովհետև դժվար է չնկատել կապը իշխանության և հասարակության միջև՝ ուղղակի քաղաքական գործընթացները այդ երկու «խմբերում» իրականանում են ճիշտ հակառակ ուղղություններով:

Մնում է միայն, որ բոլոր շահագրգիռ կողմերը և սովորական մարդիկ գիտակցեն իրենց շահերը: Ներկա իշխանությունները վերարտադրումը կբերի լայն ժողովրդական շարժմանը կամ էլ այլ «Ֆորս-մաժորի», ինչը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Բայց խորհուրդ տամ մեր մեծահարուստներին, գործարարներին, մտավորականներին և մյուսներին, որ ժողովրդի դատը և վրեժը ոչ մեկին չի շրջանցի, ինչքան էլ անմեղ լինեն այդ մարդիկ: Եթե չեք ուզում դառնալ իշխանությունների լուռ կամակատարները, կամ էլ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում գրել «սրտաճմլիկ» հուշագրություններ կորցրած հայրենիքի մասին, ապա պետք է արտահայտեք ձեր հստակ քաղաքական դիրքորոշումը: Քանի որ հետագա քաղաքական ճնշումները կթվան «մանկական խաղեր» լռելու դեպքում հնարավոր հետևանքների համեմատությամբ: Նույն բանն էլ վերաբերվում է քաղաքական ուժերին, որոնք ստիպված են լինելու մաքրել իրենց շարքերը սադրիչներից, «հաճախորդներից» և արմատական կարիերիստներից, եթե իհարկե նրանք ցանկանում են պահպանել իրենց անկախությունը, քաղաքական դիրքերը և ամրապնդեն դրանք: Ժամանակն է ազատվել որոշ ամբիցիաներից ու վախից և սկսել քաղաքական որակյալ պայքար:

Հ.Գ. Հուշեմ երիտհանրապետական «ֆեյքերին» և ոչ միայն նրանց, որ այս մի քանի ամիսների ընթացքում նրանք ունենալու են շատ գործ: Մաղթենք մեզ համբերություն և սառնասրտություն:

«Քաղաքացիական հասարակություն» 

Այս խորագրի վերջին նյութերը