Խմբագրական

08.06.2009 10:00


Ներտեսակային պայքար

Ներտեսակային պայքար

Քաղաքական դաշտում սկսվել է վերադասավորումների, դիրքորոշումների հստակեցման և հետագա քայլերի ճշգրտման փուլը։ Ուշագրավ է, որ նշված գործընթացները նկատվում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարներում։

Իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ձգտելու է միահեծան դարձնել կառավարման համակարգը և մոտեցնել այն թուրքմենբաշիական մոդելին, իսկ ընդդիմադիր դաշտում պայքար է գնալու հեգեմոն դառնալու համար։ Երկու ճամբարներում էլ ներքին մրցակցությունը դաժան բնույթ կունենա, քանի որ ներտեսակային բախումը՝ բնության մեջ ամենակատաղին է։

Եթե ներիշխանական «ռազբորկաները» հիմնականում հանրության աչքից հեռու են ընթանում՝ կուլիսներում, ապա նույնը չի կարելի ասել ընդդիմադիր հատվածի համար։ Այստեղ մեզ սպասվում են հրապարակային «փոխհրաձգություններ», ներդրված «ականների» նորանոր պայթյուններ, փոխադարձ մեղադրանքներ՝ «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ հեր ու մեր» թեմաներով։

 Երևանյան «ընտրությունների» արդյունքների արձանագրության թանաքը դեռևս չչորացած՝ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի միջև սկսվեց ասուլիսահարցազրուցային հեռակա լեզվակռիվը։ «Ժառանգությունում», հավանաբար, սպասել էին այն պահին, երբ կավարտվեն ընտրությունները, և իրենք, հանգիստ սրտով, կանեն ու կասեն այն ամենը, ինչ որ մտածել են ՀԱԿ-ի և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ Փաստորեն, քաղաքապետի ընտրություններից առաջ տերպետրոսյանական լրատվամիջոցների կողմից «Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացված հակաքարոզչությունն իր խոր հետքն էր թողել ժառանգականների վրա, և այժմ նրանք փորձում են մաքրել հին հաշիվները։ Բայց այստեղ տեղին է հիշել հայտնի ռուսական ասացվածքը. «Զգո՛ւյշ եղիր շրջադարձի ժամանակ» կամ «Ուղտը որքան էլ սատկած լինի՝ մի իշաբեռի չափ է»։

Տպավորությունն այնպիսին է, թե «Ժառանգությունը» փորձում է իր դիրքերն ամրապնդել և ստանձնել թիվ 1 դրոշակակրի դերն ընդդիմադիր հատվածում՝ «մնացած բոլորը պարտված են» տարբերակով։ Նման գայթակղություններ, թերևս, կնկատվեն նաև այլ ուժերի մոտ, բայց դա «ֆալստարտի» պես մի բան կլինի։ Թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն քաղաքական բեմահարթակի այդ «ֆրոնտում»՝ ցույց կտա ժամանակը։

Անշուշտ, քաղաքական դաշտը ժամանակի ընթացքում ենթարկվելու է  վերափոխման։ Դա բնության դաժան, բայց օբյեկտիվ օրենքներից է։ Բայց հիմա դեռ այդ պահը չի եկել։ Մեզ առաջիկայում սպասվում է ջրերի էլ ավելի պղտորման, հանրային կյանքի լճացման, համընդհանուր ապատիայի և ցախիսցինոբերյան  (Վիլհելմ Հոֆմանի հայտնի ստեղծագործության մոտիվներով)  կեղտոտ ժամանակաշրջան, որին անպայման հաջորդելու է մաքրման և զարթոնքի փուլը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը