Հարցազրույց

06.09.2012 11:19


Արամ Հարությունյան.

Արամ Հարությունյան.

Հարցազրույց «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի վերաբերյալ ՀՀ ԱԺ–ի երեկ ընդունած հայտարարությանը ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ։

–Այդ հայտարարությունը անձամբ ես առանձնապես լուրջ չեմ ընդունում, որովհետև այդ քայլերը ավելի շուտ էր պետք անել։ Բացի այդ, իմ կարծիքով պետք էր ԼՂՀ–ի անկախության հարցը օրակարգ մտցվեր, որովհետև ակնհայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կազմում անվտանգության երաշխիքներ չի կարող ունենալ, և հակառակի մեջ համոզված լինելն ուղղակի աբսուրդ է։ Իսկ ընդունված հայտարարությունը պետք է ավելի կարճ լիներ ու ավելի կտրուկ։ Եթե Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցվել են, այս հայտարարությունը որևէ նոր բան չի ավելացնում։

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Սաֆարովի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան։ Իսկ, օրինակ ՕԵԿ նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից  «ձեն–ձուն» չկա, այնինչ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այն  պաշտոնյան է, որ նման պարագայում լռել չի կարող։ Ինչպե՞ս կմեկնաբաեք այս փաստն ու համապատասխան գերատեսչությունների աշխատանքն ընհանրապես։

–Արթուր Բաղդասարյանի ձայնը լսվում է միայն այն ժամանակ, երբ որ ինքը պետք է ինքնամոռաց ասի, որ 2013թ. պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իհարկե, ԱԳՆ–ն էլ, ԱԱԾ–ն էլ վատ աշխատեցին։ Բայց Բաղդասարյանը չունի այստեղ խոսելու քաջությունը և գործին նայելու կոմպետենտությունը։

–Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, արդյոք խնդիրը Հունգարիա՞ն է։ Օրինակ՝ Բուլղարիան կամ մեկ այլ երկիր չէ՞ր կարող նման բան անել։

–Իհարկե, կարող էր նաև Բուլղարիան լինել։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչ է արել մեր պետությունը։ Բնականաբար, շատ վատ բան է եղել, բայց մյուս կողմից, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք. մենք ստացել ենք դիրքային առավելություն ԼՂ բանակցային գործընթացում։ Այլ հարց է, թե ինչպես կօգտագործենք այդ առավելությունը։ Համենայնդեպս, նախագահի թիմը չունի համապատասխան ինտելեկտուալ մակարդակը։

Մեր դեսպաններն իրոք շատ վատ են աշխատում։ Դեսպանն ուզում է դուր գալ արգործնախարարին, արտգործնախարարը՝ նախագահին, այսինքն՝ երբ որ բոլորը ցանկացնում են վերջին հաշվով մեկ մարդու դուր գալ, իրենք գործ չեն անում։ Բոլոր ոլորտներում էլ այդպես է։ Ամբողջ իշխանությունը մտածում է միայն այն բանի մասին, թե ինչպես վերընտրվեն։ Եթե նպատակը դա է դառնում, բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պիտի ձախողվենք։

Այսինքն՝ հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե ուրիշի, այլ առաջին հերթին հենց մե՞ր մեջ։

Իհարկե՝ մեր մեջ։ Ես համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ, որ մեր դեսպանությունները հիմնականում ապրիլի 24-ի ու սեպտեմբերի 21-ի միջոցառումներն են կազմակերպում,  ուրիշ էլ հարց չունեն։ Այդ մակարդակով, բնական է, որ այսպես էլ պետք է լիներ։ Բացի այդ, անվստահության մթնոլորտ կա մեր երկրում։ Նախագահը կուսակցությունների նախագահներին հավաքում էր ինչ–որ հարցի հետ կապված, բայց  այս անգամ չհավաքեց, որովհետև իրենք չգիտեն, թե ինչ են անելու։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը