Հարցազրույց

04.06.2009 20:03


Անուշ Սեդրակյան.

Անուշ Սեդրակյան.

Հարցազրույց վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ

-Երևանի ավագանու ընտրությունների հետընտրական զարգացումները որքանո՞վ կարելի է համարել նախընտրական շրջանի տրամբանական շարունակությունը։

-Նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում չկար գաղափարական պայքար, երկուստեք չկար լավ կատարված աշխատանք, չկային լավ մեդիա լուսաբանումներ, կազմակերպված և ինքնաբուխ ակցիաներ...

-Երկուստեք ասելով՝ նկատի ունեք ՀՀԿ-ի՞ն և ՀԱԿ-ի՞ն։

-Այո։ Ընդ որում, եթե իշխանությունների դեպքում ամեն ինչ պարզ էր, ապա ընդդիմադիր ճամբարում հասարակական դիմադրության կազմակերպման փաստը ես ավելի ցածր եմ գնահատում, քան դա նախագահական ընտրությունների ժամանակ էր։ Եթե ընդդիմությունը պնդում էր, որ քաղաքապետի ընտրությունները դրանք նախագահականի երկրորդ փուլն են, ապա դա պահանջում էր մեծ ներդրումներ։

-Խոսքը ֆինանսական ներդրումների մասի՞ն է։

-Ոչ՝ բարոյական։

-Այսի՞նքն, տեր-պետրոսյանական ընդդիմությունը ավելի վա՞տ էր կազմակերպված, քան նախագահական ընտրությունների ժամանակ։ Եթե հիշում եք, նրանք հակառակն էին պնդում՝ նշելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը համակարգող կառույց որպես այդպիսին չուներ։ Իսկ հիմա կա Հայ ազգային կոնգրեսը,և դա,ասենք ընտրկեղծիքների դեմն առնելու գործում, ցանկալի արդյունքներ կտա։

-Ընտրակեղծիքների մասով, կարծում եմ, որ ամենադրական փաստն այն էր, որ, ասենք, երբ եղան ընտրական հանձնաժողովներում տեղեր ծախելու դեպքեր, ընդդիմության ներսից, օրինակ «Ժառանգության» դեպքում, կեղծարարների անունները հրապարակվեցին։ Կազմակերպչական առումով,  որպես դրական գործոն, ես դա եմ գնահատում։ Ընտրակեղծարարների անունները պետք է հայտնի լինեն։ Սակայն, խոսել, որ ընտրակեղծիքի դեմն առնելը պայմանավորված է այս կամ այն կառույցի առկայությամբ՝ երևի սխալ կլինի։ Եթե լինում է ընտրակեղծիք, ապա դրա դեմն առնելու հակամեխանիզմը պետք է համապատասխանի դրա մեխանիզմին։ Տվյալ դեպքում ընտրակեղծիքների մեխանիզմն ու հակամեխանիզմը իրար չէին համապատասխանում։

-Ակն ընդ ակն սկզբունքի մասին եք խոսու՞մ։

-Եթե ընտրախախտումը ենթադրում է բռնություն, ապա տեսականորեն դրա հակամեխանիզմը ևս պետք է ներառի բռնություն։  Եվ քանի որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ ինքը միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով է լուծելու բոլոր խնդիրները, արդեն իսկ մեխանիզմները իրար չեն համապատասխանում։

-Ուզում եք ասել, որ ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր քաղաքական միավոր, սպառվու՞մ է։

-Ոչ, որովհետև ՀԱԿ-ը առայժմ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ամենագործուն կառույցն է։ Դեռ սպառված չէ, որովհետև ուղղակի հանրությունը ընդդիմության գաղափարը առայժմ ամբողջովին կապում է ՀԱԿ-ի հետ։   Սակայն այսօր կա նաև կանխատեսում, որ ինչ-որ ժամանակ անց այսօրվա ընդդիմության դեմքը կփոխվի՝ մասամբ դեպի մարգինալացում։ Բացի այդ, որ հասարակական դիմադրության ընդլայնումը, ըստ իս, չի նշանակում հասարակական բողոքի ընդլայնում։ Այն ենթադրում է հասարակության տեղեկացվածության ընդլայնում։ Այսինքն, սա ընդդիմադիր երկու տարբեր ճանապարհներ են։ Գիտենք, որ մարգինալ, արմատական ճանապարհը ուղղակի չի խրախուսվում։

-Փաստորեն արմատական քայլերը ոչ մի արդյունք չե՞ն կարող տալ։

-Արմատական ճանապարհով գնալը դա ելք չէ։ Հասարակական ցենզի և հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը կլինի նոր ընդդիմության սկիզբը։

-Իսկ մինչ այդ իշխանությունն ու ընդդիմությունը լինելուեն տարբեր քաշային կարգերու՞ մ, և ասենք, Ահարոն Ադիբեկյանի «սոցհարցումները» ամրագրվելու են որպես փա՞ ստ։

-Որպես կանոն, Ահարոն Ադիբեկյանը իր հաշվարկներում ճիշտ դուրս չի գալիս։ Ահարոն Ադիբեկյանը ավելի շատ ճիշտ է դուրս գալիս...ինչպես ասե՞մ, ուզում եմ ավելի փափուկ ձևակերպում գտնել...

-Կարող եք կոշտ ձևակերպմամբ ասել։

- Ահարոն Ադիբեկյանին ոչ թե թվերն են նախորոք պատվիրում, այլ նա պարզապես գիտի վերևից եկող, ռուսերենում շատ դիպուկ ձևակերպում կա՝  «расклад»-ներն ու ուժերի համամասնությունը։

-Ուզում եք ասել, որ Հայաստանում սոցհարցումների արդյունքները,ոչ թե պարզապես պատվիրված են, այլ պայմանվորված են քաղաքական «расклад»-ներո՞վ։

-Արևմուտքում սոցիոլոգիան գիտություն է՝ ինչպես վարվել կոնկրետ իրավիճակներում։ Մեզ մոտ դա գիտություն է այն մասին, թե ինչպես սարքել տվյալ իրավիճակը։ Մեզ մոտ, բառի բուն իմաստով, չկա տնտեսություն, չկա քաղաքականություն, չկա հասարակություն։ Այսինքն, մենք չունենք այն հիմնական գործոնները որոնք առաջացնում են սոցիոլոգիայի պահանջարկը։

-Ահարոն Ադիբեկյանի պահանջարկն ինչո՞վ է պայմանվորված։

-Ահարոն Ադիբեկյանն ու նրա տիպի մասնագետները՝ դա հայկական սոցիոլոգիայի տեսակն է։ Կա հայկական մենթալիտետ, կա հայկական երթևեկություն և կա հայկական սոցիոլոգիա...Նման կարգի մասնագետները լուրջ հետազոտությունների գործում, երբեք չեն կարող պահանջված լինել։

-Իսկ տեղյա՞կ եք, թե Ձեր նշած հայկական սոցիոլոգիայի մասնագետները, պատվիրված սոցհարցումը «կյանքի կոչելու» համար, որքան գումար են ստանում։

-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ ամենատարբեր թվերն են ասում՝ 10.000-ից մինչ 50.000$ ՝  միանվագ։

-Այդքան շա՞տ։

-Դե հիմա...Քանի որ Հայաստանում բոլոր համամասնությունները խախտված են, այնպես է ստացվում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան ունենում է ուրիշի հաշվին։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը