Խմբագրական

06.06.2012 23:21


Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

«Ուժեղ» դրամի «վկաները»

Կար ժամանակ, երբ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար ու ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի մեջ հպարտության զգացում էր առաջացնում։ Համենայնդեպս, նա այդպես էր ցույց տալիս։

Երբ տարիներ շարունակ ասվում էր, թե «ուժեղ» դրամը խոչընդոտում է տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը և արտահանմանը, Տ. Սարգսյանը, դեմքի «մոնետարիստական» արտահայտությամբ, պատասխանում էր, որ դա այդպես չէ, որ «ուժեղ» դրամը համարյա ազգային արժեք է, և որ խնայողությունները պետք է պահել դրամով։ Թե ինչ տեղի ունեցավ այդ ամենի հետևանքով, բոլորիս է հայտնի. Հայաստանը դարձավ առավելապես ներմուծող երկիր, արտահանումը էականորեն պակասեց (բացառությամբ հանքանյութերի և սակավաթիվ արտադրատեսակների), իսկ դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն էլ բնակչությունից էժան գնով հավաքվեց և ուղղվեց ներմուծման սպառմանը։

Նորմալ երկրներում նմանատիպ դրամավարկային քաղաքականություն վարած ԿԲ նախագահին կիլոմետրերով հեռու կպահեին պետական հաստատություններից, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակը եղավ՝ ապաշնորհ ԿԲ ղեկավարին առաջ տարան ու կարգեցին գործադիր մարմնի ղեկավար, ով ստիպված է լինելու դեմքի նույն «մոնետարիստական» արտահայտությամբ հիմա էլ բնակչությանը համոզել, թե «թո՛ւյլ» դրամն է ազգային արժեք, և որ պետք չէ խնայողությունները պահել դրամով (իրականում խնայողությունները մարդիկ դրամով չեն պահում 2009թ. մարտի 3–ից, երբ մեկ գիշերվա ընթացքում 25 տոկոսի չափով կորցրեցին իրենց խնայողությունները)։

«Թույլ» դրամի էպիկրիզը

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե ամեն օր թուլանում է։

Մակրոտնտեսագիտության տեսության համաձայն՝ պետության ազգային արժույթի թուլացումն այլ երկրների վճարամիջոցների նկատմամբ երկարաժամկետում կարող է դրականորեն անդրադառնալ տեղական արտադրողների վրա, խթանել արտահանումը և կրճատել ներմուծումը, իսկ կարճաժամկետում հնարավոր են ինֆլյացիոն երևույթներ՝ հատկապես ներմուծվող ապրանքների մասով։ Կառավարության խնդիրն այդ ժամանակ պետք է լինի հարկային, մաքսային և ծախսային քաղաքականության միջոցով մեղմել կարճաժամկետում առաջացած լարվածությունը և միաժամանակ նախադրյալներ ստեղծել երկարաժամկետ զարգացման համար։ Կան տարբեր մոդելներ, բայց դրանց ընտրության շուրջ մասնագիտական խոր վերլուծության ու գնահատական տալու անհրաժեշտություն սույն հոդվածի շրջանակներում չեմ տեսնում։

Գանք պրակտիկային։ Հայաստանի իշխանությունները և «օրթոդոքս» իշխանամետ տնտեսագետները, ովքեր տարիներ առաջ «ուժեղ» դրամի գովքն էին անում, հիմա, հղում անելով տնտեսագիտության տեսությանը, հայտարարում են, թե դրամի փոխարժեքի փոփոխությունը դոլարի նկատմամբ շատ լավ երևույթ է։

Այո՛, իշխանություններն ու նրանց կից փորձագետները տեսականորեն ճիշտ են. եթե դրամը «թուլանա», ապա տեղական ապրանքների գներն ավելի մրցունակ կլինեն, իսկ արտահանումն էլ կավելանա։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։ Բանն այն է, որ տնտեսագիտության տեսության այս օրենքները գործում են այն դեպքում, երբ տվյալ երկրի տնտեսությունն ունի համապատասխան կառուցվածք, կա զարգացած արտադրություն, և դրամավարկային լծակներին զուգահեռ կիրառվում են համարժեք հարկաբյուջետային լծակներ։ Այդ լծակները կարճաժամկետում ու երկարաժամկետում միմյանց հակակշռելով ու փոխլրացնելով՝ միտված պետք է լինեն տնտեսական աճին, գործազրկության կրճատմանն ու ինֆլյացիայի ողջամիտ չափերի պահպանմանը։ Գերակայողը, անշու՛շտ, պետք է լինեն տնտեսական աճը և զբաղվածության ավելացումը՝ հատկապես երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Տվյալ դեպքում արդեն էական չէ, թե տնտեսությունը անկում է ապրել էկզոգե՞ն, թե՞ էնդոգեն գործոններով պայմանավորված։

Իսկ ի՞նչ է արվել ու արվում մեզ մոտ։ 2008թ. սկսած՝ իշխանությունը թե՛ հարկաբյուջետային, թե՛ դրամավարկային լծակներով, մոլագարի համառություն դրսևորելով, խեղդում է բիզնեսը, որի հետևանքով բազմաթիվ մանր ու միջին տնտեսվարողներ պարզապես փակեցին իրենց բիզնեսը՝ դառնալով վարձու աշխատողներ կամ գործազուրկներ, իսկ խոշոր բիզնեսը ներդրումային զգուշավորություն է ցուցաբերում, ինչպես նաև արտահանում է կապիտալը, քանի որ շատերը իռացիոնալ սպասումներ ունեն։ Իսկ դա նշանակում է, որ բիզնեսի խթանման դասական բանաձևերը չեն գործելու, այսինքն՝ մենք հանկարծ ու արտահանող երկիր չենք դառնալու. դրա համար բազում այլ նախադրյալներ են պետք

Հաշվի առնելով այն, որ Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է՝ կարող ենք ասել, որ դրամի թուլացումը դոլարի նկատմամբ կարճաժամկետում ու նաև երկարաժամկետում հանգեցնելու է ներմուծվող ապրանքների գների աճին, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ է դառնալու հասարակության աղքատ խավի վրա։

Ներկա իրավիճակից շահող դուրս կգան դոլարային եկամուտներ ունեցողները, ինչը նշանակում է, որ զուտ հայկական իրականության հետ կապված մարդիկ տուժելու են (դրամով աշխատավարձ ստացողները), քանի որ խանութից օգտվելիս զգալու են, որ իրենց գնողունակությունն առաջվանը չէ՝ եկամուտները հետ են մնում գների մակարդակից։

Ինչ վերաբերում է դրամի թուլացումից հետագայում օգտվելուն, ապա դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ հարկաբյուջետային լծակները նպաստեն բիզնեսի զարգացմանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը չտառապի «մեծ բյուջե» ունենալու «իդեա–ֆիքսով», այսինքն՝ հարկային տեռորին վերջ տա։ Հայաստանում, ցավոք, այդպես չէ։ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում դրամի թուլացումն էլ, ուժեղացումն էլ հիմնականում բացասական էֆեկտ է ապահովելու, քանզի իշխանությունն իր առաջ լրիվ այլ խնդիր է դրել ու այլ «բնագծեր» է փորձում նվաճել, ինչն ավելի շուտ բոլշևիզմի տեսության մեջ է տեղավորվում, այլ ոչ թե դասական տնտեսագիտության։

Երբ տնտեսագիտության տեսությունն իր տեղը զիջում է քաղաքագիտությանը

Շուկայական տնտեսության տեսաբանները հաշվի չէին առել, որ Տիգրան Սարգսյանի պես «միջազգային կենտրոնների» մասնագետը կարող է պետության տնտեսություն ղեկավարել, ու այդ իսկ պատճառով համապատասխան բանաձևեր չէին առաջարկել։ Փոխարենը մեզ կարող են օգնել քաղաքականության տեսաբանները։

Դասական քաղաքագիտական գրականության մեջ նկարագրված են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար պետությունների կառավարման մոդելները, որոնց վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ Յուրաքանչյուր տեսաբան յուրովի է մեկնաբանում իշխանություն–հասարակություն հարաբերությունների էությունը և զարգացման ուղղությունը, բայց բոլորի մոտ ընդհանուրն այն է, որ ժողովրդավարական համակարգն առավել արդյունավետ կառավարման ձև է, քան ավտորիտարն ու տոտալիտարը, և որ ի վերջո ավտորիտար ու տոտալիտար պետությունները ժամանակի ընթացքում կա՛մ վերանում են, կա՛մ դառնում են ժողովրդավարական։

Քաղաքականության տեսաբաններն ու պրակտիկները տարբերում են պետությունների ժողովրդավարական անցման փափուկ և կոշտ տարբերակներ։ Երբ ավտորիտար կամ տոտալիտար պետությունների կառավարող գիլդան այլևս այլընտրանք չի թողնում հասարակությանը և ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով ինչպես է քվեարկում, այլ կարևոր է, թե ով է հաշվում կամ գնում քվեները, այդ դեպքում դրական փոփոխությունների հասնելու միակ տարբերակը մնում է կոշտ, այն է՝ հեղափոխական մեթոդը։

Տեսությունից գալով հայկական իրականություն՝ պետք է նշել, որ մայիսի 6–ի «ընտրություններով» Սերժ Սարգսյանը, անկախ իր կամքից, «մեսիջ» հղեց հասարակությանը՝ հասկացնելով, որ մեզանում ժողովրդավարական անցումը հնարավոր է միայն ցնցումներով։ Թե ինչպես կարձագանքի այս ամենին հասարակությունը, պարզ կդառնա նախագահական ընտրությունների ժամանակ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը