Հարցազրույց

29.05.2012 14:50


Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ

–Ըստ Ձեզ՝ ի՞նչ նոր որակներ կարող է ունենալ 5–րդ գումարման Ազգային ժողովը։

–Հետաքրքիր իրավիճակ է լինելու՝ հաշվի առնելով, որ «կոալիցիա» հասկացողությունը նախկինի նման չէ։ Թե ինչ ձևաչափ կունենա, դեռևս պարզ չէ, թեկուզ և Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի և օգտագործելով՝ կարող է ցանկացած որոշում անցկացնել, բայց համոզված եմ, որ նախորդի նման դա հեշտությամբ չի լինի։ Ի վերջո, կոալիցիան չկա, և 5–րդ գումարման ԱԺ–ում կարող է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների դեմ դիմադրության աստիճանն ավելի մեծ լինել։ Եթե ակտիվ աշխատեն, կարող են համագործակցել նաև ընդդիմադիր թևում գտնվող քաղաքական ուժերը և ինչ–որ հարցերում հաջողության հասնել։ Իսկ ԱԺ–ի պրակտիկայում այդպիսի դեպք եղել է։

–Փաստորեն, Դուք լիովին պատկերացնում եք, որ Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում սկսված կուսակցությունների համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաև խորհրդարանում։

–Միանշանակ։ Օրինակ՝ ընտրական օրենսդրության փոփոխությունների հետ կապված, կամ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված կետերը, որոնք ՀՀԿ–ն չի ուզում իրականացնել... այս հարցերում հնարավոր է՝ այդ համագործակցությունը լինի։ Եթե ցանկություն լինի, իսկապես հնարավոր կլինի ԱԺ–ում պայքար ծավալել։ Եվ մի հանգամանք էլ կա՝ բոլոր դեպքերում, ԱԺ–ն հանրության աչքի առջև է և ավելի թափանցիկ է աշխատում, քան իշխանական մնացած կառույցները, և շնորհիվ նաև մամուլի միջոցների՝ հնարավորություն կա տեսնելու, իմանալու, թե իրականում ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերն ինչպես են իրենց դրսևորում տարբեր հարցերում՝ սկսած օրենքներից, պահվածքից, դիրքից մինչև քաղաքացիներին հետաքրքրող հարցերը։

–Իսկ առաջիկա նախագահական ընտրությունների վրա՞ այդ համագործակցությունն ինչ ազդեցություն կունենա։

–Այդտեղ էլ կարող է ունենալ՝ կախված ԱԺ–ի աշխատանքներից՝ իրար վստահելուց, իրար հետ համագործակցելուց. դա կարող է բերել փոփոխությունների... և կոնկրետ նախագահականի ժամանակ նորմալ ընտրություններ անցկացնելու հետ կապված։

–Կարծում եք, որ այդ համագործակցության շնորհիվ 2013թ. Սերժ Սարգսյանը այդքան հեշտությամբ չի՞ կարող մնալ նախահագի աթոռին։

–Այո՛։ Եթե այսօրվա համագործակցությունը շարունակվի, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության կողմից կարող են այդքան ընտրակեղծիքներ չլինել։

–Ակնհայտ է, որ ՀՀԿ–ն համառորեն չի ուզում վարչապետին փոխել. ավելին՝ հայտարարում է, որ Կառավարության գործունեությունը հաջողված է։ Որևէ քայլ կարո՞ղ եք նշել, որ իրականում հաջողել է այս Կառավարությունը։

–Հակառակը. երևի թե այսպիսի Կառավարություն և անհաջող վարչապետ չենք ունեցել։ Ոչ միայն իր խոստումները չի կատարել, այլ իրականում տնտեսական կյանքին այսպիսի հարված հասցնելը կամ համակարգային այսպիսի ճգնաժամի բերելը ոչ մի Կառավարության չի հաջողվել՝ իշխանության հետ։ Եվ պատահական չէ, որ նրան չեն ուզում փոխել, և պատահական չէ, որ նախընտրական քարոզչության ժամանակ գնահատականներ չէին տալիս Կառավարության գործունեությանը։ Քանի որ հասկանում են, որ չեն ընտրվում, այլ նշանակվում են, որ այս ամբողջ ընտրական համակարգն իրենց հնարավորություն է տալիս մասսայական կեղծիքներով ընտրություններ անցկացնել, դա է պատճառը, որ անսահման լկտիության աստիճանի հասնող պահվածքով փորձում են արդարացնել նաև այս Կառավարությանը։ Բայց պարզ է, որ այս Կառավարությունը՝ որպես այդպիսին, գոյություն չունի. նա անգամ իրավիճակային հարցեր չի կարողանում լուծել։ Պարզապես այնքանով, ինչքանով որ կա։ Որ չլիներ, երևի չէինք էլ զգա։ Որ չլինի, երևի ավելի լավ էլ կլինի։

–Իսկ անմիջապես ընտրություններից հետո դոլարի թանկացումն ինչո՞վ է պայմանավորված։

–Մի քանի հանգամանք կա, որոնցից մեկն էլ այն է, որ միանշանակ կապիտալի փախուստ է եղել։ Ինչ–որ մարդիկ իրենց գումարները դուրս են հանել երկրից։ Եվ հետո 145 մլն եվրոյի առքուվաճառքի աճն է. Հայաստանի պատմության մեջ այսպիսի դեպք չի եղել։ Կարծում եմ՝ ավելի շուտ ավանտյուրա է եղել. ինչ–որ մեկն առքուվաճառք է արել և եվրոյի շուկայի տատանումների ֆոնի վրա գումարներ աշխատել։ Իհարկե, ընտրակաշառքի պատմությունն էլ կա։ Նույնիսկ Կենտրոնական բանկի հրապարակած թվերով երևում է, որ այն, ինչ ասում էինք, 125 մլն դոլարի չափի է հասել։ ԿԸՀ տվյալներից երևում է, որ իսկապես այդքան գումարի տեղաշարժ է եղել։ Կարծում եմ, որ սա նորմալ երկրում կդառնար իրավապահ մարմինների քննարկման առարկա, որը շատ արագ կբացահայտվեր։ Բայց ես համոզված եմ, որ եղել է նաև կապիտալը երկրից հանելը, որովհետև համաշխարհային շուկայում փոփոխություններն այսքան արագ չպիտի ազդեին մեր երկրի վրա. այնտեղ դոլարի արժեվորումը, նավթի գների անկումը և այլնը սկսվել են ամսի 10–ից հետո։ Սա ցույց է տալիս, որ այս Կառավարության հետ սպասելիքներ չկան, և մարդիկ իրենց գումարները դուրս են հանում։ Մի բան էլ կա՝ Ռուսաստանը հայտարարում է դրա մասին, բայց մեզ մոտ դրա մասին չեն էլ խոսում։ Ինչպես նաև մեր պահուստային ֆոնդից է 220–250 մլն դոլարի ծախս եղել։ Եվ այս ամենը նշանակում է, որ մեր տնտեսական վիճակը շատ վատ է, և այս Կառավարությունն ի վիճակի չէ որևէ կերպ դիմադրել, բացի մի բան անելուց՝ արտաքին և ընդհանրապես պետական պարտքն է մեծացնում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը     

Այս խորագրի վերջին նյութերը