Հարցազրույց

26.05.2009 19:10


Էմին Երիցյան.

Էմին Երիցյան.

Հարցազրույց  Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի խորհրդի կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը։

-Ընդհանուր առմամբ՝ հանդարտ։ Հանդարտը դրական երևույթ է, սակայն կարծում եմ, որ կարելի էր շատ ավելի ակտիվ այն անցկացնել, որովհետև սա առաջին մունիցիպալ ընտրություններն են, և ցանկալի կլիներ, որ մեր քաղաքացիները շատ ավելի տեղեկացված լինեին։ Օրինակ, հատկացված եթերաժամը շատ ավելի հաջող ժամի կարելի էր ընտրել՝ աշխատանքային ժամերի ավերտից հետո, երբ մարդիկ ոչ թե ճանապարհին, այլ տանն են։

-Այսինքն, արձանագրու՞մ եք քարոզարշավի ընդհանուր պասիվություն։

-Ընդահնուր պասիվություն ակնկալվածից՝ իհարկե։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։ Մասնավորապես, քաղաքական ուժերը դա հիմնավորում են իրար հաջորդած համապետական ծանր ընտրություններով։

-Նախորդ տարվա համապետական ընտրություններից հետո, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը փորձում են զգուշություն ցուցաբերել։ Նույն եթերաժամի ընտրությունը դրանով էր պայմանավորաված։ Սակայն դրանից տուժեց քարոզարշավը։ Այն, որ արմատական ընդդիմությունը մասնակցում է ընտրություններին, վկայում է, որ բանավիճելու շատ տեղեր կան։ Ի վերջո, եթե բանավեճերն ավելի ակտիվ լինեին, ապա այդ դեպքում մեր քաղաքացիները կոնկրետ քաղաքական ծրագրերով կկողմնորոշվեին, և ոչ թե՝ ընդհանուր քաղաքական լոզունգներով։

-Ձեր կարծիքով՝ ընտրողի կողմնորոշման վրա առավելապես ի՞նչն է ազդել՝ գաղափարնե՞րը, նախընտրական ծրագրե՞րը,  ընտրակաշա՞ռքը, թե՞ այս կամ այն անձը։

-Բարդ հարց է։ Կարծում եմ, որ այս ընտրություններում քաղաքացիները ծրագրերով դեռ չեն կողմնորոշվել։ Երևանի ավագանու ընտրությունները իրենց վրա զգում են նախորդ համապետական ընտրությունների ազդեցությունը։ Եթե նայենք կուսակցությունների առաջարկած նախընտրական ծրագրերին, ապա կտեսնենք, որ դրանք էապես չեն տարբերվում։ Որևէ մեկը չունի առանցքային ինչ-որ մի կարմիր թել, որով կտարբերվի մյուսներից։ Այս իմաստով, մեր ընտրողներն իսկապես ծրագրային ընտրություն չեն կատարում։

-ՀՀԿ-ն ասում է, որ առաջիկա ընտրությունները քաղաքապետական են, արմատական ընդդիմությունը դրանք համարում է քաղաքական։ Ըստ Ձեզ՝ ո՞ր մոտեցումը գերակայեց քարոզարշավի ընթացքում։

-Բնականաբար, այս ընտրությունները քաղաքական են։ Ժողովուրդն իր վստահության քվեն պետք է տա կուսակցություններին։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացրած մոդուսները քարոզարշավի ընթացքում կիրառվեցին որպես քաղաքական տեխնոլոգիաներ, քանի որ երկու մոտեցումն էլ ծայրահեղ է։ Ճշմարտությունը երկուսի մեջտեղում է։

-Անդրադառնանք դիտորդական առաքելություններին։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում անցկացվող ընտրություննրի ընթացքն ու արդյունքները դրանց կողքով են անցնում։

-Դիտորդական առաքելությունները բուն ընտրական գործընթացի մեջ չեն խառնվում։ Ընդհանրապես, Հայաստանում տեղական ընտրությունները միշտ ավելի դրական երանգներով են գնահատվել, քան համապետականները։ Դիտորդական առաքելությունները կատարում են իրենց գործառույթները, և նրանք ունեն որոշակի դեր։ Եթե այս ընտրությունները կրում են նախորդ համապետական ընտրությունների քաղաքական ազդեցությունը՝ նախագահական ընտրություններ և մարտի 1-ի դեպքեր, ապա այս պարագայում մեր հասարակությունը բավականին զգայուն է կողքից արվող գնահատականների նկատմամբ։

-Հատկապես միջազգային դիտորդական առաքելությունների մասով, թվում է, նրանք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերբերյալ գնահատականներն իրենց հետ են բերում։ Ինչու՞ են դրանք գրեթե միշտ հետևյալ ձևակերպմամբ լինում. «Ընտրախախտումներ եղել են, սակայն ընտրությունների վերգնական տեսքի վրա չեն ազդել»։

-Ես ինքս Եվրոպայի խորհրդի կողմից մասնակցել եմ տարբեր դիտորդական առաքելությունների։ Ընտրություններում միշտ կա քաղաքական գործոնը։ Դիտորդական գնահատականներում միշտ հաշվի են առնվում տվյալ երկրի իրավիճակն ու նրա քաղաքական ապագան։ Շատ դեպքերում դիտորդական առաքելությունները փորձում են չմիջամտել կամ չդառնալ ներքին քաղաքական գործընթացների մասնակիցը։ Բայց նաև փորձում են օբյեկտիվ գնահատական տալ։ Այսինքն, դիտորդական առաքելություններին քննադատելուց առաջ՝ պետք է հիշել, որ վիճակը սահմանային է, ինչը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տարբեր է լինում։ Բոլոր դեպքերում, ես համամիտ եմ, որ դիտորդական առաքելությունների գնահատականներում քաղաքական գործոնը կա, բայց բացարձակացված չէ։

-Փաստորեն, արդեն հիմա կարող ենք ասել, թե ինչպիսն են լինելու դիտորդական առաքելությունների գնահատականները։

-Ոչ։ Գնահատականները կիմանանք միայն դիտորդական առաքելություն իրականացնելուց հետո։ Այսինքն, նրանք իրականացնում են զուտ փաստահավաք գործունեություն։ Վերջնական գնահատականը տրվում է ընտրությունների բուն օրը։

-2008թ. նախագահական ընտրությունները դիտորդական առաքելությունները գնահատեցին որպես կայացած՝ առանց արդյունքների վրա ազդած լուրջ ընտրախախտումների և այլն։ Դրանից հետո տեղի ունեցան մարտի 1-ի դեպքերը։ Դա ի՞նչ չափով է արտացոլում դիտորդական առաքելությունների տված գնահատականների օբյեկտիվությունը, և որքանո՞վ է հավանական նման սցենարի կրկնությունը։

-Կրկնեմ, որ դիտորդական առաքելությունները չեն միջամտում ներքաղաքական գործընթացներին. նրանք արձանագրում են փաստերը։ Իսկ մարտի 1-ի կրկնություն, կարծում եմ, չի լինի։ Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, կարևոր են, բայց քաղաքական ուժերի միջև առճակատումն ու լարվածությունը այդ աստիճան չէ։ Երկրորդը, ժողովուրդն արդեն ունի քաղաքական փորձ։ Իմ կարծիքով՝ նման սցենարի կրկնությունն անհնարին է։

Հարցազրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը