Լրահոս

09.05.2012 09:56


Արթուր Բաղդասարյանի հայտարությունը

Արթուր Բաղդասարյանի հայտարությունը

«Օրինաց երկիր» կուսակցության անունից շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին և նրանց օգտին քվեարկած մեր հայրենակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև զանգվածային լրատվական միջոցներին ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար, ինչը 2012թ. համապետական ընտրությունների կարևորագույն ձեռքբերումներից է: Ընտրությունները Հայաստանում առաջին անգամ անցել են առանց լցոնումների և ծեծկռտուքների, ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ և կուսակցությունների վերահսկողության ներքո:

Ընտրությունների վրա, սակայն, իր վճռորոշ կնիքը թողեց ընտրակաշառքների բաժանումը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ ընտրական ողջ ժամանակաշրջանում, չնայած որ գումարները մարդիկ վերցրել են կամովին և քվեարկել են նույնպես կամովին ընտրություն կատարելով ոչ թե գաղափարների կամ մրցունակ ծրագրերի, այլ փողի օգին: Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը, ինչը մեզ հիմք է տալիս ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կուսակցության ներսում և խստացնելու կուսակցության անդամագրման կարգը:

Որպես ՕԵԿ նախագահ` իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության այն անդամներին և համակիրներին, ովքեր քվեարկել են մեր օգտին, շնորհիվ որոնց «Օրինաց երկիրը» հնարավորություն ստացավ չորրորդ անգամ անընդմեջ ունենալ իր պատգամավորական խմբակցությունը Ազգային ժողովում, չնայած որ շատ չարակամներ արեցին ամեն ինչ կասեցնելու համար ՕԵԿ-ի մուտքը խորհրդարան` օգտագործելով թե սև քարոզչություն, թե հակաքարոզչություն և թե ստվերային բոլոր տեսակի այլ անընդունելի գործողություններ:

 Ցավում եմ, որ մեր քվեների քանակն այնքան մեծ չէ, որ մեզ հնարավորություն կտա կյանքի կոչել մեր նախընտրական բոլոր ծրագրերը, բայց հաստատապես կօգնի մեզ առաջ տանելու գոնե մեր կիսատ մնացած գործերը: Կարևորելով միջազգային հանրության հնչեցրած գնահատականները` բոլորին շնորհավորում եմ մեր երկրի համար այս կարևոր շրջափուլը արդյունավետ հաղթահարելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություն ողջ հայ ժողովրդին»:

Այս խորագրի վերջին նյութերը