03.05.2012 11:13


Օսկանյան. «Աշխարհի երկու ամենախոշոր անկում արձանագրած տնտեսությունները ղեկավարել են ԿԲ նախկին նախագահները»

Օսկանյան. «Աշխարհի երկու ամենախոշոր անկում արձանագրած տնտեսությունները ղեկավարել են ԿԲ նախկին նախագահները»

Վարդան Օսկանյանի՝ կառավարության տնտեսական քաղաքականությանն ու վարչապետի վարած կուրսին ուղղված հրապարակային քննադատությանը ՀՀԿ–ից, որպես կանոն, «բայց դու 10 տարի նախարար ես եղել» տիպի պարզունակ պատասխան են տալիս կամ էլ անձնական վիրավորանքներ հասցնում, ինչը վկայում է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովներն ասելիք չունեն և ուզում են բանավեճն իջեցնել իրենց մակարդակին։

Հավանաբար որոշելով փոխել մարտավարությունը՝ ՀՀԿ–ից Օսկանյանին օրերս պատասխանեցին «ուսյալ–կրթյալի» շուրթերով ու փորձեցին մասնագիտորեն հակադարձել նախկին արտգործնախարարի քննադատությանը, բայց ստացվեց ավելի վատ, քան սազանդարների պարագայում էր։ Հերթական անգամ պարզ դարձավ ՀՀԿ–ի տնտեսական թիմի մասնագիտական անկարողությունն ու կյանքից կտրված լինելը։

Ֆեյսբուքյան իր էջում Օսկանյանն, անդրադառնալով ՀՀԿ–ից հնչեցված պատասխանին, գրել է հետևյալը. «Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականության իմ քննադատություններին, երեկ հայտարարել է, թե «Վարդան Օսկանյանի գնահատականներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»:
Նշեմ մի քանի փաստ և սահմանափակվեմ այդքանով.
1.Կառավարությունը 2009 թվականի համար ծրագրում էր 9 տոկոս տնտեսական աճ և ստացավ ավելի քան 14 տոկոս անկում: Այսինքն՝ 23-տոկոսանոց շեղում կանխատեսումից:
2.Վերջին չորս տարիներին արտաքին պարտքը գրեթե եռապատկվել է:
3.Վերջին չորս տարիներին աղքատների թիվն ավելացել է 500 հազարով:
4.Արտագաղթը հասել է վտանգավոր չափերի:
5.Չնայած խոստումներին՝ որևէ մասշտաբային ծրագիր վերջին չորս տարիներին չի իրականացվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, Իրան-Հայաստան նավթատար, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղի, Մեղրիի հէկ, Հյուսիս-Հարավ ճանապարհ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, Գյումրիի տեխնոպարկ, Համահայկական բանկ և այլն, և այլն:
6.Չնայած խոստումներին՝ ստվերի էական կրճատում տեղի չի ունեցել և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը տարածաշրջանում ամենացածրն է:
7.Ազգային պահուստային միջոցներից 700 միլիոն դոլարի փոշիացմամբ հանդերձ՝ դրամը մեկ օրում կտրուկ արժեզրկվեց, արդյունքում՝ էականորեն բարձրացավ տնտեսության դոլարիզացիայի մակարդակը, էապես կրճատվեց տնտեսության վարկավորումը:
Իմ այն մեղադրանքին, որ Կենտրոնական բանկի նախկին պաշտոնյաները կառավարություններում շարունակում են գործել նախկին՝ բանկիրի հոգեբանությամբ, ֆինանսների նախարարը հակադարձել է և օրինակ բերել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, որը մինչ այդ զբաղեցրել է այդ երկրի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Հետաքրքիր զուգադիպությամբ, թե օրինաչափությամբ Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որ Հայաստանից մեծ տնտեսական անկում է ունեցել: Փաստորեն, աշխարհի երկու ամենախոշոր անկում արձանագրած տնտեսությունները ղեկավարել են ԿԲ նախկին նախագահները»:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը