Լրահոս

19.04.2012 15:43


«Ժառանգության» պահվածքում կա՞ տրամաբանություն

«Ժառանգության» պահվածքում կա՞ տրամաբանություն

Այսօր Երվանդ Բոզոյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության վերջին շրջանի հակասական գործունեությունը։ Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը «Ժառանգության» քայլերի մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ է, Երվանդ Բոզոյանը պատասխանել է.

–Այդ տրամաբանությունը մի քիչ դժվար է տեսնել։ Ընդհանրապես նորմալ է, երբ տարբեր քաղաքական ուժեր տարբեր տեսակետներ ունեն և իրար հետ համագործակցում են. օրինակ՝ եթե Դաշնակցությունը և ՀԱԿ–ը համագործակցեն ինչ–որ հարցի շուրջ, ես դա տրամաբանական կհամարեմ։ Ավելին՝ դեմոկրատիայի հիմքը տարբեր քաղաքական հոսանքների համագործակցությունն է։ Բայց երբ միևնույն քաղաքական ուժի մեջ են տարբեր հոսանքներ առաջ գալիս, ինձ համար անհասկանալի է։

Փորձագետի կարծիքով «Ժառանգությունը» պետք է հետևություններ անի և բացառի այն վտանգավոր միտումները, որոնք առկա են։ Ե. Բոզոյանը նաև նշել է, որ թեև «Ժառանգությունը» շատ ակտիվ գործունեություն է վարել ԱԺ–ում այս 5 տարիների ընթացքում, դա ոչ մի նշանակություն չի ունենա, եթե այդ քաղաքական ուժը չկարողանա կանխատեսելի քայլեր անել։

Լրագրողների հարցին՝ արդյոք ընտրողների պասիվությունը և քարոզարշավի ոչ այնքան ակտիվ լինելը պայմանավորված չե՞ն քաղաքական ուժերի միջև առկա ստվերային պայմանավորվածություններով, Երվանդ Բոզոյանը պատասխանել է.

–Ասել, որ ամեն ինչ պայմանավորված է, ամեն ինչ արդեն որոշված է (ով ինչքան տեղ պետք է ունենա), ճիշտ չէ, բայց, ցավոք սրտի, այդ միտումը մեր հասարակության մեջ առկա է։ Քարոզարշավը բավական «հոգնած» բնույթ է կրում, ընդգծված քաղաքական պարադիգմաներ չկան, տեսլականներ չեն երևում, և քանի որ հասարակությունը չի տեսնում այդ ընդգծված քաղաքական ուղենիշները, մարդկանց մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում։

Խոսելով քարոզարշավի ոչ այքան աշխույժ լինելու մասին՝ Երվանդ Բոզոյանն ասել է.

–Հայաստանին պետք են նոր քաղաքական դեմքեր, նոր տեսլականներ, նոր իդեաներ։ Հասարակության մեջ, պետության մեջ պետք է պահանջարկ լինի, և այդ պահանջարկը բերի նոր քաղաքական դեմքերի, նոր քաղաքական ուժերի։ Այսօր Հայաստանն այնքան է հասունացել այդ նոր քաղաքական ուժերի համար, որ ես համոզված եմ՝ եթե այդ պահանջարկի առաջարկը չեղավ, մեր երկիրը շատ լուրջ և վտանգավոր վիճակի մեջ կարող է հայտնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը