Քաղաքական

18.04.2012 13:50


Գոհար Վեզիրյան. «Ժառանգությունն» ՕԵԿ–ի ճանապարհով է գնում»

Գոհար Վեզիրյան. «Ժառանգությունն» ՕԵԿ–ի ճանապարհով է գնում»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի է ունեցել բանավեճ թիվ 12 մեծամասնական ընտրատարածքում պատգամավորի թեկնածուներ անկուսակցական Գոհար Վեզիրյանի և «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի միջև։ Գոհար Վեզիրյանը հայտարարել է, որ որպես ընդդիմադիր թեկնածու՝ չի կարծում, թե «Ժառանգության» ներկայացուցչի դեմ առաջադրվելը կբերի ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացման, քանի որ «Ժառանգությունը» ընդդիմադիր ուժ չէ.

Ես չեմ համարում, որ «Ժառանգությունն» ընդդիմադիր քաղաքական ուժ է։ Մի քաղաքական ուժ, որը հայտարարում է, թե կոալիցիայի հետ գնալու է համագործակցության, որը թաքուն հավաքվում է և որոշում, որ քարոզարշավների ընթացքում չեն «քլնգելու» իշխող Հանրապետական կուսակցությանը, ինձ կներեք, ես այդ քաղաքական ուժը չեմ կարող համարել ընդդիմություն։ Ձայների փոշիացման խնդիր չկա նշածս հանգամանքի պատճառով։ «Ժառանգությունն» արդեն շանս չունի, որովհետև ՕԵԿ–ի ճանապարհով է գնում։

–Գոհարն ուզում է, որ ես շատ վիրավորվեմ, դուրս գամ իմ ափերից։ Սա ծանր մեղադրանք է,–արձագանքել է Անահիտ Բախշյանը։

Վերջինս ասել է, որ «Ժառանգությունը» գաղտնի հանդիպումներ չի ունեցել հանրապետականների հետ, ինչին Գոհար Վեզիրյանը պատասխանել է.

–Ես այդպիսի բան չասացի։ Ես ասացի, որ դուք, «Ազատ դեմոկրատներից» գաղտնի, հավաք եք անցկացրել և որոշել եք, որ քարոզարշավի ընթացքում չեք կպնելու Հանրապետական կուսակցությանը։

Դրան Ա. Բախշյանը պատասխանել է.

–Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է Սյունիքում, այսօր էլ է Սյունիքում։

–Միասին հանրահավաքներ է կազմակերպել ՀՀԿ–ի հետ,–հակադարձել է Գոհար Վեզիրյանը։

Անահիտ Բախշյանն էլ կրկնել է, թե Հանրապետականի հետ գաղտնի կամ ոչ գաղտնի որևէ հանդիպում չի եղել և չի կարող լինել։

Գոհար Վեզիրյանն ասել է, որ «Ժառանգության» այսօրվա պահվածքը նման է Արթուր Բաղդասարյանի 2008թ. նախագահական ընտրություններում դրսևորած պահվածքին.

–Արթուր Բաղդասարյանը 2008–ին մտավ ընտրապայքար՝ որպես ընդդիմադիր թեկնածու, բավական լուրջ ձայներ հավաքեց, և վերջում այնպես ստացվեց, որ նա կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն իր երազած նախագահի թեկնածուն է։ Հիմա նույն ճանապարհով, ըստ էության, գնում է «Ժառանգությունը»։

Գոհար Վեզիրյանի խոսքերով՝ «Ժառանգությունը» չի դրսևորում ընդդիմադիր պահվածք, ինչը երևում է կուսակցության վարած քարոզչությունից.

–Շատ հեշտ է ասել՝ մենք ունենք մեր նախագահի թեկնածուն, մենք Սերժ Սարգսյանին չենք սատարելու, այլ բան է ռադիկալ քարոզչություն տանելը, ընտրազանգվածի հետ աշխատելը, բացատրել, որ ես ընդդիմություն եմ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը վնաս է այս երկրին, ես՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ամեն ինչ անելու եմ, որ քչացնեմ այդ վտանգը։ Չի ասվում դա. արվում է շատ լոյալ մի քարոզարշավ, վերջում՝ իներցիոն ալիքով, «Ժառանգությունը» կստանա «իքս» ձայներ, կհայտնվի Ազգային ժողովում, կոալիցիա կկազմի գործող իշխանության հետ՝ հասարակությանը հերթական անգամ միայնակ թողնելով իր խնդիրների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը