Լրահոս

14.04.2012 00:55


Հայտարարություն Սամվել Տոնոյանի՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ նշանակվելու վերաբերյալ

Հայտարարություն   Սամվել Տոնոյանի՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ նշանակվելու վերաբերյալ

 2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սամվել Տոնոյանը:

Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված 6 քաղաքացիներից՝ Վահան Խալաֆյան,  Դավիթ Գյուլումյան, Նորայր Չիլյան, Արայիկ Առաքելյան, Արթուր Իսպիրյան, Շիրազ Մարկոսյան, Վահան Խալաֆյանը նույն օրը մահացել է Ոստիկանության բաժնում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վ. Խալաֆյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում, այնուհետև հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել  է ոստիկանության բաժնում  բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի մի խումբ աշխատակիցների նկատմամբ, որոնցից բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Օպերլիազորներ Գարիկ Դավթյանի, Գագիկ Ղազարյանի և Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվեց համաներում և նրանք ազատվեցին պատժի կրումից:

Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ թե’ նախաքննության և թե’ դատաքննության փուլում  ԶԼՄ-ներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ, մեկնաբանություններ այն ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի հնարավոր դերակատարման մասին:

Չնայած նախաքննության և դատաքննության ընթացքում Ս. Տոնոյանը ներգրավվեց միայն որպես վկա, սակայն նրա տված ցուցմունքները և պարզաբանումները որևէ վստահություն չներշնչեցին Վահան Խալաֆյանի մահվան գործում առնչություն չունենալու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանապետի կողմից Սամվել Տոնոյանի նշանակումը Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում առաջացնում է առնվազն տարակուսանք: Ոստիկանապետը բաժնի պետի պաշտոնում նշանակում է մի անձի, որի ենթակայությամբ աշխատած ոստիկանները մեղադրվել են քաղաքացիների նկատմամբ բռնություններ և խոշտանգումներ կիրառելու հիմքով, որոնցից մեկը մահացել է:

Գտնում ենք, որ նման կադրային նշանակումը առաջացնում է Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից մարդու իրավունքների խախտման վտանգներ, որի ողջ պատասխանատվությունը կրում է ոչ միայն անձամբ Ս. Տոնոյանը, այլև ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը