Լրահոս

13.04.2012 16:21


Վահագն Խաչատրյան. «Հանրապետականն ասելիք չունի»

Վահագն Խաչատրյան. «Հանրապետականն ասելիք չունի»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ բանավեճ էր կազմակերպել թիվ 8 մեծամասնական ընտրատեղամասում առաջադրված թեկնածուների միջև։ Սակայն 4 թեկնածուներից բանավեճին ներկա էին միայն երկուսը՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը։ ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանը և անկուսակցական Գագիկ Պետրոսյանը չէին եկել։ Մեկնաբանելով հանրապետական թեկնածուի պահվածքը և առհասարակ Հանրապետական կուսակցության՝ բանավեճերին մասնակցելուց հրաժարվելը՝ Վահագն Խաչատրյանն ասել է.

–Ես գտնում եմ, որ իրենք ասելիք չունեն։

Բանախոսը լրագրողներին ներկայացրել է թղթապանակ՝ ասելով, որ այնտեղ Հանրապետականի բոլոր խոստումներն են, որոնք չեն կատարվել։ Պարզաբանելով իր խոսքը՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասել է.

–Այս հարցում իրենք որևէ բացատրություն չեն կարող տալ, նույնիսկ Սերժ Սարգսյանին սխալ տեղեկություններ են տալիս և շատ անհարմար վիճակի մեջ դնում։ ՀՀԿ համագումարում նա հայտարարեց, որ բյուջեն ավելացել է, հարկերը ավելացել են, հետո ես մտնում եմ Պետեկամուտների կոմիտեի կայք և տեսնում, որ 2011թ. հարկեր/ՀՆԱ համամասնությունը (Բագրատյանն էլ ասաց) ոչ թե 20 տոկոս է, այլ 17. այնտեղ գրված է 16,8 տոկոս, Սերժ Սարգսյանն ասում է 20։ Իրենք պատասխան պետք է տան այն մարդկանց առջև, ում 2007–2008–ին խոստումներ են տվել։

Վահագն Խաչատրյանն անդրադարձել է նաև  Սերժ Սարգսյանի՝ հանրահավաքների ժամանակ հնչեցրած կոչերին՝ չհավատալ խոստումներ տվողներին.

–Եթե ուշադրություն եք դարձրել, իրենք հիմա խոստումներ չեն տալիս. իրենց պաշտոնական ելույթներում այլևս թվեր չկան, և նույնիսկ Սերժ Սարգսյանն Էրեբունի համայնքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե մի՛ հավատացեք այն մարդկանց, ովքեր ձեզ խոստումներ են տալիս։ Դաշնակցությունը չասի՞, որ ցանկանում է միջին աշխատավարձը բարձրացնի, նպաստները բարձրացնի և այլն. երբ դրա պոտենցյալ հնարավորությունը կա, պետք է ասի։ Կոնգրեսն էլ պետք է ասի, որ կենսաթոշակները պետք է բարձրացվեն, աշխատավարձը բարձրացվի, բայց ոչ այն աստիճան, որ խանգարի տնտեսական զարգացմանը։

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ Հանրապետական կուսակցությունն այսօր միայնակ է մնացել. կոալիցիոն իրենց գործընկերը պատասխանատվություն չի ուզում կրել այն ձախողումների համար, որոնք առկա են, և որոնց համար պատասխան պետք է տա Հանրապետականը։ Վ. Խաչատրյանի կարծիքով այս բանի մեղավորը նույնպես Հանրապետական կուսակցությունն է.

–Ես կարծում եմ, որ սա նաև իրենց կողմից է գալիս. Հանրապետականը միշտ հաջողությունները վերագրել է իրեն և միշտ փորձել է միայնակ հանդես գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը