Լրահոս

12.04.2012 15:31


Աշոտյանը Բրյոսովում խախտումներ է հայտնաբերել, Զոլյանը դրանք անհիմն է համարում

Աշոտյանը Բրյոսովում խախտումներ է հայտնաբերել, Զոլյանը դրանք անհիմն է համարում

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մի շարք խախտումներ են հայտաբերվել։

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.

1. խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին:

Ներքին իրավական ակտերը, մասնավորապես «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձնման և կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ՝ ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձև, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում և իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում, կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո և երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում և սահմանափակում է: 

2. խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ՝ կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձևակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն՝ առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի: 

3. խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ՝ Անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ»,–ասված է նախարարության հաղորդագրությունում:

«7օր»–ի հետ զրույցում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն այս հաղորդագրությունն անհիմն է համարել։

Իրենք նախկին հայտարարության համեմատ ոչ մի նոր բան չեն փոխել։ Բայց մենք լրացուցիչ հայտարարություն կանենք,–ասել է Ս. Զոլյանը։

Նշենք, որ արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձում է «իրավական առումով սեփական ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով», և ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊԼՀ-ի կայքերում զետեղված ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանը՝ մի խումբ իրավաբաններ հանձն են առել իրականացնել հրամանի փորձաքննությունը:

Եզրակացության մեջ ասվում է, որ դեռևս ստուգման գործընթացի նախնական փուլում կատեգորիկ հայտարարություններ անելը ոչ միայն կարող է որակվել որպես հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտում, այլև կարող է որակվել որպես քրեական հանցագործություն,  քանի որ բավարար հիմքերի  բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը