Լրահոս

11.04.2012 17:46


ԱՍԱԼԱ.. Ահաբեկչությու՞ն, թե՞ ազատագրական պայքար…

ԱՍԱԼԱ.. Ահաբեկչությու՞ն, թե՞ ազատագրական պայքար…

Քանի որ այս տարի ուշացավ այն մեկը, ով «պատվերով համերգին» մասնակցելու բուռն ցանկությամբ արտաբերելու էր. «Ես դատապարտում եմ ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական գործողություննները…», մենք շտապենք եւ նախ կրկնենք. «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչություն չէ, այլ ազատագրական պայքար», բայց եւ թույլ տանք մեզ շարունակելու թեման:

ԱՍԱԼԱ-ն ոչ միայն ահաբեկչություն չէ, ավելին` հակաահաբեկչություն է:

Դա արժանի հակահարվածն է Հայոց հայրենիքի եւ հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական պետական ահաբեկչության ավելի քան 100 - ամյա հանցագործության:

Արեւմտյան Հայաստանը (ներառյալ Կիլիկիան) եւ Արեւմտյան Հայաստանի հայությունը շուրջ 100 տարի առաջ թիրախ դարձան սկզբում պանթուրքիզմի տեսաբանների ու հիմնադիրների, ապա թուրքական իրարհաջորդ կառավարությունների հանցագործությունների համար, որոնք Արեւմտյան Հայաստանի հայությանը նախ զրկեցին ապրելու ու կենսագործելու տարրական պայմաններից, ապա կազմակերպեցին ոչնչացնելու ու բռնագաղթի ենթարկելու մարդատյաց ու հանցագործ գործողությունը, իսկ այսօր` ցեղասպանության ժխտողականությամբ, արգելափակում են Արեւմտյան Հայաստանի հայության ապագա ունենալու եւ զարգանալու իրավունքը:

Պանթուրքիզմի տեսությունը սկզնավորվեց ու ձեւավորվեց 1870-ական թթ. սկզբին, որի առաջին գաղափարախոսներից մեկը` Արմինիուս Վամպերին, 1873-1874 թվականներին Լոնդոնում հրատարակեց «Բուխարա» եւ «Կենտրոնական Ասիա» գրքերը, «որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը»: Այնուհետեւ, ըստ ժամանակագրության, հետեւյալ անուններն են եւ իրենց հրատարակած գրքերը. Ֆրանց ֆոն Վերներ (1877), Կոնստանդին Բոռժեցկի (1889), Լեոն Կահուն (1896), Ալբերտ Կոհեն (1915), Խալիդե էդիպ (1916), Զիա Գյոքալփ (1923) եւ այլք… (1)

Նկատելի է, որ ընդամենը 20 տարի անց Սուլթան Աբդուլ Համիդ 2-ը, որդեգրելով պանթուրքիզմի ծրագրային դրույթները, 1894-96 թթ. սկիզբնավորում է Օսմանյան Թուրքիայի հայ քաղաքացիներին կոտորելու, էթնիկ զտումների, բռնագաղթի եւ ցեղասպանության ենթարկելու պետական ահաբեկչության հանցագործ ձեռագիրը: Երիտթուրքերը իշխանության գալուց անմիջապես հետո 1909 թ., ապա` 1915-17 թթ. շարունակում են պանթուրքիզմի ծրագրի իրականացումը, ինչը հանգեցնում է Արեւմտյան Հայաստանի հայության համապարփակ ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1918-23 թթ. այդ ձեռագիրն արդեն քեմալականների զինանոցում է: Այսպիսով, թուրքական իրարհաջորդ երեք կառավարություններ, շուրջ 30 տարում` 1894-1923 թթ. ընթացքում, ոչնացրին ավելի քան 1.5 միլիոն եւ բռնագաղթի ենթարկեցին 1 միլիոն հայերի, բռնազավթեցին Հայոց բնօրրան հայրենիքի մեծմասը:

Այլատյացության ու ռասիզմի այսպիսի ծավալների հանցագործություն դեռ մարդկությունը չէր տեսել: Այդ միայն հետո, 20 տարի անց նա պիտի ականատեսը, մասնակիցն ու զոհը դառնար տեխնիակական ու ծրագրային մի նոր մակարդակի բարձրացված հանցագործության` ֆաշիզմի այլատյացության ու ռասիզմի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Այսքանից հետո, այդ ո՞վ է խոսում ահաբեկչությունից:

Գիտենք, որ բարոյականությունից չարժէ խոսել նրանց հետ, ովքեր դրա մասին ոչ պատկերացում ունեն, ոչ էլ անհատական զգացողություն:

Բայց իրավունքից կարող ենք խոսել` նշելով, որ հայությունը, ինչպես ցանացած ազգ, իրավունք ունի ապագայի ու զարգացման, իսկ դրա համար, օրինական ճանապարհով, նրան պետք է վերադարձվի հայրենիքը եւ իրականացվի վնասի հատուցում: Մինչդեռ թուրքական հերթական կառավարությունները նոր ժամանակներում եւս շարունակում են հների սկսած գործը, անհետացնում են հայերի հետքերը, ոչնչացնում հուշարձանները, փոխում տեղանունները, կեղծում պատմությունը, սատարում Միջին Արեւելյան ռեժիմներին ու ուժերին, որոնց ձեռքերով փորձում են հայությանը ենթարկել կրկնակի բռնագաղթի, դեպի ավելի հեռուն, դեպի Եվրոպա ու Ամերիկա, ավելի ու ավելի հեռու Բնօրրան հայրենիքից... Միջին Արեւելքում ժողովրդավարություն տարածողների կցորդի դերում սպառնում Սիրիայի հայությանը (2): Ու երբ իրենց հանցագործություններին արժանի հակահարված են ստանում, սարսափում ու սկսում են ճամարտակել «հայակական ահաբեկչությունից»...

Նորից կգա գարունը, նորից մարդն ու բնությունը կարթնանան, իսկ թուրքական պետական եւ ոչ պետական լրատվամիջոցներն ու հեռուստատեսությունը նորից ողողված կլինեն ԱՍԱԼԱ-ի ու «հայկակական ահաբեկչության» մասին լուտանքներով ու կեղծիքներով:

Բայց ԱՍԱԼԱ-ն, ինչպես Պարույր Սեւակը կասեր, հայության համար դարձավ «եւ շանթ, եւ շանթարգել» (3), եղավ դիմակայություն ու զսպաշապիկ` այս էլ արդեն մեկ դարից ավելի իրականացվող թուրքական պետական ահաբեկչության դեմ:

ԱՍԱԼԱ-ի պաշտոնական հաղորդագրությունները սովորաբար ավարտվում են հետեւյալ նախադասությամբ. «Հաղթանակը մերն է լինելու»: Մենք հավատում ենք, որ հաղթանակը` որպես աստվածային ու մարդկային իրավունքի եւ արդարության վերահաստատման ու հաստատման առհավատչյա, ԱՍԱԼԱ-ինն ու մեր ժողովրդինն է լինելու:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Ծանոթագրություն

1. Տես, Գասպար Տերտերյան, «Սիոնիզմի եւ պանթուրքիզմի առնչությունները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության», «Բիսան» հրտ., Բեյրութ, 2002:

2. Տես, Ահմեդ Դավուդօղլու. «Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արեւմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու», PanARMENIAN.Net, 02.05.2009 20:43 GMT+04:00:

3. Տես, Պարույր Սեւակ, «Ապրել», ԵԺ, Հ. 1, «Հայաստան» հրտ., Երեւան., 1972, էջ 365-366:

Այս խորագրի վերջին նյութերը